կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-24 10:11
Քաղաքական

Իլհամ Ալիևը դարձյալ հին երգն է երգում

Իլհամ Ալիևը դարձյալ հին երգն է երգում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել Euronews հեռուստաընկերությանը, որում, անդրադառնալով ԼՂ հիմնահարցին, մասնավորապես, նշել է, որ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի անմիջական մասնակցությունը կողմերին համաձայնության գալու հնարավորություն է տալիս:

«Մեր կարծիքով` հայկական կողմը կառուցողական կգործի, իսկ մենք այնքան քաղաքական կամք կունենանք, որ կարևոր քայլ կատարենք դեպի առաջ, և այդ դեպքում հակամարտությունն արագ կկարգավորվի»,-ասել է Ալիևը` ընդգծելով, որ տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքները վիճարկելի չեն և այնքան կարևոր են, որ պետք է ընդգրկված լինեն խաղաղության համաձայնագրում:

Հարցին, թե Ադրբեջանը ի՞նչ է պատրաստվում առաջարկել Լեռնային Ղարաբաղից հայկական զորքերի դուրսբերման դեպքում, Ալիևը պատասխանել է. «Իրականում մենք մտադիր չենք առաջարկել ինչ-որ բան դարեր շարունակ Ադրբեջանին պատկանող Լեռնային Ղարաբաղի դիմաց. այն միջազգայնորեն ճանաչված ադրբեջանական տարածք է»:

Ադրբեջանի նախագահը դարձյալ կրկնել է ադրբեջանական կողմի հստակ դիրքորոշումը, որ պատրաստ են ԼՂ-ի բնակչությանը և նրանց, ովքեր կվերադառնան Լեռնային Ղարաբաղ, երաշխավորել աշխարհում հնարավոր ամենալայն ինքնավարությունը:

Հայաստանի ներկայիս իշխանությունների` ԼՂ հիմնահարցին քաղաքական մոտեցման վերաբերյալ տպավորության մասին հարցադրմանը, թե արդյո՞ք հայկական կողմի մոտեցումն ավելի դրական է, քան նախկինում, Ադրբեջանի նախագահը պատասխանել է. «Մինչև վերջերս Հայաստանում գերակայում էր այն կարծիքը, որ իրենք պահպանելու են ստատուս քվոն այնքան, որքան հնարավոր է, և դա նրանց հաջողվում էր: Սակայն վերջին ամիսներին դեպքերի զարգացումը ցույց է տվել, որ միջազգային հանրությունը, ԵԱՀԿ միջնորդները և միջնորդ երկրների ղեկավարները հանդես են եկել այն պարզ հայտարարությամբ, որ ստատուս քվոն անընդունելի է: Աշխարհում հստակ հասկանում են, որ Ղարաբաղյան հակամարտությունը սառեցված չէ: Բնավ: Իսկ հրադադարը շատ փխրուն է. հրադադարի մշտական խախտումները մեծ անհանգստություն են առաջացնում թե′ Ադրբեջանի, թե′ Հայաստանի և թե′ միջազգային հանրության մոտ»:

Հիշեցնենք, որ երեկ  Euronews-ին հարցազրույց էր տվել նաև Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: