կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-07 10:59
Քաղաքական

Լիտվան օժանդակում է ՀՀ-ում արհեստավարժ սերժանտական համակարգի կայացմանը

Լիտվան օժանդակում է ՀՀ-ում արհեստավարժ սերժանտական համակարգի կայացմանը

Փետրվարի 4-ից 6-ը աշխատանքային այցով Լիտվայում էր ՀՀ ԶՈւ ԳՇ մարտական պատրաստության վարչության պետ-ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանի գլխավորած պատվիրակությունը: 

Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Այցի շրջանակներում ՀՀ ՊՆ պատվիրակությունը հանդիպել է Լիտվայի պաշտպանության շտաբի պետ, գեներալ-մայոր Վիտալիուս Վայսկնոռասի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-լիտվական համագործակցությանն առնչվող հարցեր: Գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը բարձր է գնահատել պաշտպանության ոլորտում Հայաստանի և Լիտվայի համագործակցությունը, մասնավորապես` Լիտվայի օժանդակությունը Հայաստանում արհեստավարժ սերժանտական համակարգի կայացման գործընթացում:

Հայկական պատվիրակությունը հանդիպել է նաև Լիտվայի զինված ուժերի վարժանքների և դոկտրինի հրամանատարություն ղեկավար, բրիգադի գեներալ Գինտաուտաս Զենկեվիչիուսի հետ: Հայկական կողմին ներկայացվել են բրիֆինգներ Լիտվայի զինված ուժերի կառուցվածքի, վարժանքների կազմակերպման և զարգացման տեսլականի վերաբերյալ:

Փետրվարի 5-ին գեներալ-մայոր Ա.Մակարյանի գլխավորած պատվիրակությունը այցելել է Կաունասում տեղակայված Լիտվայի ԶՈւ սերժանտական դպրոց: Ուսումնական հաստատության պետ, գնդապետ Էգիդիուս Կարվելիսը ներկայացրել է Լիտվայի զինված ուժերում սերժանտական կազմի դերն ու նշանակության, դպրոցի կառուցվածքը, ուսումնական գործընթացը, դասավանդվող առարկաները, ուսումնական և մեթոդական ծրագրերը, դասախոսական կազմի վերապատրաստման գործընթացը: Հայկական պատվիրակությունը ծանոթացել է նաև Լիտվայի ԶՈւ սերժանտական դպրոցի ուսումնանյութական բազային և կենցաղային պայմաններին:

Լիտվայի ԶՈւ ղեկավարության հետ ամփոփիչ քննարկումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների համապատասխան ստորաբաժանումների համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով: