կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-03 14:37
Առանց Կատեգորիա

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երբ մայիսից սկսվեց խուճապը, առողջապահության նախարարության հռետորաբանությունը փոխվեց, բայց ոչ մեկն արդեն չէր լսում․ համաճարակաբան

Հակահամաճարակային միջոցառումները Հայաստանում անարդյունավետ էին՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՄԻԱՎ-ՁԻԱՀ կենտրոնի փորձագետ, համաճարակաբան Էդվարդ Հովհաննիսյանը մամուլի ասուլիսում։

Նա անդրադարձավ վերջերս առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խոսքին, որ՝ եթե նույնիսկ եղել են որոշակի սխալներ, ապա դրանք եղել են նրանից, որ վիրուսն այնքան էլ ճանաչված չէր, ուսումնասիրված չէր և բոլոր գործողությունների հիմքում ընկած էին ԱԿՀ-ի եւ մեր մասնագետների խորհուրդները:

«Մենք ունենք աքսիոմա, որ եթե վիրուսն ուսումնասիրված չէ, անհայտ է, ապա մենք այն դիտարկում ենք առավելագույն վտանգավոր, քանի դեռ ապացուցված չէ հակառակը: Բայց արդյո՞ք իրականում այդքան ուսումնասիրված չէր: Երբ նայում ենք ԱՀԿ-ի վերլուծությունները, արդեն փետրվարին կար բավական շատ տեղեկատվություն, որ վիրուսն ունի բավական մեծ վտանգավորություն, ունի պանդեմիայի վերածվելու բնութագրեր, ունի բարձր մահաբերություն, առավել քան գրիպի վիրուսը»,-ասաց նա:

Համաճարակաբանը նկատեց, որ նույնիսկ հստակ կար ցուցում, որ այս նոր վիրուսը չի կարելի համեմատել գրիպ վիրուսի հետ, որովհետեւ ավելի բարձր է մահաբերությունը և որովհետեւ գրիպի վիրուսն ունի պատվաստանյութ և բուժում:

«Այսինքն, փետրվարի կեսերին ԱՀԿ-ն տեսել էր այդ միտումը, որ կան մարդիկ, որոնք փորձում են նվազեցնել վիրուսի վտանգը»,-նշեց նա:

Էդվարդ Հովհաննիսյանը հիշեցրեց, որ մարտի սկզբին հնչեց միտք, որ կարանտինը արդյունավետ միջոց չէ ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարում, այնինչ, կարանտինը միշտ եղել է և կմնա արդյունավետ միջոց:

«Կարանտինը պետք էր մտցնել շատ ավելի շուտ: Մենք արդեն փետրվարից ԱՀԿ-ից ունեինք տեղեկատվություն, որ իրավիճակը Իրանում եւ Իտալիայում մտահոգիչ է: Նույնիսկ ունենք հստակ հաղորդագրություն փետրվարի 28-ին ԱՀԿ-ից, որ Իտալիայից արդեն 14 երկրներ արտահանվել է վիրուսը, իսկ Իրանից՝ դեպի 11 երկիր»,-ասաց նա:

Համաճարակաբանը նկատեց, որ նույնիսկ կարանտին հայտարարելուց հետո ՀՀ-ում այն ոչ լիարժեք իրականացվեց։

Կարանտինը, նրա խոսքով,  պետք է մտցվեր մաքսիմալ խորը, մաքսիմալ ամբողջ ուժով: ԱՀԿ-ն փետրվարից առաջարկներն արել է, որ պետք է աշխատանք տանել բնակչության հետ: Այսինքն, պետք է մշակվի հստակ ռազմավարություն բնակչության հետ հաղորդակցման, պետք է բնակչությանը տրվի լիարժեք ինֆորմացիա, որ բոլոր շերտերը պաշտպանված լինեն վիրուսից, որ չառաջանա խուճապ:

«Խուճապ չի լինում, երբ բնակչությունն ստանում է լիարժեք ինֆորմացիա, մատչելի և կիրառելի ինֆորմացիա: Արդյո՞ք առողջապահության նախարարի կողմից տրված ինֆորմացիան եղել է լիարժեք, արդյո՞ք եղել է պաշտպանող, սովորեցնող, վարքագիծ մշակող: Իհարկե՝ ոչ: Խուճապը դրանից է առաջացել, որ տեսնում էին՝ ինչ է կատարվում աշխարհում, բայց չէին ստանում համապատասխան գիտելիքներ և տեղեկատվություն, որ կարողանան իրենց պաշտպանել»,-ասաց Էդվարդ Հովհաննիսյանը:

Հակահամաճարակային միջոցառումների պլանավորման անարդյունավետության մասին նա ասաց, որ ամբողջ փետրվարը ԱՀԿ-ն ուղղորդել է, առաջարկել է երկրներին մշակել հակահամաճարակային ռազմավարություններ, գնահատել իրենց կարողությունները, գնահատել, թե ինչ պաշարներ ունենք և նախապատրաստվել համաճարակին, այնինչ Հայաստանում դա իրականացված չէր:

«Հաջորդը այդ ռազմավարության պլանավորումն էր նախարարի կողմից: Նա հայտարարել էր, որ այս վիրուսն ունենալու է սեզոնայնություն, այսինքն ջերմաստիճանը բարձրանա, վիրուսը նահանջելու է: Նորից դա հակասում էր մեր ունեցած տվյալներին: Պանդեմիաները չունեն սեզոնայնություն: Բայց դա հիմք հանդիսացավ, որ 1-2 ամսվա համար պլանավորեին մեր հակահամաճարակային միջոցները, հզորությունները, ֆինանսները: Դրա համար մայիսից սկսվեց խուճապը, առողջապահության նախարարության հռետորաբանությունը փոխվեց, սկսեցին արդեն վախեցնել, որ դա մահացու է, տեղ չմնաց հիվանդանոցներում: Այդ ժամանակ արդեն բնակչությունը չէր լսում առողջապահության կազմակերպչին»,-նկատեց Էդվարդ  Հովհաննիսյանը:

Մանրամասն՝ տեսանյութում․