Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՍԴ-ի որոշման պես որոշումներն են, որ գալիս են ամրապնդելու երկրում իրավակարգն ու ժողովրդավարությունը, ամրապնդում են իրավական պետության հիմքերը, որ ցույց են տալիս, թե երկրում պետական կառավարման համակարգում զսպումների ու հակակշիռների մեխանիզմներն ինչպիսին են. որպես իրավաբան եւ որպես ՀՀ քաղաքացի` ՍԴ որոշման նկատմամբ իր դիրքորոշումը լրագրողներին ներկայացրեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
Նա նշեց, որ ՍԴ որոշումը փորձաքար է, թե որքանով այդ զսպումների ու հակակշիռների համակարգն արդյունավետ կգործի երկրում: Այնուհետեւ Հրայր Թովմասյանը համոզմունք հայտնեց, թե ՍԴ այս որոշումը կարող է օրինակ ծառայել ոչ միայն հետագայում նմանատիպ որոշումների կայացման հարցում, այլեւ մասնագիտացված սահմանադրական վերահսկողության համակարգ ունեցող երկրների համար ուսումնական դասագրքերում իր տեղը կգտնի եւ ուսումնասիրության առարկա կդառնա:
«Այս գործընթացն ամբողջությամբ ցույց տվեց, որ ամբողջ քաղաքական համակարգն ու մեր քաղաքացիական հասարակությունը գտնվում է որակական նոր փուլում. Քաղաքական ընդդիմությունը ցույց տվեց քաղաքական հասունության որոշակի բարձր աստիճան, որը պայքարի հետեւողականության դրսեւորումն էր: Մեր քաղաքացիական հասարակությունը նույնպես ցույց տվեց նման կեցվածք ու դիրքորոշում` պայքարի սահմանադրորեն իրեն ընձեռնված հնարավորություններով: Սա որակական նոր փուլ է, ինչի համար պետք է ուրախ լինենք»,- հայտարարեց Հրայր Թովմասյանը:
Նախարարը նշեց, որ նման դեպքերում, եթե նման որոշումները նպաստում են մեր իրավական համակարգի կայացմանն ու զարգացմանը, հաղթողներ ու պարտվողներ չկան:
Անդրադառնալով հարցին' արդյո՞ք այն ամբողջը, ինչ ՍԴ-ն ճանաչեց հակասահմանադրական, տեսանելի չէր կառավարությանը եւ ԱԺ-ին, կամ ինչո՞ւ նախապես այդ ամբողջը չէր արվում, Հրայր Թովմասյանը նշեց, թե կառավարաությունում ու ԱԺ-ում կան, իհարկե, իրավաբաններ, բայց, այնուամենայնիվ, ՍԴ-ի` որպես մասնագիտացված սահմանադրական վերահսկողություն իրականացնող մարմնի, պոտենցիալը մի քանի անգամ ավելի մեծ է: Եվ այնպես էլ չէ, ինչպես նշեց նախարարը, որ Հայաստանի Հանրապետությունում ընդունվող օրենքները երբեւիցե չեն կարող հակասահմանադրական ճանաչվել, քանի որ այդ դեպքում անիմաստ կդառնա ՍԴ-ի գործունեությունը: