Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանում հրատարակվել է իրանագետ Սարգիս Մկրտչյանի «Պանթյուրքական հոսանքները ժամանակակից Իրանում» մենագրությունը: Հետազոտությունը կատարվել է Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնում և տպագրվել ՀՀ Սփյուռքի նախարարության հովանավորությամբ:
Ուսումնասիրությունը նվիրված է ժամանակակից Իրանում պանթյուրքական շարժումների պատմությանը, այդ շարժումները ղեկավարող կառույցների գործունեությանն ու գաղափարախոսությանը: Քննվող հարցերը հայ հանրությանն են ներկայացվում առաջին անգամ:
Ստորև ներկայացնում ենք մենագրության առաջաբանը.
ԵՐԿՈՒ ԽՕՍՔ
Պանթիւրքիզմի մասին լսելիս յաճախ մեր հայեացքն ուղղւում է դէպի Թուրքիայի Հանրապետութիւն, իսկ վերջին տարիներին՝ նաեւ Ադրբեջանի Հանրապետութիւն։
Մերթ ընդ մերթ աշխատութիւններ են հրատարակւում նաեւ Միջին Ասիայում եւ Չինաստանի Սինցզեան նահանգում պանթիւրքական գործունէութեան վերբերեալ:
Իրանում պանթիւրքիզմի գաղափարախօսութեան եւ պանթիւրքական կազմակերպութիւնների եւ գործիչների առկայութեան ու գործունէութեան մասին հայկական մամուլում եւ մասնագիտական աշխատութիւններում շատ քիչ տեղ է յատկացուած։
Հայ քաղաքական եւ գիտական շրջանակների հետ իմ յարաբերութիւնների ժամանակ երբեմն ականատես եմ եղել, թէ ինչպէս են նրանցից շատերը զարմանքով լսում, որ նման հարց գոյութիւն ունի Իրանում։ Պատճառը թերեւս այն է, որ հայերը Իրանը դիտում են որպէս մէկ ու միասնական ամբողջութիւն ու չեն պատկերացնում, որ Իրանում կարող են գոյութիւն ունենալ անջատողական միտումներ։ Պատճառ կարելի է համարել, թերեւս, նաեւ այն վստահութիւնը, որ հայերն ունեն իրանցիների նկատմամբ։ Կամ էլ հայերը Իրանը դիտում են որպէս հզօր պետութիւն, որը կարող է կանխել նման վտանգները։
Ինչ էլ լինի պատճառը, իրականութիւնն այն է, որ Իրանում գոյութիւն ունեն պանթիւրքական միտումներ, որոնք խիստ վտանգաւոր են ո՛չ միայն Իրանի ազգային անվտանգութեան համար, որը Հայաստանին բարեկամ երկիր է, այլեւ՛ Հայաստանի ազգային անվտանգութեան համար։
20-րդ դարում այդ միտումներն առնուազն երկու անգամ լրջագոյն խնդրի առջեւ են կանգնեցրել Իրանի պետութեանն ու ժողովրդին։ Առաջինը 1918 թուականին էր, երբ Արաքս գետից հիւսիս ընկած պատմականօրէն Առան ու Շիրուան կոչուող տարածքների վրայ հիմնադրուեց Ադրբեջանի Հանրապետութիւնը։ Անուան ընտրութիւնն ինքնին ակնյայտօրէն խօսում էր այն նպատակների մասին, որ հետապնդում էին այդ արհեստածին հանրապետութեան հիմնադրիրները։ Դա լուրջ խնդիր առաջացրեց Իրանի Ատրպատականում, որն, իհարկէ, պետական այրերի ու ժողովրդի զգօնութեան շնորհիւ լուծուեց։ Երկրորդը 1945 թուականին Էր, երբ Թաւրիզում հիմնադրուած Ատրպատականի դեմոկրատական կուսակցութիւնը, իր հիմնադրումից կարճ ժամանակ անց, յենուելով Խորհրդային Միութեան վրայ, հռչակեց Ադրբեջանի Ինքնավար Հանրապետութիւնը։ Սա աւելի վտանգաւոր իրավիճակ ստեղծեց երկրում, որը կրկին պետական այրերի, ժողովրդի խելամտութեան եւ արտաքին ճնշումների շնորհիւ բարեյաջող աւարտ ունեցաւ։
Այդ միտումները, տարբեր առիթներով եւ ուժգնութեամբ, 20-21-րդ դարերում ունեցել են նաեւ այլ դրսեւորումներ։
Վերջին առնուազն երկու տասնամեակում թէ՛ Իրանում, թէ՛ արտասահմանում բազմաթիւ գրքեր, գիտական ուսումնասիրութիւններ, վերլուծութիւններ ու աշխատութիւններ են հրատարակուել այդ հարցերի վերաբերեալ։ Կազմակերպւում են նաեւ գիտաժողովներ, խորհրդաժողովներ, սեմինարներ եւ այլն։ Հրատարակութիւններն ու միջոցառումներն իրականացւում են պետական եւ ոչ պետական շրջանակների կողմից։ Պետական շրջանակների ներգրաւուածութիւնն այդ հարցերում վկայում է այն կարեւորութեան մասին, որ Իրանի պետութիւնը տալիս է այդ խնդրին։
Այս ուսումնասիրութիւնը համեստ փորձ է՝ հայ հանրութեանը որոշ պատկերացում տալու Իրանում գոյութիւն ունեցող պանթիւրքական հոսանքների մասին։
Հետեւելով Իրանում եւ Իրանից դուրս տեղի ունեցող իրադարձութիւններին՝ ականատես ենք դառնում այդ ուղղութեամբ կատարուող որոշ գործընթացների։
Մի կողմից՝ ժամանակ առ ժամանակ իրենց մասին են յայտարարում ասպարէզ իջած նորանոր քաղաքական կազմակերպութիւններ, որոնց իսկութիւնը ստուգելը լուրջ աշխատանք է պահանջում։ Այդ կազմակերպութիւնների գործունէութեան մասին տեղեկութիւն կարելի է ձեռք բերել իրենց կայքերից, որոնք գրանցուած են Իրանից դուրս, կամ ընկերային ցանցերում նրանց էջերից։ Այդ կազմակերպոթիւններն իրենց յայտարարութիւններով ու աշխատանքների մասին լրատւութեամբ որոշ մթնոլորտ են ստեղծում եւ թողնում են այն տպաւորութիւնը, թէ իրենք շատ են, իրենք ճնշուած են, իրենք կազմակերպական հսկայական ցանց ունեն եւ այլն։
Միւս կողմից՝ համալսարանական, ուսանողական, գիտական, մշակութային եւ այլ անունների տակ կազմակերպւում են համագումարներ ու խորհրդաժողովներ Իրանում եւ Իրանից դուրս, որոնք ակնյայտօրէն անջատողական նպատակներ են հետապնդում։ Արծարծւում են Իրանը դաշնային (ֆեդերատիւ) մոդելով կառավարելու հարցը, Իրանի էթնիկ խմբերի անդամներին մայրենի լեզուով կրթուելու հնարաւորութիւնից զրկելու եւ նմանատիպ բազմաթիւ թեամներ։ Ուսանողական հրատարակութիւններում փառաբանւում է թուրք ազգը եւ այլն։
Նշեմ, որ այդ գրութիւններում, զեկոյցներում, ելեյթներում եւ այլն ուղղակի պանթիւրքական ձեւակերպումների դժուար է հանդիպել, սակայն բոլոր ծրագրերը, գաղափարներն ու մտքերը տանում են դէպի պանթիւրքական մտայնութիւն ու նպատակներ։
Եւ, ամենակարեւորը, եթէ որոշ ժամանակ առաջ պանթիւրքական աշխատանքները կատարւում էին Իրանից դուրս՝ համագումարների, հարցազրոյցների, հանդիպումների եւ այլ ձեւերով, այսօր այդ աշխատանքների մի մասը տարբեր ձեւերով ու անունների տակ կատարւում է Իրանում։ Հետեւաբար պանթիւրքական հոսանքների գործունէութիւնը ուսումնասիրութեան ենթակայ է թէ՛ Իրանից դուրս եւ թէ՛ Իրանում։
Վերջում նշեմ, որ թէեւ աշխարհագրական, տնտեսական, քաղաքական, մշակութային, ռազմական եւ այլ պատճառներով ներկայում պանթիւրքիզմի իրականացումը անիրատեսական է դիտւում, սակայն երբէք ու երբէք չպէտք է մտածել, որ դա այլեւս անկենդան գաղափար է։ Ինչպէս կը տեսնենք այս հետազոտութեան մէջ, այն ոչ միայն գոյութիւն ունի, այլեւ կան կենտրոններ, որոնց կողմից այդ գաղափարախօսութիւնը արդիականացւում եւ լայնօրէն տարածւում է։ Իսկ նման հետեւողական աշխատանքի արդիւնքում պատեհ առիթի դէպքում այն մէկ անգամ եւս կարող է պատուհաս դառնալ թէ՛ հայութեան ու Հայաստանի համար եւ թէ՛ Իրանի։ Այս գիրքը մի փորձ է՝ վերստին յիշեցնելու այդ վտանգի եւ այն կանխելու անհրաժեշտութեան մասին: