կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-05 23:32
Քաղաքական

Թուրքական դրոշները պղծում են երկու հայկական դպրոցները Լոս Անջելեսում

Թուրքական դրոշները պղծում են երկու հայկական դպրոցները Լոս Անջելեսում

Անցյալ շաբաթ կեսգիշերին, ոտքից գլուխ սևազգեստ մի անհայտ անձ, տասնյակ թուրքական դրոշներ է կախել Լոս Անջելեսի տարածքում գտնվող երկու հայկական դպրոցների դարպասների վրա։

Լուրը կրակի արագությամբ տարածվեց հայկական համայնքում, քանի որ այն աննախադեպ իրադարձություն էր։ Հաշվի առնելով 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո հայերի և թուրքերի միջև առկա վաղեմի թշնամանքը, բնական էր, որ հայերի և պետական պաշտոնյաների մեծ մասը դրոշի միջադեպը վերագրեցին մեկ կամ մի քանի թուրք անձանց, այն անվանելով ատելության հողի վրա իրականացված հանցագործություն ...

Սրբոց Նահատակաց Ֆերահյան երկրորդական վարժարանի (Էնսինո) և ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան վարժարանի (Canoga Park) տնօրենները հաղորդել են, որ դպրոցների սահմանագծով տեղադրված տեսախցիկները գրանցել են սև հագուստով մի անձնավորության, որը թուրքական դրոշներ է կախել երկու դպրոցների դարպասներին, իսկ Ֆերահյան դպրոցի դեպքում՝ նաև դպրոցի ներսում սանդուղքների բազրիքների վրա։

Հայկական համայնքը շատ արագ արձագանքեց միջադեպին։ Անհապաղ կազմակերպվեց մամուլի ասուլիս՝ Հայոց ցեղասպանության հանձնախմբի կողմից, որին մասնակցեցին տասնյակ հայկական և ոչ հայկական լրատվամիջոցներ, ներառյալ մի քանի հեռուստաընկերություններ, որոնք դրոշի միջադեպը լուսաբանեցին իրենց երեկոյան լուրերում։ Նրանք բոլորն էլ անդրադարձան Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությանը՝ որպես հայկական դպրոցներում ատելության հողի վրա իրականացված նողկալի հանցագործության դրդապատճառ։

Ավելի քան մեկ տասնյակ պետական պաշտոնյաներ դատապարտեցին հայկական դպրոցների վրա հարձակումը.
- Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը,
- Կոնգրեսական Ադամ Շիֆը,
- Կոնգրեսական Բրեդ Շերմանը,
- Կալիֆորնիայի նահանգի սենատոր Էնթոնի Պորտանտինոն,
- Կալիֆորնիայի նահանգի սենատոր Հենրի Սթերնը,
- Կալիֆորնիայի նահանգային պալատի անդամ Լորա Ֆրիդմանը,
- Կալիֆորնիայի նահանգային պալատի անդամ Ջեսի Գաբրիելը,
- Կալիֆորնիայի նահանգային պալատի անդամ Ադրին Նազարյանը (Ֆերահյան դպրոցի շրջանավարտ),
- Լոս Անջելեսի օկրուգի վարչության անդամ Քեթրին Բարգերը,
- Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետին,
- Լոս Անջելեսի դատախազ Մայք Ֆեյերը,
- Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Բոբ Բլյումենֆիլդը,
- Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Կորեցը,
- Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Քրեքորյանը,
- Լոս Անջելեսի միացյալ դպրոցների վարչության անդամ Սքոթ Շմերելսոնը,
- Լոս Անջելեսի միացյալ դպրոցների վարչության ոստիկանության բաժանմունքը,
- Լոս Անջելեսի ոստիկանության բաժանմունքը։

Այս պաշտոնյաներից մի քանիսը մասնակցեցին անցյալ շաբաթ տեղի ունեցած մամուլի ասուլիսին և խստորեն դատապարտեցին դպրոցների վրա հարձակումը: Կոնգրեսական Շերմանը կոչ արեց ՀԴԲ-ին (FBI)՝ միջադեպը հետաքննել որպես ատելության հիմքով հանցագործություն։ Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Կորեցը միջադեպը բնութագրեց որպես «համարժեք հրեական դպրոցների վրա նացիստական սվաստիկա դնելուն»։

Երկու դպրոցների տնօրենները ժողովներ անցկացրեցին իրենց աշակերտների հետ, վստահեցնելով նրանց, որ բոլոր անհրաժեշտ նախազգուշական միջոցները ձեռնարկվել են նրանց անվտանգության ապահովման համար։ Ֆերահյան դպրոցի սաները երթ կազմակերպեցին դպրոցի մերձակայքում, բողոքելով թուրքական վանդալիզմի դեմ՝ ձեռքներին պահած հայոց եռագույն դրոշները։ Լոս Անջելեսի ոստիկանության բաժանմունքը ակտիվացրել է իր պարեկային ծառայությունը տարածքի բոլոր հայկական դպրոցներում՝ կանխելու նմանատիպ միջադեպի կրկնությունը։

Հայաստանի Հանրապետության երկու նախարարություններ հանդես եկան հայտարարություններով՝ դատապարտելով Լոս Անջելեսի հայկական դպրոցների դեմ կատարված հարձակումները: Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ երկու հայկական դպրոցներում թուրքական դրոշների կախումը «մեծ վրդովմունք է առաջացնում, քանի որ մեր օրերում ատելության նման դրսևորումներն ուղղակի անընդունելի և անհասկանալի են քաղաքակիրթ աշխարհի համար»։ Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունը ևս դատապարտեց ատելության հիմքով հանցագործությունը հայկական դպրոցների դեմ՝ «որով մտադրվել էին վարկաբեկել Հայոց ցեղասպանությունը»։ Նախարարն իր համերաշխությունն արտահայտեց հայ համայնքին. «Խստորեն դատապարտում ենք ատելության, անհանդուրժողականության և անօրինության հողի վրա իրականացվող բոլոր արարքները»:

Արևմտյան Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը (նստավայրը՝ Կալիֆորնիայի Գլենդել քաղաք) ևս դատապարտեց երկու դպրոցների դեմ հարձակումը. «Հյուպատոսությունը խստորեն դատապարտում է հայկական կրթական հաստատությունների և Լոս Անջելեսի ամբողջ հայ համայնքի դեմ ուղղված ատելության դրսևորումները և սատար է կանգնում լոսանջելեսահայ համայնքի դրսևորած միասնական կեցվածքին այս հարցում»: Նաև մի շարք հայկական կազմակերպություններ դատապարտեցին այս հարձակումը։ Բացի այդ, Հարավային Կալիֆորնիայի Ասորական ամերիկյան միությունը հանդես եկավ հայտարարությամբ, վանդալիզմն անվանելով «մոլեռանդության նողկալի գործողություն, որն իրականացվել է աշակերտների և ամբողջ համայնքի մոտ վախի զգացում առաջացնելու համար։ Մեր երկու համայնքների համար թուրքական դրոշն ավելին է, քան պարզապես դրոշը։ Դա ճնշման և ցեղասպանության խորհրդանիշ է, միլիոնավոր սպանվածների, իրենց ընտանիքներից պոկված երեխաների, մեր նախնիների հալածանքի տարիների խորհրդանիշ, ինչպես նաև մութ պատմության բացահայտ, համակարգված ժխտման խորհրդանիշ, որը վերքեր է բացել, և որոնք դեռ բաց են մինչ օրս»։

Մյուս կողմից, Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսությունը միջադեպն անվանել է «զրպարտության քարոզարշավ ընդդեմ Թուրքիայի»: Հյուպատոսությունը նաև իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է Հարավային Կալիֆորնիայի Թուրք-ամերիկյան միության (ATASC) հայտարարությունը, պնդելով, որ «Ամերիկայի թուրքական համայնքը մասնակից չի եղել Լոս Անջելեսում այսօր բեմադրված կանխամտածված սադրանքին»։ Վանդալիզմն անվանելով «այսօր բեմադրված կանխամտածված սադրանք», ATASC-ն անամոթաբար ենթադրում է, որ այս պիղծ գործողությունը իրենց սեփական դպրոցների դեմ հայերն են իրականացրել…

Սա միևնույն անհիմն մեղադրանքն է, որն արվել է որոշ թուրքերի կողմից սոցիալական ցանցերում և ավելի է զայրացրել հայ համայնքին։ Զարմանալի չէ, որ թուրքական միությունը և թուրքական հյուպատոսությունը ժխտում են թուրքերի ներգրավվածությունն այս միջադեպին: Ի վերջո, երբ Թուրքիայի կառավարությունը ժխտում է 1.5 միլոն հայերի ցեղասպանությունը, այն կարող է հեշտությամբ հերքել նաև դրոշի միջադեպը։ Ոչ թուրքական միությունը, ոչ էլ թուրքական հյուպատոսությունը չեն կարող իմանալ, եթե որևէ թուրք ներգրավված է այս հարձակման մեջ։

Լոս Անջելեսի հայկական համայնքային կազմակերպությունները, Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը և Հայաստանի երկու նախարարները գործեցին շատ արագ և ըստ պատշաճի՝ դատապարտելով երկու հայկական դպրոցների վրա հարձակումը: Տասնյակից ավելի պետական պաշտոնյաների կողմից զորակցության ուղերձները վստահեցրել են համայնքին, որ տեղական, նահանգային և դաշնային կառավարությունները, իրավապահ մարմինների աշխատակիցների հետ համատեղ, լրջորեն հետապնդում են վանդալիզմի գործով կասկածյալներին։ Նման զորակցությունը հույս է ներշնչում տեղական հայկական դպրոցներում հետագա հարձակումները և դրանց սրումը կանխելու համար: Այս հանգամանքներում, անխոհեմ և անտեղի կլինի հայերի կողմից այս հարցը իրենց ձեռքով լուծելը՝ հակահարձակում գործելով թուրքական թիրախների դեմ։ Բարեբախտաբար իրավապահ մարմինները մասնագիտորեն զբաղվում են այս միջադեպով։ Նրանք կհրապարակեն իրենց բացահայտումները, հենց որ պարզեն հանցագործների ինքնությունը։

Հարութ Սասունյան     
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի