կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-05 20:18
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեղեկություն չունեմ՝ Հայաստան պետությունը ՀԱՊԿ-ին դիմե՞լ է, թե՞ ոչ․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանի կրակոցներին ՀԱՊԿ արձագանքման մասին

Պաշտոնապես ո՛չ, ես չեմ դիմել ՀԱՊԿ-ին, ես նման տեղեկություն չունեմ՝ Հայաստան պետությունը դիմե՞լ է, թե՞ ոչ, միգուցե դիմել է՝ Yerkir.am-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ մեկնաբանելով ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի խոսքը, որ՝ եթե պաշտոնական Հայաստանը դիմեր ՀԱՊԿ-ին՝ Ադրբեջանի կրակոցներին արձագանքելու հարցով, կառույցը հնարավոր է արձագանքեր։ 

«Մի քիչ զարմանալի է, որ այդ մասին պետք է անընդհատ նշվի, անընդհատ այդ հարցը բարձրացվի մի կառույցում, որը հենց միտված է այդ կրակոցներին արձագանքելուն՝ հա՛մ ապագայում, հա՛մ ներկայում»,-տարակուսեց Ալեն Սիմոնյանը՝ չանդրադառնալով, որ կառույցն արձագանքում է միայն այն դեպքում, երբ անդամ-պետությունը պաշտոնապես դիմում է։

Նա պարզապես ընդգծեց, որ կրակոցները նոր չեն, իսկ Հայաստանի պետական դիրքորոշումն այն է, որ ՀՀ ուղղությամբ կրակոցներն անընդունելի են՝ լինի ՀԱՊԿ շրջանակում, թե՝ ընդհանրապես։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-5-ը Երևանում անցկացվում են ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդի և խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստերը:

Նիստերին մասնակցելու համար Հայաստան ժամանած՝ ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հայաստանի սահմանին Ադրբեջանի կրակոցներին ՀԱՊԿ-ի արձագանքման հարցը թեև լրագրողները բարձրաձայնում են, բայց պաշտոնական Հայաստանն այդ հարցով ՀԱՊԿ-ին չի դիմել։

Մանրամասները՝ տեսանյութում.