կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-13 12:25
Մշակույթ

Համազգային թատրոնի դերասանները դադարեցրին գործադուլը

Համազգային թատրոնի դերասանները դադարեցրին գործադուլը

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի  դերասանները դադարեցնում են դեկտեմբերի 1-ից սկսած գործադուլը:

Yerkir.am-ի հետ զրույցում թատրոնի դերասաններից Արման Նավասարդյանը նշեց, որ իրենց պահանջը` թատրոնի տնօրեն Վիգեն Չալդրանյանի հրաժարականը, կատարված է, ուստի իրենք դադարեցնում են գործադուլը:

«Այսօրվանից դադարեցնում ենք գործադուլը և սպասում հետագա որոշումներին: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Վիգեն Չալդրանյանին` նման քայլի համար ու վստահեցնում եմ, որ նրա քայլը հանուն թատրոնի է և միայն ու միայն հանուն թատրոնի բարօրության»,- ասաց Նավասարդյանը:

Նշենք, որ հաջորդ քայլը թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելն է, որին կհաջորդի թատրոնի տնօրենի թափուր հաստիքը զբաղեցնելու մրցույթ:

Տեղեկացրել էինք, որ թատրոնի ստեղծագործական կոլեկտիվը տնօրենի պաշտոնում ուզում է տեսնել Արման Նավասարդյանին, իսկ որպես գեղարվեստական ղեկավար` նույն թատրոնի դերասանուհի Նարինե Գրիգորյանին:

Մեր հարցին, թե կդիմի՞հայտարարվելիք մրցույթին, Նավասարդյանը պատասխանեց` այո:

Հիշեցնենք, որ խմորումները թատրոնում առաջացել էին դեռ այն ժամանակ, երբ Չալդրանյանը նշանակվել էր թատրոնի տնօրեն: Երկու տարի նրա հետ աշխատելուց հետո թատրոնի կոլեկտիվը սկսեց բարձրաձայնել, որ այլևս անհնար է` թատրոնը կորցնում է իր դեմքը: Չալդրանյանը նախ հրաժարվեց թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից և գեղարվեստական ղեկավար նշանակեց ռեժիսոր Սուրեն Շահվերդյանին, որը նշանակման առաջին իսկ օրը հայտարարեց, որ եթե դերասանները չաշխատեն իր հետ, նոր թիմ կհավաքի: Շահվերդյանի նման հայտարարությունը շատերի քննադատությանն արժանացավ, որից հետո նա հրաժարվեց պաշտոնից: