կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-07 20:17
Հասարակություն

Գեղարդի վանքին շնորհվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուժեղացված պաշտպանության կարգավիճակ

Գեղարդի վանքին շնորհվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուժեղացված պաշտպանության կարգավիճակ

Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1954թ. կոնվենցիային կից 1999թ. Երկրորդ արձանագրության կոմիտեի նիստը այսօր՝ դեկտեմբերի 7-ին, միաձայն որոշել է Հայաստանի ներկայացրած «Գեղարդի վանք և Ազատ գետի վերին հովիտ» վայրին՝ որպես մարդկության համար բացառիկ կարևորություն ունեցող արժեք, շնորհել ուժեղացված պաշտպանության կարգավիճակ (Enhanced protection)։ Այսպիսով «Գեղարդի վանք և Ազատ գետի վերի հովիտ» վայրը դարձել է Հայաստանի առաջին մշակութային արժեքը, որին ուժեղացված պաշտպանության կարգավիճակ է տրամադրվել։

Գեղարդի վանքը և Ազատ գետի վերի հովիտը 2000 թվականից ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում՝ հանդիսանալով մարդկության համար առավել մեծ արժեք ներկայացնող հուշարձան: «Ուժեղացված պաշտպանությունը» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1954թ. կոնվենցիային կից 1999թ. երկրորդ արձանագրությամբ մշակված մեխանիզմ է` զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների հատուկ պաշտպանություն սահմանելու համար: Մեխանիզմը պահանջում է հակամարտող կողմերին ձեռնպահ մնալ նման հուշարձանի վրա հարձակումից, ինչպես նաև այն կամ դրա անմիջական շրջապատը ռազմական նպատակներով ցանկացած օգտագործումից: Արձանագրությունը նաև սահմանում է քրեական պատիժներ` ֆիզիկական անձանց կողմից մշակութային արժեքի նկատմամբ ուժեղացված պաշտպանությունը խախտելու պարագայում:

Ուժեղացված պաշտպանության կարգավիճակ ունեցող ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ցանկում այժմ ընդգրկված է մարդկության համար բացառիկ արժեք հանդիսացող 17 մշակութային արժեք։