|
Փոխարժեքներ
12 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 421.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.2971 |
| GBP | ⚊ | £ 490.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել կառավարության տնտեսական բլոկի նախարարների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են ներդրումային ծրագրերի իրականացման ուղղությամբ կատարվող աշխատանքները:
Կառավարության ղեկավարը ևս մեկ անգամ կարևորել է գերատեսչությունների ակտիվ աշխատանքը դիվանագիտական ներկայացուցիչությունների, այդ թվում՝ Հայաստանում հավատարմագրված և արտերկրում մեր երկրի դիվանագետների հետ: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ գերատեսչությունների ներսում պետք է համապատասխան հարթակներ ձևավորվեն, որտեղ գեներացվելու են ներդրումային ծրագրերը, որից հետո դրանք պետք է ուղարկվեն Հայաստանի զարգացման հիմնադրամ, որը, իր հերթին, ներկայացնելու է այն համապատասխան կառույցներին ու դիվանագիտական ներկայացուցչություններին: Այդ առումով, վարչապետն անհրաժեշտ է համարել յուրաքանչյուր գերատեսչությունում սահմանել պատասխանատուի, ով սկզբից մինչև վերջ կհետևի կոնկրետ ծրագրի ուղղությամբ կատարվող աշխատանքներին:
Անդրադարձ է կատարվել գերատեսչությունների կողմից միջազգային ֆինանսական կառույցների, այդ թվում՝ բանկերի հետ աշխատանքներին: Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ միջազգային բանկերի ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում վերջիններս հետաքրքրություն են արտահայտում մասնավոր հատվածում ներդրումներ իրականացնելու հարցում: Վարչապետը կարևորել է ըստ ոլորտների առկա ներդրումային ծրագրերի ուղղությամբ միջազգային կառույցներից ռեսուրսների ներգրավումը դեպի մասնավոր հատված և ընդգծել, որ յուրաքանչյուր գերատեսչություն ինքն է տվյալ բնագավառում ծրագրերի իրականացման շարժիչ ուժը՝ անկախ նրանից, տվյալ ծրագրի հեղինակը պետությունն է, թե մասնավոր հատվածը:
Կարեն Կարապետյանն անդրադարձել է նաև գերատեսչությունների գործունեությունը գնահատող հայտանիշերի մշակմանը, որտեղ իրենց տեղը կգտնեն նաև ներդրումների ցուցանիշները և համոզմունք հայտնել, որ հետևողական քայլերի արդյունքում վերը նշված ուղղություններով կարձանագրվեն առարկայական հաջողություններ: