Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ դատախազության կողմից որդեգրված ապօրինի անտառահատումների դեմ պայքարը՝ հատկապես դրան մեծապես նպաստող պաշտոնեական հանցագործությունների բացահայտման և անտառային ֆոնդի պահպանության իրենց պարտականությունների կատարման մեջ դիտավորությամբ կամ անփութությամբ հանցավոր կերպով թերացած պաշտոնատար անձանց հայտնաբերելու և քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, այլ իրավապահ մարմինների հետ լայն թափով շարունակվում է հանրապետության ողջ տարածքում, այդ թվում նաև ՀՀ Շիրակի մարզում:
Մասնավորապես, Շիրակի մարզի դատախազության դատախազի կողմից իր լիազորություններն իրացնելիս «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գյումրիի անտառտնտեսության մասնաճյուղի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական անփութություն դրսևորելու մասին հայտնաբերված տվյալների կապակցությամբ նախապատրաստված նյութերով 2021թ. սեպտեմբերի 3-ին հարուցվել էր քրեական գործ:
ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գյումրիի անտառտնտեսության մասնաճյուղի Աշոցքի անտառապետության անտառապետը, ինժեները, թիվ 1 և թիվ 6 պահաբաժինների անտառապահները, ի պաշտոնե պարտավոր են եղել, յուրաքանչյուրն իր իրավասությունների շրջանակներում, իրականացնել անտառպետության ղեկավարումը, հսկել անտառպետությունում իրականացվող աշխատանքները, կանխարգելել անտառպետությունում, իրենց վստահված պահաբաժիններում ՀՀ անտառային օրենսդրության բոլոր տեսակի խախտումները, ժամանակին հայտնաբերել դրանք, արձանագրել և սահմանված կարգով ընթացք տալ, հսկողություն իրականացնել այդ գործընթացի նկատմամբ, պարբերաբար կատարել շրջայցեր պահաբաժիններում, անտառապահների պարագայում՝ ստուգել բնափայտի մթերման և այլ տեսակի անտառօգտագործման իրավունք ընձեռող փաստաթղթերը, հսկողություն սահմանել անտառօգտագործողների կողմից դրանց կատարման նկատմամբ և այլն:
Սակայն անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք դրսևորելով իրենց ծառայության նկատմամբ՝ նրանք պատշաճ չեն կատարել իրենց վրա դրված պարտականությունները: Մասնավորապես, նշված անտառպետությունում պարբերաբար շրջայցեր չեն իրականացրել, չեն կազմել շրջայցերի, անտառախախտումների վերաբերյալ արձանագրություններ, ինչի արդյունքում 2020թ. հոկտեմբերից մինչ 2021թ. մայիս ընկած ժամանակահատվածում Աշոցքի անտառպետության թիվ 1 և թիվ 6 պահաբաժինների տարածքներում ապօրինի հատվել է ընդհանուր 351 հատ տարբեր չափերի սոճի տեսակի ծառ: Դրա հետևանքով կազմակերպության և պետության իրավունքներին ու օրինական շահերին անզգուշությամբ պատճառվել է ծանր հետևանք հանդիսացող՝ ընդհանուր ավելի քան 7մլն ՀՀ դրամի վնաս:
Հետագայում՝ գարնանային ստուգումների ժամանակ, հիշյալ հատված ծառերի կոճղերը հայտնաբերվել և արձանագրվել են «Հայանտառ» ՊՈԱԿ «Գյումրիի անտառտնտեսության» մասնաճյուղի աշխատակիցների կողմից:
Այս հանցավոր արարքները կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով մեղադրանքներ են առաջադրվել Աշոցքի անտառապետության անտառապետին, ինժեներին, թիվ 1 և թիվ 6 պահաբաժինների անտառապահներին:
Նախաքննությունն ավարտվել է, դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը և ըստ էության քննության առնելու համար 4 անձի վերաբերյալ մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան։
ՀՀ դատախազությունը հընթացս կներկայացնի նաև հանրապետության՝ անտառային լանդշաֆտ ունեցող այլ մարզերում ապօրինի անտառահատումներին հանգեցնող պաշտոնեական հանցագործությունների դեմ տարվող պայքարի արդյունքները: