կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-06 15:47
Տարածաշրջան

Ես անձամբ նման տեղեկություն չունեմ. ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը՝ Նախիջևանում թուրքական բազայի ստեղծման մասին

Ես անձամբ նման տեղեկություն չունեմ. ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը՝ Նախիջևանում թուրքական բազայի ստեղծման մասին

Այսօր Մոսկվա-Երևան-Մինսկ-Բիշքեկ-Աստանա տեսակամրջի ընթացքում ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովն իր ներածական խոսքում ասաց, որ Բելգիայի, Նիդերլանդների, Թուրքիայի, Գերմանիայի, Իտալիայի ավիաբազաներում, այսօրվա դրությամբ, պահվում է նախորդ սերնդի 200 միավոր չկառավարվող ավիառումբ, այսինքն՝ դրանք ավիաբազաներում պահվում են 10, 15, 20 տարի:

Երևանյան տաղավարից հնչած մտահոգությանը և հիշեցմանը, թե Թուրքիան վերջին շրջանում ակտիվություն է դրսևորում Նախիջևանի ուղղությամբ, Սիդորովը արձագանքեց. «Ես չեմ ասում, որ Թուրքիան ներկա դրությամբ ինչ-որ ագրեսիվ քաղաքականություն է նախապատրաստում Հարավային Կովկասում, հատկապես` Հայաստանի նկատմամբ»:

Yerkir.am-ի հակադարձմանը՝ կան տեղեկություններ, որ Թուրքիան պատրաստվում է, որպես ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի հակակշիռ, Նախիջևանում երրորդ բազան ստեղծել,  ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը պատասխանեց. «Ես անձամբ նման տեղեկություն չունեմ»:

Հիշեցնենք՝ վերջերս ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը հայտարարել էր, որ Թուրքիան նախապատրաստվում է իր սահմաններից դուրս՝ Նախիջևանում,  ստեղծել իր երրորդ ռազմաբազան: «Օգտվելով այն հանգամանքից,  որ ՌԴ-ն ունի իր կարիքը Սիրիայում, Թուրքիան փորձում է իր ոտքի տեղը մի քիչ ընդլայնել և ուժեղացնել իր ներկայությունը Նախիջևանում, այդ թվում՝ ռազմական առումով: Սա աշխարհաքաղաքական կարևոր գործընթաց է, և չեմ կարծում, որ այն ռուսների կողմից լուրջ հակազդեցության չի արժանանա, քանի որ սա առաջին հերթին արվում է ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի գոյությանը հակակշռելու նպատակով»,- նշել էր նա:

Իր հերթին, քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը լրացրել էր, թե «այդ ռազմաբազայով Թուրքիան մեծացնում է իր ռազմական ներկայությունը, և սա անում է ՌԴ-ի հետ իրենց սիրախաղերի պահին, որ Ռուսաստանը չխոսի, քանի որ ներկայում Ռուսաստանը շահագրգռված է Թուրքիային պոկել արևմտյան աշխարհից»: