կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-01 12:49
Հասարակություն

Կենդանաբանական այգու տնօրենը պարզաբանումներ տալու համար հրավիրվել է քաղաքապետարան

Կենդանաբանական այգու տնօրենը պարզաբանումներ տալու համար հրավիրվել է քաղաքապետարան

Երևանի կենդանաբանական այգու նախկին և ներկայիս աշխատակիցները,  կենդանասերները  Երևանի քաղաքապետարանի առջև բողոքի ակցիա են իրականացրել և  պահանջել կասեցնել այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի աշխատանքային լիազորությունները:

Դեռևս հունվարի 26-ին նրանք ակցիա էին իրականացրել Կենդանաբանական այգու մոտ։ Ակցիայի մասնակիցները պահանջում էին ստեղծել հանձնաժողով, որում կընդգրկվեն նաեւ քաղաքապետարանի ներկայացուցիչներ, այլ մասնագետներ, որոնք կքննարկեն այգու զարգացմանն ուղղված հարցերը:

Լրագրողների հետ զրույցում Կենդանասերների նախաձեռնող խմբի համակարգող Արմեն Ումրշատյանը հերթական անգամ մանրամասնեց իրենց պահանջները. «Երեւանի կենդանաբանական այգու տնօրենի լիազորությունները պետք է դադարեցվեն, քանի որ նա, անտեսելով բազմաթիվ հորդորները, շարունակում է հեռացնել աշխատակիցներին։ Այս պահի դրությամբ երկու աշխատակից ստացել է ծանուցում։ Երկրորդ՝ Երեւանի քաղաքապետարանը չի ձեռնարկում բավականաչափ միջոցներ Երեւանի կենդանաբանական այգու խախտումները հայտնաբերելու ուղղությամբ»:

Բողոքի մասնակիցները տնօրենի թեկնածու չունեն, ըստ նրանց, Երեւանի կենդաբանական այգու տնօրենի  ընտրություն պետք է անցկացվի և հնարավորություն տրվի, որ կենդանաբանական այգու թափուր տեղի համար պայքարեն տարբեր թեկնածուներ, այդ թվում՝ գործող տնօրենը: 

Ավելի ուշ պարզ դարձավ, որ Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը հրավիրվել է Երևանի քաղաքապետարան` այգու մի քանի աշխատակիցների աշխատանքից ազատման վերաբերյալ պարզաբանումներ տալու:

«Աշխատակիցների` աշխատանքից ազատման պատճառներն ինձ մոտ են, և Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը հրավիրվել է ինձ մոտ, բայց քանի որ առաջինը դուք եկաք, ես ձեզ հետ եմ հանդիպում»,- բողոքի մասնակիցներին տեղեկացրել է  Երևանի մշակույթի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոշ Սարգսյանը՝ նշելով, որ իրենք որևէ մեկի շահը չեն պաշտպանում, և բոլոր բարձրաձայնված խնդիրները հստակ լուծումներ են ստանալու:

Ի դեպ, նա հայտնել է նաև, որ Երեւանի քաղաքապետարանի կողմից Կենդանաբանական այգում ընթացող, 2016-2018թթ. աշխատանքներն ընդգրկող աուդիտն ավարտվել է, որի արդյունքներն ավելի ուշ կհրապարակվեն:

«Կենդանաբանական այգու կանոնադրության մեջ կատարում ենք փոփոխություն, որը փետրվարի 12–ին Երեւանի ավագանու նիստում կդրվի քննարկման, կձեւավորվի կառավարման խորհուրդ, որը բաղկացած կլինի 11 անդամից՝ երկուսը կենդանաբանական այգու աշխատակիցներ կլինեն, մյուսները՝ հասարակական սեկտորից»,– շեշտել է Սարգսյանը։