կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-03 11:01
Առանց Կատեգորիա

Մեր ազգային օրհներգը

Մեր ազգային օրհներգը

Հունվարի 29-ին լրացավ Հայաստանի Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի մահվան 100-րդ տարելիցը: Մարդ, ով խորհրդանշում է հայոց պետականության վերակերտումը, դարավոր նիրհից մեր արթնացումը, մեր նվիրումն ազգ-հայրենիք գաղափարին: Արամը պետական գործչի իսկական կերպար է, պետականության գաղափարի անձնազոհ նվիրյալ ու գաղափարի մարտիկ: Նույն օրը, զարմանալի զուգադիպությամբ, երբ շատերը խնկարկում էին Արամի հիշատակը, համացանցում տարածում գտավ Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը փոխելու թեման...Այն օրհներգը, որն Արամի ու Արամի նման մեծազոր այրերի ստեղծած պետության՝ Հայաստանի Առաջին Հանրապետության օրհներգ հռչակվեց 100 տարի առաջ…Այս առումով մեր պետության գլխավոր խորհրդանիշերից մեկը՝ պետութան հիմնը, անշեղորեն կապված է «Հայաստանի անկախ պետականություն» գաղափարի հետ: Պատահական չէր, որ 1991թ., երբ հռչակվեց անկախ Հայաստանը Առաջին Հանրապետության խորհրդանիշերն ընդունվեցին ու դարձան նաև Հայաստանի Երրորդ Հանրապետության խորհրդանիշեր՝ ցույց տալով գաղափարական այն ամուր կապը, որ գոյություն ունի Հայաստանի երկու հանրապետությունների միջև:

ՀՀ օրհներգը, սովորական երգ չէ, այն անցել է փառավոր ու հերոսական ճանապարհ և որպես օրհներգ օծվել ու, միևնույն ժամանակ, օրհնել է մեզ… Այն ընդունվել է ժողովրդի կողմից, ինքնաբուխ ու սրտանց…Նրան չի քվեարկել որևէ խորհրդարան, այն հիմն է դարձրել ժողովուրդը՝ իր ազատագրական պայքարի վերելքի, իր հերոսական մարտնչումների օրերին երգելով, այդ երգի տակ մարտեր շահելով…Որևէ մեկը չէր հրահանգել 1918թ. օգոստոսի 1-ին, ՀՀ Խորհրդի անդրանիկ նիստի բացմանը, խորհրդարանի շենքի առաջ հավաքաված մարդկանց ու նվագախմբին երգել այն: Նրանք երգեցին «Մեր հայրենիք», որովհետև թե Վանի հերոսամարտ տեսած վանեցի գաղթականը, թե Սարդարապատում մարտնչած արևելահայ ռազմիկը այս երգի հնչյունների տակ էր կերտել ազատ Հայաստան, կռվել այն գիտակցումով, որ «Ամենայն տեղ մահը մի է, մարդ մի անգամ պիտ մեռնի, բայց երանի, որ յուր ազգի ազատության կզոհվի…»:

Իսկ հիմա, դեռ երեկ իշխանության եկած, այսպես ասած՝ «տակավին պատանի» մեր խորհրդարանի փոխխոսնակը, առաջարկում է փոխել ՀՀ Ազգային օրհներգը, այլ կերպ ասած՝ առաջարկում է խզել կապը մեր հերոսական անցյալի հետ, այն անցյալի, որի ուղղակի ծնունդն ու շարունակությունն է «Մեր հայրենիքը», նրա վերելքների ու վերջնական նպատակի՝ ազգային պետականության կերտման խորհրդանիշը: Պատմություն չիմացողների համար խոսենք փաստերով.

Դեռևս 19-րդ դարի երկրոդ կեսին, երբ հայ ժողովրդի մեջ սկսել էլ վերելք ապրել ազատագրության գաղափարը, ազգային, ոչ պաշտոնական օրհներգ էր դարձել Միքայել Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգը» բանաստեղծության բառերով ստեղծված երգը: Բանաստեղծությունն առաջին անգամ տպագրվել է Ստեփանոս Նազարյանի «Հյուսիսափայլ» հանդեսում 1861թ. «Իտալացի աղջկա երգ 1859 թվականից» վերնագրով:

Նալբանդյանը անվանեց բանաստեղծությունը «Իտալացի աղջկա երգ», որովհետև այդ հերոսական երգը կարող էր հաղթահարել և ժամանակը, և տարածությունը, վարդանանց ոգին արթնացնել հայի մեջ, հիշեցնել, որ վարդանանք չհանդուրժեցին օտարի լուծը՝ գերադասելով իմացյալ մահը ծնկաչոք ապրելուց: Այնպես որ, «Իտալացի աղջկա երգը» բանաստեղծության մեջ Նալբանդյանը պատկերում է իտալական իրականությունը, Գարիբալդիի և Մաձինիի ղեկավարած ազատագրական պայքարը ավստրիական բռնության դեմ, բայց նա 19-րդ դարից կամուրջ է նետում 5-րդ դար, տեսնում այն ընդհանրություններն ու տարբերությունները, որ ունեին հայ և իտալացի կանայք.

«Սորա կէսը, կէսի կէսը,

Գեթ երեւեր մեր ազգում,

Բայց մեր կանայք…ո՜ւր Եղիշէ,

Ո՜ւր մեր «տիկնայք փափկասունք: »

Թե երբ է այս բանաստեղծությունը վերածվել երգի, և ով է երաժշտության հեղինակը, պատմական փաստերն այդ մասին լռում են: Սակայն անհերքելի է, որ այս գործը շատ արագ սիրվում է ժողովրդի կողմից և հնչում ամենուր: Ըստ առայժմ հայտնի տվյալների՝ այդ ստեղծագործության խմբերգային առաջին կատարումը հայ հասարակությանը ներկայացրել է Քրիստափոր Կարա-Մուրզան 1885թ. Թիֆլիսում Արծրունու թատերասրահում կայացած համերգի ժամանակ: Ի դեպ  այդ բացառիկ համերգը բացվել է հենց «Մեր հայրենիքի» կատարմամբ, որի երաժշտության հեղինակը ցուցապաստառում նշված չէ: Հարկ է նշել, որ այդ օրը ոչ միայն «Մեր հայրենինքն» է առաջին անգամ հնչում խմբերգային կատարմամբ, այլև հայ իրականության մեջ առաջին անգամ հանդես է գալիս քառաձայն երգչախումբ, որը հիմնադրել էր Կարա-Մուրզան: Կարելի է ասել՝ այդ պահից սկսվում է «Մեր հայրենիքի» հաղթարշավը:

Քրիստափոր Կարա Մուրզայի քառաձայն երգչախմբի անդրանիկ համերգի ցուցապաստառը. համերգը բացվել է Կոմս Էմմանուելի /Միքայել Նալբանդյանի/  «Իտալացի աղջկա երգը»  /հետագայի «Մեր հայրենիքը» / ստեղծագործությամբ:

Թիֆլիսյան շնորհանդեսից հետո Կարա-Մուրզայի երգչախումբը շրջագայում է Կովկասում ու Ղրիմում, համերգ տալիս Կոստանդնուպոլսում. երգը հայտնի է դառնում բոլոր հայկական համայնքներում: Շուտով, առաջին բառերից ելնելով, այն սկսում են կոչել «Մեր Հայրենիք». հենց այս անվամբ է այն առաջին անգամ կատարվել Փարիզում՝ 1916-ի ապրիլի 9-ին Սորբոնի հանրահայտ Մեծ թատերասրահում կազմակերպված «Հարգանք Հայաստանին» վերնագիրը կրող միջոցառմանը: 

«Մեր հայրենիք» երգն սկսում են ընդգրկել այդ ժամանակ հրատարակվող գրեթե բոլոր հայկական երգարաններում: Շատ տեղերում այն ներկայացված է Կոմիտասի աշակերտ, տաղանդաշատ կոմպոզիտոր Բարսեղ Կանաչյանի մշակմամբ, որը քիչ է տարբերվում Կարա Մուրզայի ներկայացրած տարբերակից: «Մեր հայրենիք»-ի թեմայով բավականին խորը ուսումնասիրություն է կատարել և իր «Կարա-Մուրզա» գրքում զետեղել սփյուռքահայ նշանավոր երաժշտագետ Գրիգոր Փիտեճյանը: Նա իր գրքում նաև հերքում է այն թյուր կարծիքը, թե այս ստեղծագործությունը վերցված է ռուս կոմպոզիտոր Ալեքսանդր Գլազունովի «Ռայմոնդա» բալետից, ինչը ոչ պակաս տարածված տեսակետ է մեր իրականության մեջ: Մեջբերենք նրա տողերը. «Ալեքսանդր Գլազունովը «Ռայմոնդա» բալետը հորինեց 1896-1897թթ.-ին և այն հրապարակեց ու կատարեց 1898թ.: Ուրեմն, նկատի առնելով, որ այս հորինումից շատ առաջ, Կարա Մուրզան արդեն իսկ 1883թ. մշակել էր այդ եղանակով «Իտալացի աղջկա երգը»՝ «Մեր հայրենիքը», կարող ենք հստակ կերպով ասել, որ այդ եղանակի հեղինակը Գլազունովը չէ, այն միայն օգտագործել է դա» /Գրիգոր Փիտէճեան, «Քրիստափոր Կարա-Մուրզա», Երևան, 2013թ., էջ 60/:

Համադրելով ձեռքի տակ եղած փաստերն ու տվյալները՝ Փիտեճյանը եզրակացնում է, որ Գլազունով ինչ-որ աղբյուրներից կամ հայ ծանոթներից կարող էր լսել այս ստեղծագործությունը և հաղորդելով նրան պարային ռիթմ, տեղադրեր իր բալետի մեջ: Որպես օրինակ նա բերում է նույն Գլազունովի ընկեր, կոմպոզիտոր Իպոլիտով Իվանովի «Կովկասյան պատկերներ» գործը, ուր տեղ է գտել նաև Տիգրան Չուխաճյանի «Արևն ելավ Զեյթունցիներ երգը»:  Այսպիսով Փիտեճյանը մինագամայն հերքում է «Մեր հայրենիք»-ի երաժշտության հետ  Գլազունովի առնչությունը որպես հեղինակ:

Օրհներգը փոխելու ջատագով Ալեն Սիմոնյանը այսօր պնդում է, թե այն ունի բալկանյան ծագում և այլն: Իհարկե, բարձրաստիճան պաշտոնյան միայն ասում է ու չի կարող դա ապացուցել, թեև այստեղ դա այնքան էլ կարևոր չէ: Մեր հիմնի /ինչպես նաև այլ երկրների/ դեպքում կարևորը նրա անցած ազգային ուղին է, նրա՝ մեր ազատագրական պայքարի ու պետականության պատմության հետ ունեցած անշեղ կապն ու այն առարկելի փաստը, որ, իսկապես, , «Մեր հայրենքը» եղել է ու կա որպես մեր անկախ պետականության խորհրդանիշ: Գուցե այն հեղինակել է կամ մշակել է Կարա Մուրզան, մշակումներից մեկը, որը հնչում է այսօր որպես հիմն,պատկանում է Բարսեղ Կանաչյանին… Գուցե Արամ Խաչատրյանի Սովետական Հայաստանի հիմնը ավելի երաժշտական է, բայց սա չէ հարցը…Հարցի արժեքն այս երգի խորհրդի մեջ է, նրա ազգային խորհրդանիշ լինելու էության մեջ: Իսկ որ «Մեր հայրենիքը» մեզ ոգի ու ուժ է տվել դեռ մինչև պետականության կերտում ու իրապես դարձել է ազգային օրհներգ, հաղթության փառերգ, կան բազում փաստեր: Օրինակ, կան վկայություններ այն մասին, որ այն հնչել է Օսմանյան կայսրության դեմ բարձրացված Զեյթունի 1895թ. ապստամբության ժամանակ: Անհերքելի է, որ այս ստեղծագործությունը ոգեշնչում էր 1915թ. Վանի ու Շապին Գարահիսարի հերոսական ինքնապաշտպանության մասնակիցներին, իսկ, ինչպես վկայում է ականատեսը, Ուրֆայի կռիվների ոգեկոչող ու հրամանատար Մկրտիչ Յոթնեղբայրյանի վերջին բառերն էին՝ «Ամենյան տեղ մահը մի է, մարդ մեկ անգամ կզոհվի...»: «Մեր հայրենիքը» հնչում էր նաև 1918թ. մայիսին, երբ հայ ժողովուրդը մղում էր իր պետականության ծնունդ հանդիսացող Մայիսյան հերոսամարտերը:  Ուստի բնավ պատահական չէր, որ այն հնչեց 1918թ. օգոստոսի 1-ին Հայաստանի խորհրդի բացման առիթով և դարձավ Հայաստանի Հանրապետության պաշտոնական օրհներգը:

«Մեր հայրենիք»-ն իր անցած ճանապարհով վաղուց ամրագրել է իր տեղը հայ ժողովրդի սրտում ու նրա պետականության պատմության մեջ, սա չգնահատելն ու չհասկանալը, ավելին՝ անհոգ դեմքով հիմնը փնովելը, վկայությունն է մարդու ազգային ու քաղաքական բոբիկության: Ազգային օրհներգը փոխելը ճաշակի հարց չէ….ՀՀ հիմնը գաղափարական, քաղաքական ու պետական արժեք է, նրա փոփոխությունը և անգամ փոփոխման շուրջ պարբերաբար ասպարեզ նետվող զրույցները խաթարում ու վնաս են հասցնում այդ արժեքներին, խանգարում նրանց հանդեպ պատշաճ վերաբերմունքի ամրապնդմանը: «Մեր հայրենիք»-ը, ինչպես նաև մեր պետության զինանշանն ու դրոշը, կամուրջ են այսօրվա և մեր հերոսական անցյալի, Հայաստանի Առաջին Հանրապետության միջև, նրանք մեր պետականության վերակերտման ու շարունակության խորհուրդն ունեն: Մեր խնդիրը դրանք աչքի լույսի պես պահելն ու հարգելն է…Եվ վերջապես պետք է հասկանանք, որ մեր պետությունը մեզանով պիտի ուժեղանա, նրա խորհրդանիշերը մենք ինքներս՝ մեր աշխատանքով ու լավ պետություն կայացնելով պիտի հզորացնենք: Եվ ինչքան մեծ է մեր սերը առ հայրենիք ու պետականություն, այնքան ուժեղ ու ոգի ներշնչող կլինեն մեր պետական խորհրդանիշերը: Իսկ եթե մեծ սիրով չես սիրում քո հայրենիքն ու պետականությունը, միշտ էլ կգտնես պատճառներ և չի բացառվում, որ մեղքը բարդես հիմնի կամ մյուս խորհրդանիշերի վրա: Օրհներգ փոխելու մտքից հրաժարվեք….

Արթուր Մկրտչյան

Հ. Գ. Հոդվածի գլխավոր լուսանկարում Վանի վարժապետանոցի նվագախումբն է՝ Ֆանֆառը, որ 1915-ի ապրիլ, մայիսի ինքնապաշտպանական կռիվների ամենաթեժ պահերին «Մեր հայրենիքը» հնչեցնելով մարտիկներին հերոսության ու սխրանքի էր մղում: