Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թևան Պողոսյանը Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով այն հարցին, թե ինչպե՞ս է ստացվում, որ ժողովուրդը միշտ դժգոհ է իշխանություններից, բայց ընտրություններին միշտ հօգուտ նրանց է ընտրում, նշեց, որ դա պայմանավորված է մեր ընտրական մեխանիզմներով և ընկալումներով, թե ինչպես ենք մենք ընտրում:
«Ընտրում են ուժը, ընտրում են ուժային մեխանիզմը` ընկեր, ախպեր, ծանոթով: Բացի այդ էլ` կա հետևյալ մի երևույթ, որի մասին ոչ ոք չի խոսում. հաղթանա՞կ ենք գնահատում այն, ինչ հանրապետականները ունեցան: Իրենք ասում են` հաղթանակ, բայց` արդյո՞ք, 30 տոկոսը նշանակում է հաղթանա՞կ: Հաղթանակ կնշանակեր 50+1-ը»,- նշեց մեր զրուցակիցը:
Ըստ պատգամավորի` եթե ընդդիմությունը վաղը կոալիցիա կազմի այնպես, որ կարողանա ավելին վերցնել, գուցե կարող է և հաղթանակ տանել: «Հիմա ունենք` ինչ-որ ունենք, և սա է դառնում պատճառ, որ իշխող կուսակցությունը միշտ կարողանում է այդ խայծը գցել, բաժանել ու փոշիացնել ձայները և նույնիսկ իր` ընդամենը 30 քանի տոկոսը ներկայացնել որպես հաղթանակ»,- ասաց նա:
Ըստ Թևան Պողոսյանի` ելքը նորին գնալու, նորին հավատալու, երիտասարդին հավատալու մեջ է, որը կբերի ծրագիր և ինչ-որ բան կփոխի: «Բողոքում, բողոքում են, իսկ ընտրության օրը, պարզվում է, հարցերը լուծվել են: Ում որ ամենաշատ ձայնն են տվել, նրանք այդ քաղաքների բոլոր խնդիրները լուծե՞լ էին, արդեն այդտեղ կյանքը լա՞վ էր, լուսավո՞ր էր, բոլորը գործ ունեի՞ն, այսպիսի դրական բաների հիման վրա՞ են իրագործել: Ո\'չ, նույնը շարունակվելու է: Նշանակում է, որ նաև հանրության մեջ կա խնդիր: Միգուցե վախենո՞ւմ են փոփոխությունից, բայց ելքը նորին գնալու, նորին հավատալու, երիտասարդին հավատալու մեջ է, ով որ կբերի ծրագիր և ինչ-որ բան կփոխի»,- ասաց նա:
Մեր դիտարկմանը` գուցե ընտրությունների միջոցով փոփոխություններ այդպես էլ չլինեն, Պողոսյանն արձագանքեց. «Իսկ ո՞վ ասաց` փոփոխություններ չունենք: Վանաձորում կա փոփոխություն, Գյումրիի նախկին ավագանիում մեկ հոգի էր ընդդիմադիրի կարգավիճակով, հիմա ավելին է լինելու: Քայլ առ քայլ ավելի կընկալվի, որ տարբեր տեղերում այդ նոր դեմքերը կամ նոր թիմը, եթե ընդլայնում է իր հնարավորությունները, կբերեն փոփոխություն: Քչով չենք բավարարվում, աշխատում ենք, որ հաջորդ անգամ ավելի շատ լինի»:
Անդրադառնալով հարցին, թե ընդդիմությունը չի միավորվում, դրանից էլ գալիս է ամբողջ խնդիրը, Պողոսյանը նշեց. «Դրա մեջ չեմ ցանկանում միայն ու միայն ընդդիմությանը մեղադրել, իսկ իշխող կուսակցությունն ի՞նչ է արել: Խոստումներ են տվել, ո՞ր խոստումն է կատարել: Իսկ եթե խոստում չի կատարել, ի՞նչ տարբերություն: Փորձում ենք հիմա ասել` ընդդիմությունն այսպիսին է, բա իշխանությո՞ւնը ոնցն է: Պետք է հավատալ այդ փոփոխությանը, քայլ առ քայլ պետք է գնալ այդ փոփոխությանը, թե չէ` 5 տարի բողոքում են, հետո ո՞նց են գնում ու նորից ընտրում: Այ, մեխանիզմն այդտեղից է գալիս»: