կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-21 17:03
Քաղաքական

Փաշինյանը Ցյուրիխում գործարարների հետ քննարկել է ՀՀ-ում ներդրումային տարբեր ծրագրերի իրականացմանն ուղղված հարցեր

Փաշինյանը Ցյուրիխում գործարարների հետ քննարկել է ՀՀ-ում ներդրումային տարբեր ծրագրերի իրականացմանն ուղղված հարցեր

Աշխատանքային այցով Շվեյցարիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ցյուրիխում հանդիպումներ է ունեցել մի խումբ գործարարների հետ, որոնց հետ քննարկել է Հայաստանում տարբեր ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններն ու հեռանկարները:

Մասնավորապես, վարչապետը Շվեյցարիա-Հայաստան առևտրի պալատի նախագահ Մայք Բարոնյանի հետ քննարկել է դեղագործության ոլորտում Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրի ընդլայնմանը վերաբերող հարցեր: Մայք Բարոնյանը նշել է, որ այժմ երևանյան ընկերությունն զբաղվում է հումքի վերամշակմամբ, և իրենց նպատակն է Հայաստանում կազմակերպել նաև դեղերի արտադրություն ու իրականացնել արտահանում: Նախատեսվում է առաջիկա հինգ տարիների ընթացքում ներդնել մեկ տասնյակից ավելի միլիոն դոլար` ստեղծելով բարձր աշխատավարձով նոր աշխատատեղեր: Մայք Բարոնյանը վարչապետին է ներկայացրել նաև նորագույն տեխնոլոգիաների միջոցով էներգիայի արտադրությանը և պղնձի վերամշակմանն առնչվող ներդրումային այլ ծրագրեր: 

Շվեյցարացի գործարար Հանս Շվեյկարդը ՀՀ կառավարության ղեկավարին է ներկայացրել արևային էներգիայի արտադրության խոշոր ներդրումային ծրագիր: Նիկոլ Փաշինյանը ողջունել է պարոն Շվեյկարդի նախաձեռնությունը և ներկայացրել էներգետիկայի ոլորտում կառավարության առաջիկա տարիների ռազմավարությունն ու այդ բնագավառի զարգացման հեռանկարները: Նիկոլ Փաշինյանն առաջարկել է գործարարին ծրագիրը կյանքի կոչելու հետ կապված հարցերը քննարկել Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության հետ` այն արդյունավետ իրականացնելու նպատակով: 

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաև «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության նախագահ, շվեյցարահայ հայտնի գործարար և բարերար Վարդան Սրմաքեշի գլխավորած պատվիրակությանը` կազմված մի խումբ գործարարներից: Հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության, սննդի արդյունաբերության, շինարարության, բանկային համակարգի, ոսկեգործության, ժամագործության և մասնագիտական կրթության ոլորտներում մի շարք ներդրումային ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Վարչապետը կարևորել է ներկայացված ծրագրերի իրականացումը մեր երկրում և հայտնել կառավարության պատրաստակամությունը` առկա գործիքակազմերի շրջանակում օժանդակելու դրանց կյանքի կոչմանը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը շարունակելու է բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված քայլերը և շահագրգռված է Հայաստանում նոր ներդրումների իրականացմամբ և աշխատատեղերի ստեղծմամբ: 

Նիկոլ Փաշինյանը Վարդան Սրմաքեշի հետ քննարկել է նաև «Հին Երևան» ծրագրի իրականացմանը վերաբերող հարցեր: Կառավարության ղեկավարն ընդգծել է պատմամշակութային հուշարձանների պահպանության սկզբունքի կարևորությունը և այդ շենքերի նկատմամբ մաքսիմալ խնամք ապահովելու անհրաժեշտությունը: