Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երգն էլ կենսագրություն ու ճակատագիր ունի: Ճակատագիր, որ նույնքան անորոշ է այսօր, ինչպես մեր կյանքում գրեթե ամեն ինչ: Բոլորս գիտենք, որ առանց երգի անհնար է ապրել: Բայց երգն էլ ապրում ու շարունակվում մեզանով: Արվեստագետի ստեղծածը պահելը մեր պարտքն ու պարտականությունն է: Հոգսաշատ կյանքն իր դժվարություններով թեեւ շատ բան է մոռացնում, բայց եթե սխալվենք հոգեւոր արժեքները խառնել օրվա գաղջությանը՝ ինքնակամ կկորցնենք հարատեւելու բանալին:
Ամեն մարդ երաժշտությունն ընկալելու իր չափանիշն ունի: Բայց կարեւորը թույլ չտալն է, որ դարեր շարունակ մեզ ուղեկցող ժողովրդական ու հայ դասական երգը տեղի տա, նահանջի: Թե ինչպես է հարատեւում այսօր հայ երգը, ինչ վիճակում է երաժշտական կյանքն ընդհանրապես՝ մտահոգում է ոչ միայն երաժշտագետներին, այլեւ բոլորիս:
Այս հարցերի շուրջ զրուցելու ակնկալիքով խոսեցինք ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԻ հետ:
-Այսօր իրար հետ մարդավարի խոսել անգամ չենք կարողանում, ուր մնաց թե իիասին երգեինք: Մինչեւ երգելը մարդ երգին տանող ապրում պիտի ունենա: Այդ պատումի փոխարեն մեր խոսքն է՝ առավելաբար վեճի մեջ ու բարձր տոների վրա: Սա չի նշանակում, որ չենք երգում, ոչ էլ նշանակում է, թե երգն ավելորդ հաճույք է այս պահին: Երգում ենք, սակայն ի՞նչ երգ: Մոտ անցյալի երգերին այլեւս անհնար է հավատալ: Դրանք այսօր այնքան հեռու են մեզանից, որ կարծես երբեք չեն եղել: Վերջացան: Աստված չանի, որ երբեւէ վերադառնան, կամ ստիպված լինենք վերադարձնել: Իհարկե դատարկություն է առաջանում, որ ըստ երեւույթին չի լրացվում նաեւ ազգային-ազատագրական շարժման այն տարիներին ծնված մի քանի երգով: Երաժշտական կյանքը, մանավանդ երգի ասպարեզը տնօրինելու հմուտ աշխատանք է պահանջվում: Այս ասպարեզն այսօր կարիք ունի նոր մտածողությամբ, նոր կարողություններով աշխատող լծակների, մարդկանց: Այդ լծակներն ու մարդիկ դժվարությամբ են ի հայտ գալիս: Չէ՞ որ անցյալի լծակներն էլ, մտածողությունն էլ ուզում են իրենց գոյությունը շարունակել: Դրանք հենց այնպես, սիրահոժար ասպարեզը չեն թողնելու:
-Այնուամենայնիվ, փաստ է, որ կրկին երաժշտական մթնոլորտը հագեցված է «ռաբիսով», որն օրեցօր լայն ընդգրկումների է հասնում: Ձեր կարծիքով, ստեղծվու՞մ են երգեր, որոնք ժողովրդին մերձենալու ակնկալիք են տալիս եւ որ դրանց գոյությամբ «ռաբիսը» տեղի կտա:
-Եթե «ռաբիս» ասելով հասկանալու ենք մեր այն ցածր որակ ունեցող և ցածրաճաշակ երգը, այդ առթիվ հարկ է ասել՝ ոչ թե երգը պետք է վերացնել, այլ այդ երգի պահանջով ապրող մարդկանց հոգեբանությունը, կենցաղի մակարդակը փոխել: Այդ երգերը որոշակի կենսամակարդակ ու հոգեբանություն են մատնանշում, դրանք ախտորոշիչ են: Իսկ ախտորոշիչը վերացնելով ախտը չես վերացնի: Այդ երգերը գոյատեւելու են այնքան, քանի դեռ դրանք ծնող իրականությունը կմնա այս մակարդակին: Ի դեպ, մենք մեծ հաճույքով լսում ենք իտալական կամ ֆրանսիական «ռաբիսը», ոչ մեկիս մտքով չի անցնում դրանք մերժել: Է՛հ, նրանց «ռաբիս» երգերը կենցաղային բարձր մակարդակի վրա են ծնունդ առել, մերը՝ ցածր: Չլինի՞, ուրեմն, մեր «ռաբիսը»: Պիտի լինի ու կլինի: Խնդիրը այդ երգերի ներքո ապրող իրականությունը փոխելն է, եթե ուզում ենք այդ երգերից մենք էլ հաճույք ստանալ: Թե ոչ՝ ի՞նչ իրավունք ունենք որեւէ մեկի ճաշակը ծաղրել, առավել եւս այսօր նրան իր հաճույքից հրաժարվելու պահանջ ներկայացնել:
-Այսօր կան երգչախմբեր, երգիչներ, որոնք շարունակում են իրենց երաժշտական կյանքը, բայց մի տեսակ այն ինքնանպատակ է դառնում:
-Գիտեք, հնարավոր է ինձ ու Ձեզ այդ համերգները ինքնանպատակ են ներկայանում, բայց կան մարդիկ, որոնք հաճույքով են գնում համերգների: Լինում են համերգներ, որոնց ներկա եղող մարդիկ ոչ թե ունկնդիրներ են, այլ հանդիսատես: Ի դեպ, գովազդների ժամանակ մեր ռադիոն կամ հեռուստաընկերությունը, երբ խոսում է ելույթ ունեցող երաժիշտների անունից, համերգ հրավիրվող մարդուն հենց այդպես էլ անվանում է՝ «Հանդիսատես»: Դուք եւ ես հանդիսատես հրավիրող համերգի մասնակից չենք ուզում դառնալ, շատերը ուզում են: Կգան ավելի լավ ժամանակներ, երբ համերգասրահները կտրամադրվեն առավելաբար ունկնդիրներին: Հիմա հանդիսատեսների ժամանակն է երեւի:
- Չե՞ք վախենում, որ այդ ժամանակը երկար կտեւի, եւ մենք հոգեւոր կորուստներ կունենանք:
-Կվախենայի այդ լուրջ կորուստներն ունենալ, եթե մեր այսօրվա հոգեւորը ապահովվեր միայն երաժշտությամբ: Հայրենիքի պաշտպանության համար անձնազոհության գնացող ամեն երիտասարդի վարքի մեջ այնքան հոգեւոր լիցք կա, որ ոչ միայն մեզ, այլ վաղվա սերունդներին էլ է պահելու: Դաժան է, սակայն սա է իրականությունը: Ուրեմն մեր հոգեւոր բարձրունք նվաճողները այդ տղաներն են: Ինչ վերաբերում է երաժշտությանը, ապա ինչպես երգի պարագայում, այնպես էլ ընդհանուր առմամբ երաժշտության հրապարակի վրա մի պարապություն կա, որ պիտի լրացվի եւ լրացվում է: Իմ տեսանկյունից՝ տեղքայլի, տեղում դոփելու ձեւով: Հավատացած եմ՝ երեկվա արժեքների վերագնահատման եւ նորի հաստատման (նոր՝ որ իրականում նոր էլ չէ, այլ մոռացված բնականն ու ճիշտը) այս շրջանում բեղուն խմորումներ են տեղի ունենում, որից երիտասարդ երաժիշտները անպայման հաղթանակով դուրս կգան: Վկա՝ մեր այսօրվա զինվոր տղերքի վարքը:
-Շուկայական հարաբերությունները թափանցել են նաեւ մշակույթի կյանք եւ կարծես խթանում են չափանիշների ակնումը: Այս մթնոլորտում երաժշտության ապագան ինչպե՞ս եք կանխատեսում:
-Կան որոշ պետություններ, որ արվեստ հովանավորում են, կան որոշներ էլ՝ չեն հովանավորում: Մեզանում այսօր արվեստը թե՛ պետությունն է հովանավորում եւ թե՛ առանձին անհատը: Շուկայականը բերում են այս առանձին անհատները: Հովանավորող անհատն ինչ հարմար գտնի, այն էլ կհովանավորի՝ իր նախասիրությամբ, իր հաշվարկով ու ճաշակով: Սրանց մեջ կան լուրջ մարդիկ, որոնց նկատմամբ միայն հիացումի զգացում կարող ես ունենալ: Բայց կան նաեւ այնպիսիք, որոնք, կարծում եմ, միայն վատ դեր են խաղում մշակույթի ասպարեզում, երբ արհեստականորեն փոխում են արժեքների տեղերը՝ ստորին երեւույթը վերին «թարեք» բարձրացնելով: Արվեստն հովանավորելը նուրբ ու բազմաճյուղ հետեւանքներով հղի երեւույթ է: Արվեստն ինքնին բարդ երեւույթ է, ինչպես եւ կյանքը: Միապետի՝ արվեստագետ սիրելն ու մերժելը, պալատ բերելն ու աքսոր ուղարկելը նույն արդյունքին են բերում: Հաճախ: Ինչպե՞ս անել, որ արվեստը պահող շուկան զորանա՝ նվազագույն ավերածություններ գործելու հետ մեկտեղ: Չգիտեմ, երեւի բոլորս էլ պիտի անցնենք այս փորձության միջով՝ թե՛ արվեստ ստեղծողները, թե՛ այդ արվեստը հովանավորողները: Ժամանակ է պետք: Կսովորենք փորձվածներից, լայն շփումներից, բացված դռների հնարավորություններից: Հավատացած եմ՝ կունենանք մեզ արժանի ապրելակերպ-աշխատելակերպը, շուկա բառն էլ արվեստի առնչությամբ այն գռեհիկ ըմբռնումը չի լինի, որին սովորել ենք: Այս շուկայի ոչ միայն անունը կմաքրվի, այլ նաեւ բովանդակությունը:
Զրույցը վարեց
ՌՈՒԶԱՆ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ
«Երկիր» 1993թ.