կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-12 17:45
Իրավական

ՀՀ փաստաբանների պալատը կքննարկի փաստաբաններին վիրավորական և անհանդուրժող արարքներից պաշտպանելու հարցը

ՀՀ փաստաբանների պալատը կքննարկի փաստաբաններին վիրավորական և անհանդուրժող արարքներից պաշտպանելու հարցը

ՀՀ փաստաբանների պալատը փաստաբանների ակումբի նիստ է հրավիրել, որտեղ քննարկվելու է վերջին ժամանակահատվածում փաստաբանների նկատմամբ մի խումբ անձանց կողմից կատարված վիրավորական և անհանդուրժող արարքներից պաշտպանվելու հարցը: Այս մասին նշված է ՀՀ փաստաբանների պալատի տարածած հաղորդագրությունում:

«2019թ. հունվարի 14-ին, ժամը 18:30-ին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում տեղի է ունենալու փաստաբանների ակումբի նիստ, որտեղ քննարկվելու են վերջին ժամանակահատվածում փաստաբանների նկատմամբ մի խումբ անձանց կողմից կատարված վիրավորական և անհանդուրժող արարքներից պաշտպանվելու հարցը:

Փաստաբանների պալատն արձանագրում է, որ զգայուն քրեական գործերով մասնակցող փաստաբանների իրավունքները (արժանապատվությունը) պաշտպանված չեն: Այս պայմաններում, փաստաբանները մտադիր են քննարկել ինքնապաշտպանական արդյունավետ գործողություններ ձեռնարկելու հարցը:

Փաստաբանները քննարկման առարկա են դարձնելու նաև  զգայուն քրեական գործերով փաստաբանների կողմից հրապարակային վարքագծում զսպվածություն ցուցաբերելու հետ կապված հարցը:

Հ.Գ.Փաստաբանների պալատը հիշեցնում է, որ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ «Փաստաբանի մասնագիտական գործունեության ազատության մասին» 25.10.2000թ. №Rec (2000)21  հանձնարարականը պետություններին կոչ է անում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի հարգվի, պաշտպանվի և խթանվի փաստաբանի մասնագիտական գործունեության ազատությունն առանց խտրականության և իշխանությունների կամ հասարակության կողմից անիրավաչափ միջամտության, հատկապես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համապատասխան դրույթների լույսի ներքո:

Չի կարելի փաստաբանին մեղադրել քաղաքացու իրավունքների պաշտպանության համար, անկախ պաշտպանյալին մեղսագրվող հանցանքից կամ նրա անձից:

Մի խումբ քաղաքացիներ իրավասու չեն փաստաբանի նկատմամբ հաշվեհարդար տեսնել, նույնիսկ եթե փաստաբանը ոչ իրավաչափ արարք է կատարել: Փաստաբանի կողմից Փաստաբանի վարքագծի կանոնագրքին հակասող վարքագիծ դրսևորելու դեպքում, փաստաբանների պալատի խորհուրդն է իրավասու փաստաբանին ենթարկել կարգապահական պատասխանատվության»,- նշված է հաղորդագրությունում: