կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-14 18:01
Քաղաքական

Տպավորություն է, թե այստեղ քասթինգ-դեֆիլե է սկսվել` «ով է ավելի ընդդիմադիր» թեմայով. Նաիրա Զոհրաբյանը` ԼՀԿ-ին

Տպավորություն է, թե այստեղ քասթինգ-դեֆիլե է սկսվել` «ով է ավելի ընդդիմադիր» թեմայով. Նաիրա Զոհրաբյանը` ԼՀԿ-ին

ԱԺ-ում ելույթի ժամանակ ԱԺ փոխխոսնակի ընդդիմադիր թեկնածու Մանե Թանդիլյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն կողմ է քվեարկել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին` պարտադիր բաղադրիչը ներառյալ:

Նրա ելույթին միջամտեց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` հայտարարելով, որ դա այդպես չէ: Իսկ մտքերի փոխանակման ժամանակ  Զոհրաբյանը հանդես եկավ ելույթով: Նա նշեց, որ երկու բանի մասին է ցանկանում խոսել` Էնֆիաջյանի թեկնածության և ԲՀԿ հասցեին հնչած քննադատությունների:

«ԼՀԿ անդամներն առավոտից փորձեցին դիսկուրսը տեղափոխել ԼՀԿ և ԲՀԿ դաշտ: Տպավորությունն այնպիսին է, պարո'ն Մարուքյան, որ դուք ընդդիմադիր եք ոչ թե իշխանությանը, ինչպես հայտարարել եք, այլ ընդդիմադիր եք «Բարգավաճ Հայաստան»-ին:  Միգուցե նախնական ձեր հայտարարությունը Արարատ Միրզոյանի առաջադրման ժամանակ, որ` Դուք մեր թիմից եք, ձեզ կաշկանդում է, որ լինեք ընդդիմություն «Իմ քայլին», և որոշել եք ձեր ընդդիմադիր էմոցիան պարպել ԲՀԿ-ի վրա, ինչևէ, մտածեք այդ ուղղությամբ, ընտրության հարց է»,- ասաց նա և անդրադարձավ Թանդիլյանի հայտարարությանը:

«Հարգարժա'ն տիկին Թանդիլյան, մեր փորձագետները քիչ անց կփոխանցեն կուտակային կենսաթոշակային նախագծի վերաբերյալ ԲՀԿ-ի քվեարկությունը: ԲՀԿ-ն  կողմ է քվեարկել կուտակայինի` բացառապես միայն կամավոր բաղադրիչին»,- ասաց նա և հավելեց. «Տպավորություն է, որ այստեղ քասթինգ-դեֆիլե է սկսվել` «ով է ավելի ընդդիմադիր» թեմայով: Եթե դուք պատրաստվում եք այդ քասթինգին մասնակցել, մեզ հանեք այդ քասթինգից, մենք նման խնդիր մեր առաջ չենք դրել: Մենք չենք եկել այստեղ` նման քասթինգի մասնակցելու, մենք եկել ենք` աշխատելու, որովհետև ամենաընդդիմադիրը չի որոշվում նրանով, թե ով ավելի բարձր կգոռա, թե ում թոքերի տարողությունն  է ավելի մեծ: Իհարկե, ԼՀԿ մեր հարգարժա'ն գործընկերներ, երևի անցած տարիների մեր գործունեությունից չեք կասկածում, որ եթե առավել բարձր ձայնի ամպլիտուդի կարիք լինի, այդտեղ էլ մենք որևէ մրցակից չունենք: Կոչ ենք անում բոլորին` վերադառնալ կոնստրուկտիվ դաշտ»,- ասաց Զոհրաբյանը:

Նա ԼՀԿ անդամներին կոչ արեց, որ նրանք էլ ընտրեն Վահե Էնֆիաջյանին: «Բոլորս պետք է հաշվի նստենք ժողովրդի քվեարկության հետ: Կոչ եմ անում, որ դուք էլ քվեարկեք Վահե Էնֆիաջյանի օգտին»,- խոսքը եզրափակեց Զոհրաբյանը: