|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ՀՀ ԿԳՆ-ից տեղեկացնում են, որ ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը։
Ողջունելով հյուրերին` ԿԳ փոխնախարարն ընդգծել է, որ կրթության բնագավառը Հայաստանի նոր կառավարության գերակայություններից է, և այդ համատեքստում Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակում այն կարևոր ուղղություն է: Հանդիպման ընթացքում քննարկվել է Եվրոպական Միության աջակցությամբ Հայաստանում իրականացվող կրթական ծրագրերի ընթացքը: Կողմերն առանձնակի կարևորել են նաև հետագա համագործակցության շրջանակը:
ԿԳ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը նշել է, որ 2018թ. դեկտեմբերին կայացած ԵՄ-ՀՀ գործընկերության կոմիտեի նիստին ՀՀ ԿԳՆ-ի անունից հանդես է եկել նոր երկխոսություն սկսելու առաջարկությամբ՝ հիմնված կրթության զարգացման պլատֆորմի վրա, որը տեղ է գտել հանդիպման ընթացքում ընդունված գործառնական եզրակացությունների մեջ։
Վասիլիս Մարագոսը փոխանցել է ԵՄ ներկայացուցիչների պատրաստակամությունը կրթության ոլորտի զարգացման նորարական գաղափարները քննարկելու վերաբերյալ՝ միաժամանակ կարևորելով դրանց ազդեցությունը տնտեսության տեխնոլոգիական ճյուղերի զարգացման վրա:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակում կրթական երկխոսության նախապատրաստական աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր: