Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2018-12-12 14:44
Իրավական

Ոստիկանապետ փոխվեց, և պիտի դրական փոփոխություն լիներ, բայց մեկ ամսում խոշտանգման 4 դեպք է արձանագրվել. փաստաբան

Ոստիկանապետ փոխվեց, և պիտի դրական փոփոխություն լիներ, բայց մեկ ամսում խոշտանգման 4 դեպք է արձանագրվել. փաստաբան

Հեղափոխությունից հետո շարունակվում են խափանման միջոցների կիրառման հետ կապված արատավոր երևույթները:  Yerkir.am-ի հարցին ի պատասխան` ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ-ի փաստաբան Արա Ղարագյոզյանը   «Մարդու իրավունքները 2018-ին. տարվա ամփոփում» թեմայով հանդիպման ժամանակ:

«Եթե գործն աղմկահարույց է, ապա հաճախ նախկին իշխանությունների ներկայացուցիչները գրավով ազատվում են, բայց ավելի մեղմ հանցանք կատարածների նկատմամբ կալանքն է որպես խափանման միջոց կիրառվում: Գլխավոր դատախազն ասում էր, որ խնդիր կա, ոլորտը պիտի բարեփոխվի, բայց արատավոր երևույթները շարունակվում են: Ինձ համար մտահոգիչ է դատախազության վերաբերմունքը, երբ գլխավոր դատախազը խնդիր է տեսնում, իսկ դատախազները դատարաններում մեր միջնորդություններին առարկում են: Մենք պետք է հասկանանք՝ ուզում ենք, որ անընդհատ ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ որոշումնե՞ր կայացնի, թե՞ ժամանակն է անհատական մոտեցում ցուցաբերելու` օրենքի սահմաններում: Արդյունավե՞տ է այդքան կալանավոր պահելը,  հետո նրանք դիմեն ՄԻԵԴ, ու պետությունը փոխհատուցում վճարի: Ակնհայտ փոփոխություններ դեռ չեն նկատվում: Երկրորդ՝  կա դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ ասվածը, էթիկայի հանձնաժողովը, որ նույնպես չի գործում»,-նշեց փաստաբանը: 

Ըստ նրա՝ պետք է ստեղծվի այնպիսի անկախ մարմին, որ ապօրինությունների դեպքում տվյալ որոշում կայացրած դատավորը պատասխանատվության ենթարկվի: «Թե չէ ստացվում է՝ դատավոր, ինչ ուզում ես, արա, հետո կդիմեն ՄԻԵԴ, մեկ է` մեր գրպանից չի, պետության բյուջեից է փոխհատուցումը վճարվում:  Այո, պետությունն է պատասխանատվություն կրում խախտման համար, բայց այդ իրավունքի խախտողը պետական պաշտոնյան է: Եթե անկախ դատական համակարգ չունենանք, ապա հեղափոխությունից հետո էլ որևէ բանի չենք հասնի»,- շեշտեց Ղարագյոզյանը՝ հավելելով, որ ծայրահեղ դեպքերում կալանքը պիտի կիրառվի որպես խափանման միջոց:

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ-ի փաստաբանը տեղեկացրեց, որ վերջին մեկ ամսում խոշտանգման 4 դեպք է արձանագրվել: «Ոստիկանապետ փոխվեց, և մտածում էինք, որ դրական փոփոխություն կլինի, բայց Գյումրիում խոշտանգման դեպք արձանագրվեց, Սևանում, Արաբկիրում...»,- մանրամասնեց նա: