կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-23 11:57
Արցախ

Ինչո՞ւ է հրաժարական տվել Արցախի ՄԻՊ-ը․ Արտակ Բեգլարյանը մանրամասներ է ներկայացնում

Ինչո՞ւ է հրաժարական տվել Արցախի ՄԻՊ-ը․ Արտակ Բեգլարյանը մանրամասներ է ներկայացնում

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հրաժարական է ներկայացրել՝ գործադիր իշխանությունում աշխատելու համար՝ ըստ Yerkir.am-ի այս մասին նա հայտարարեց մամուլի ասուլիսում։

Բեգլարյանը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանից առաջարկ է ստացել աշխատելու գործադիր իշխանությունում, բայց թե ինչ աշխատանք է կատարելու, չնշեց՝ պատճառաբանելով, որ կոռեկտ չէ մինչև նախագահի հրապարակումը ասել այդ մասին։

Միայն նշեց, որ կարճաժամկետ ճգնաժամային կառավարման հարցերով է զբաղվելու, քանի որ կառավարման համակարգը պետք է վերադարձնել իր հուն, արագ քայլերով հաղթահարել հաղթահարելի խնդիրները, որից հետո միջնաժամկետ և երկարաժամկետ բարեփախումներ կմշակեն և իրականացնեն՝ Արցախի նախագահի գլխավորությամբ։

«Գլխավոր ուշադրությունը պետք է կենտրոնացնենք պետական համակարգը անվտանգային միջավայրի ռիսկերի նվազեցմանը առավելագույնս հարմարեցնելուն, ռուս խաղաղապահերի դերն էլ մեծ է, բայց Արցախի ԱԱԾ-ն, Ոստիկանությունը կամ հնարավոր այլ պատասխանատուներ պետք է հնարավոր բոլոր քայլերն անեն, որ արագորեն անվտանգային ռիսկերը նվազեցվեն, որից հետո քաղաքացիներն իրենց ապահով կզգան»,-ասաց Բեգլարյանը։

Հրաժարականի մասին երկար է մտածել, դժվար որոշում է եղել՝ արդյոք այս շրջանում պետք է թողնի՞ ՄԻՊ պաշտոնը, թե՞ չէ։

«Կարծում եմ, որ առաջարկված աշխատանքը իմ կարողություններին համապատասխան է։ Իմ կարծիքով, գործադիր իշխանությունում և տվյալ պաշտոնում ես ավելի օգտակար կարող եմ լինել առկա ճգնաժամի հաղթահարման գործում, քան ՄԻՊ կարգավիճակում, դրա համար որոշում եմ կայացրել ընդունել առաջարկը։ Թեև լքում եմ մարդու իրավունքների պաշտպանի դիրքը, բայց մարդու իրավունքների պաշտպանության դիրքերը չեմ լքում», - ասաց Արտակ Բեգլարյանը։

Արցախում առկա շատ խնդիրներ, նրա կարծիքով, պայմանավորված են նաև կառավարման բացերով ու սխալներով։

Փաստահավաք գործունեությունը Արտակ Բեգլարյանը համարում է ավարտին մոտեցող, թեև այլ ուղղություններով աշխատանքի կարիք դեռ կա։