Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Դիվանագիտական ծառայությունը մշտապես փոփոխվող կառույց է, լինում են ռոտացիաներ, խոսքը մասնավորապես դեսպանների ռոտացիայի մասին է, սակայն ԱԳՆ կենտրոնական ապարատում փոփոխությունների մասին տեղեկատվություն չկա: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակմանը և նշելով, թե «հետաքրքիր է` ովքեր են այդ աղբյուրները»:
«Երբեմն այնպիսի տեղեկատվություն է տարածվում, որին տեղյակ չենք, և մենք էլ ենք զարմանում՝ արդյո՞ք ԱԳՆ-ում նման բան կա, թե՞ չկա: Ուստի եթե բացահայտվեն աղբյուրները, մենք էլ կիմանանք՝ որտեղից իրենց այդ ինֆորմացիան»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ, «Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով, ԱԳՆ-ում փոփոխություններ են սպասվում, մասնավորապես` փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը թոշակի է անցնելու և հնարավոր է նախարարի խորհրդական նշանակվի: Իսկ ԱԳ փոխնախարար կնշանակվի Շվեդիայում և Ֆինլանդիայում դեսպան Արտակ Ապիտոնյանը, որը 2009-2013 թթ. եղել է ՀՀ նախագահի արտաքին կապերի վարչության պետը:
Ինչ վերաբերում է ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանի` Վատիկանում ՀՀ դեսպան նշանակվելու մասին տեղեկությանը, Աննա Նաղդալյանը պատասխանեց. «Դեսպանների փոփոխումը՝ հետկանչը, նշանակումը բնականոն բնույթ է կրում նախարարությունում: Դեսպանների նշանակման կարգը տեղի է ունենում ՀՀ Սահմանադրության հիման վրա և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի շրջանակներում: Մինչև գործընթացի ավարտը մենք դեսպանների մասին նշանակման վերաբերյալ որևէ մեկնաբանություն հրապարակային չենք տալիս՝ ելնելով կոռեկտության սկզբունքից»: