Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Dushmanvardanstepanyan.wordpress.com-ում կարդում ենք. «Մեծ երկրաշարժից առաջ Վարդանը Մոսկվայում մտավորական շրջաններում Արցախյան հարցի բացատրական աշխատանքով էր զբաղված: Եվ երբ մեծ աղետն եղավ, Մոսկվայից Երևան գալով` տուն էլ չմտավ, անմիջապես գնաց Լենինական: Մոսկովյան մի շարք թերթեր գրեցին Վարդանի Լենինականյան օրերի մասին: 18 օրում Վարդանը փլատակներից հանեց 18 մարդ: 18 հոգի դրանից հետո վերստին կյանք ստացան, որոնցից մեկը հղի կին էր, որ ուր որ է ծննդաբերելու էր: Ուղարկեցին Վանաձորի ծննդատուն: Տուն գալով` մորը պատմում էր սարսռելի բաներ, որ որոնման աշխատանքների ժամանակ էին կատարվել: Առավել շատ նրան ազդել էր, երբ փլատակները քանդելիս` Նոր տարվա պատրաստություն տեսած ուտելիքներ, միրգ ու աղանդեղեն էր թափվում: Մարդիկ միամտորեն պատրաստվում էին տոնի, չիմանալով, որ առջևում մահացու աղետն է սպասվում:
Եվ մի գիշեր շատ հոգնած էր, մի քիչ հանգստանամ, ասաց: Քնելու տեղ չկար, մտավ մի դագաղի մեջ, կափարիչը ծածկեց, որ տաք լինի ու քնեց: Առավոտյան դագաղը վերցրին, որ տանեն թաղելու. ներսից ձայն լսվեց.
-Կենդանի եմ, սպասեցե՛ք…
Մարդիկ ասես վայրենացել էին: Հոգևոր որևէ երևույթ, մշակույթ, գիրք` արդեն օտար էր դարձել նրանց համար: Ահա մի տեղ խարույկ են արել, գրքեր էլ էին վառում: Նկատեց հայկական ճարտարապետական մի հին, արժեքավոր գիրք: Նման բանը չէր կարելի տաքանալու համար կրակին տալ:
Գուրգուրանքով վերցրեց, շոյեց գիրքը, ապա դրեց մոտիկ ծառի ճյուղերի արանքում և գնաց իր գործին: Երբ ետ դարձավ, որ մի փոքր հանգիստ առնի, գիրքը կրկին խարույկի կողքին` ցեխի մեջ ընկած էր: Այս անտարբերացած մարդկանց համար` վառելանյութ էր միայն: Վերցրեց, սրբեց, կրկին դրեց ծառին և հաջորդ դարձին կրկին եկավ մի փոքր հանգստանալու, գիրքն արդեն… վառել էին: Վշտացել էր, դառնացել. չկարողացավ արժեքավոր գիրքը փրկել:
Երբ մայրը ցույց տվեց այն թերթերը, որ պատմում էին Լենինականում Վարդանի կատարած որոնման աշխատանքների մասին և պատվոգրերը, որ նրա մորն էին հանձնել, ասաց.
-Մա՛մ, խնդրում եմ, ո՛չ մեկին ցույց չտաս, ամո՛թ է: Թող որ պարծանք չհամարեն այն, ինչն իմ պարտավորությունն է եղել:
Ոչ ճիշտ եղած գովեստների վտանգը նկատի ունենալով` Հիսուս առաքյալներին աշխարհ ուղարկելիս, գործը անելու մեծ գովեստների վտանգին` պատվիրեց այսպես դիմագրավել. «Ծառաներն ենք Աստծո, ինչ որ արեցինք, պարտավոր էինք անել»:
Եթե այդպես է, հապա ինչո՞ւ ենք մենք ևս Վարդանի արժանավոր գործերի մասին գրում, հիշատակում: Այդ էլ մե՛ր պարտավորությունն է: Բանն այն է, որ Վարդանի և մյուս արժանավոր մարդկանց բարի գործերի վկայությունները սերունդ են մշակում: Նման գրքեր կարդալով, կինոնկարներ դիտելով` մենք զարգացնում ենք արժանավոր շնորհները, ոգևորվում Աստվածային մարդասիրության հատկանիշներով, այդպես` սկսում ենք մերժել շրջապատի անհոգի բացասումները, այլևս շնորհներով աճելով ու քաջալերվելով բարի բաներում: Հին իմաստություն ասում է. «Մարդը հակված է առավել օրնակների հետևորդել, քան ճշմարտությանը»: Ուստի իմաստուն և բարի է մարդկանց ներկայացնել այնպիսի վկայության օրինակներ, որ ճշմարտությունից են և բարին են քաջալերում մեր մեջ»:
Մանրամասները` սկզբնաղբյուրում: