կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-25 16:48
Հասարակություն

Ես տեղեկություն չունեմ, որ ինձ սխալ են զեկուցում. Սեյրան Օհանյան

Ես տեղեկություն չունեմ, որ ինձ սխալ են զեկուցում. Սեյրան Օհանյան

Շաբաթներ առաջ` Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի կողմից կազմակերպված լսումների ժամանակ, կարծիք հնչեց, որ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին սխալ է զեկուցվում բարձր տեխնոլոգիաների խնդիրների մասին, որոնք կարող են ներդրվել բանակում ՝ լուծելով լրջագույն խնդիրներ:

 

Այսօր Ազգային ժողովում լրագրողները Սեյրան Օհանյանից հետաքրքրվեցին, թե նա ինչ կարծիք ունի հնչած տեսակետի մասին: «Վերջին տարիներին բավական լուրջ աշխատանք ենք տանում ռազմական արդյունաբերության ոլորտի զարգացման գործում: Բոլոր գործուն առաջարկությունների շուրջ համապատասխան որոշումներ են կայացվում: Ես տեղեկություններ չունեմ, որ սխալ է զեկուցվում: Համենայն դեպս,  այն մարդիկ, ովքեր դա շահարկում են, երբևիցե գործուն առաջարկություններ չեն արել: Այն առաջարկությունները, որոնք գործնական են եղել, իսկ այդպիսի առաջարկները բազմաթիվ են, դրանց բոլորի շուրջ էլ որոշում ընդունվել է»,- ասաց Օհանյանը:

 

Նախարարը նաև անդրադարձավ Ռիգայում ընդունված` ԼՂՀ հիշատակումով բանաձևին: Նրա խոսքով՝ Հայաստանի տեսակետը մնում է նույնը, այսինքն` հարցը պետք է ունենա խաղաղ լուծում:

 

«Մենք հարցի խաղաղ և բանակցային լուծման ճանապարհի կողմնակիցն ենք, որը պետք է տանի հավասար երկխոսության, վստահության մթնոլորտի ձևավորման, իսկ վստահության մթնոլորտի ձևավորումը կայացվում է մեր երկու հակամարտող կողմերի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության` որպես երրորդ կողմի, զինադադարի պայմանների իրականացմամբ: Այն, ինչ կնպաստի այդ խնդիրների իրականացմանը մեր կողմից ընդունելի է»,- ասաց նախարարը:

 

Հարցին, թե ԵՏՄ-ին անդամակցելուց հետո, անվտանգության տեսանկյունից, տեղաշարժ նկատվո՞ւմ է, Օհանյանը պատասխանեց. «Ուզում եմ տեղեկացնել, որ այսօր էլ մեր գլխավոր խնդիրներից մեկը, գերակա ուղղությունը Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովումն է, որն անհնար է իրականացնել` գտնվելով այս տարածաշրջանում և առանց համագործակցելու տարածաշրջանային երկրների և գերտերությունների հետ: Այն խնդիրները, որոնք նախատեսվել են ԵՏՄ-ի շրջանակներում, ռազմական, ռազմատեխնիկական խնդիրների իրականացման շրջանակներում պահպանվում են»,- եզրափակեց նախարարը: