Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուսումնասիրություն է կատարվել «Հետք» էլեկտրոնային թերթի «Պաշտոնյաները Ծաղկաձորում 60 հա անտառ են սեփականաշնորհել» վերտառությամբ հրապարակման կապակցությամբ:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ կառավարության 2007թ. համապատասխան որոշմամբ Կոտայքի մարզի Հրազդան համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող անտառային ֆոնդի հողերից շուրջ 60 հեկտար փոխադրվել է բնակավայրերի հողերի կատեգորիա` խառը կառուցապատման համար, և անհատույց սեփականության իրավունքով փոխանցվել համայնքին, իսկ 14.0 հեկտար՝ հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա` հանգստի կազմակերպման համար: Հետագայում նշված հողամասերը աճուրդային եղանակով օտարվել են մի շարք քաղաքացիների:
Պարզվել է, որ փոխադրված հողերը ոչ միայն հանդիսացել են անտառային ֆոնդի հողեր, այլև արբանյակային լուսանկարների համաձայն՝ եղել են միատարր անտառածածկ տարածքներ: Մինչդեռ, հողերի փոխադրման գործընթացում իրավասու պաշտոնատար անձինք, անտեսելով, որ անտառային ֆոնդի հողերը չեն կարող ընդգրկվել խառը կառուցապատման հողերի կատեգորիայում, փոխել են դրանց նպատակային նշանակությունը և որպես խառը կառուցապատման հողեր, հանձնել համայնքին, ինչն էլ հնարավոր է դարձրել դրանց հետագա օտարումը:
Պաշտոնատար անձանց կողմից իրենց պարտականությունների կատարման ընթացքում հնարավոր խախտումները պարզելու, նրանց կատարած արարքներին իրավական գնահատական տալու, պատճառված վնասի առկայությունը և դրա չափը պարզելու, վերականգնման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու համար ստացված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ և 181-րդ հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով: