Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2018-12-12 15:12
Մշակույթ

Նկարիչների միությունը 30 մլն դրամի պարտք ունի, գույքն է օտարվել, կանոնակարգը չի գործում. նկարիչների ակնկալիքը` համագումարից

Նկարիչների միությունը 30 մլն դրամի պարտք ունի, գույքն է օտարվել, կանոնակարգը չի գործում. նկարիչների ակնկալիքը` համագումարից

Դեկտեմբերի 15-ին Նկարիչների միությունում տեղի կունենա միության համագումարը: Դեռ հունիս ամսից միությունում սկսվել էին դժգոհությունները` նկարիչները բարձրաձայնում էին այն մասին, որ խախտվել են միության կանոնակարգի մի շարք կետեր` սահմանված ժամկետում համագումար տեղի չի ունեցել, չարաշահումներ ու յուրացումներ են եղել, ինչպես նաև առկա է լճացում: Նկարիչները բողոքում էին, որ միությունից կամաց-կամաց օտարանում են:

Yerkir.am-ն անդրադարձել էր միության թե՛ երիտասարդ, թե՛ ավագ սերնդի բողոքին, որոնք բողոքում էին նաև միության նախագահ Կարեն Աղամյանի դեմ, որն արդեն 20 տարի է, ինչ միության ղեկավարն է: Ի պատասխան` Աղամյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ խախտումները եղել են ոչ իր օրոք, ավելին, նրա հավաստմամբ, մինչև իր՝ միության նախագահ ընտրվելը միության ունեցվածքի 85 տոկոսից ավելին ապօրինի ձևով վաճառված է եղել: Աղամյանը հայտարարել էր, որ կրկին չի առաջադրի իր թեկնածությունը:

Համագումարից առաջ Նկարիչների միության մի խումբ անդամներ հանդիպեցին լրագրողների հետ` ներկայացնելով իրենց ակնկալիքն ու առաջարկությունները: Նշենք, որ դեկտեմբերի 15-ին կայանալիք համագումարում նկարիչները կընտրեն միության նախագահ և վարչության նոր կազմ:

Նկարիչների միության անդամ Մարթա Այվազյանի խոսքով` տասնյակ տարիներ միությունը եղել է նկարիչների տունը, սակայն վերջին տարիներին մի շարք խնդիրներ են կուտակվել, որոնք խոչընդոտում են միության բնականոն գործունեությանը: Այվազյանի խոսքով` բավական տարօրինակ է, որ 20 տարի միևնույն մարդն է ղեկավարել կառույցը:

«Այնուամենայնիվ, անկախ նրանից, թե ով կընտրվի միության նախագահ, մենք ոչ թե խնդրում, այլ պահանջում ենք, որպեսզի նա առաջին հերթին զբաղվի միության խնդիրներով, որոնք վերաբերում են ինչպես միության կանոնակարգային փոփոխություններին, այնպես էլ ֆինանսատնտեսական հարցերին: Առանց լուծումների արդյունքների հրապարակայնացման` մենք չենք կարողանա ապահովել միության բնականոն գործունեությունը: Միությունն այժմ չի ծառայում այն նպատակներին, որի համար ստեղծվել է»,-ասաց Այվազյանը:

Ըստ նրա` վերջին տարիներին դատական որոշակի գործընթացներ են եղել միության հետ կապված, որոնց արդյունքներն այնքան էլ արժանահավատ չեն նկարիչների համար:

Այվազյանի խոսքով` միության համար առաջին հերթին կարևոր մի շարք անելիքներ կան` կանոնադրական փոփոխություններ, համագումարի արժևորում և ստուգումներ` ֆինանսատնտեսական իրավիճակը թափանցիկ դարձնելու համար:

Նկարիչների միության անդամ Վահագն Գալստյանի համոզմամբ էլ` ստացվել է այնպես, որ միության նախագահը ղեկավարում է նաև միության վարչությունը, իսկ վարչությունը պետք է լինի անկախ մարմին: Ուստի, նրա կարծիքով, վարչության ու միության նախագահի գործառույթները պետք է հստակեցվեն, և վարչությունն, իրոք, անկախ մարմին դառնա:

Խոսելով միության ֆինանսատնտեսական վիճակի մասին` Գալստյանը նշեց, որ այս տարի գարնանն իրենց ծանուցում է եկել, ըստ որի` միությունը շուրջ 30 մլն դրամի պարտք ունի: Իսկ թե ինչպես է այդ պարտքը գոյացել, իրենք տեղյակ չեն: 

Նկարիչների միության անդամ Զարուհի Մուրադյանի խոսքով էլ` միության կանոնադրության մեջ պետք է նշվի միության նախագահի պաշտոնավարման ժամկետը, և երկու անգամից ավելի ոչ ոք չպետք է իրավունք ունենա պաշտոնավարելու` անկախ անձերից: «Կարծում եմ` համագումարի ժամանակ պետք է քննարկենք` արդյո՞ք ճիշտ է հենց նախագահ ընտրել, թե գուցե կարող է ինչ-որ վարչություն կամ մարմին լինել: 20 տարի նույն անձն է ղեկավարում, և մենք լիովին օտարված ենք Նկարիչների միությունից, այնտեղ գնում ենք, եթե մեզնից մեկի ցուցադրությունն է կամ թաղումը: Մեր մեջ կան երիտասարդ, կարող ուժեր, և մենք կարծում ենք, որ միության  ղեկավար ուժը պետք է փոխվի: Նկարիչների միությունը մեր բոլորի միությունն է, ուզում ենք գալ այդ շենք ոչ միայն թաղումների ու ցուցահանդեսների համար»,- ասաց Մուրադյանը:

Նա հավելեց նաև, որ միությունում ոչ մի ազատ սենյակ չկա, բոլորը վարձակալությամբ են տրված:

Նկարիչները բարձրաձայնեցին նաև այն խնդրի մասին, որ, ըստ միության կանոնակարգի, միության նախագահն իրավունք ունի ինչ-ինչ գույք օտարելու, որը պետք է հանվի կանոնակարգից: Բացի այդ, ըստ կանոնակարգի, միության վերստուգիչ հանձնաժողովում միայն նկաիչները պետք է ընդգրկված լինեն, սակայն, սա, ըստ նկարիչների, սխալ կետ է, քանի որ նկարիչները չէ, որ պետք է վերստուգեն իրենց աշխատանքը, այլ անկախ մարմին պետք է լինի: