կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-18 13:19
Առանց Կատեգորիա

Սամվելը, Վարդանն ու վարդանանք

Սամվելը, Վարդանն ու վարդանանք

Գյումրիում ձնագնդի օրենքով ահագնանում են մտահոգությունները, թե «Ցայգ» հեռուստաընկերությանը նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի տված հարցազրույցն ու գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի հասցեին նրա հնչեցրած մի քանի արտահայտություններ, ինչպես նաև Սամվել Բալասանյանի կոշտ արձագանքը պայթյունավտանգ իրավիճակ են ստեղծել քաղաքում: Ոմանք այս խնդիրը նույնիսկ հայտարարել են Շիրակի նորանշանակ մարզպետի համար փորձաքար՝ տարածաշրջանում հաստատվելու և հիմնավորվելու առումով:

 

Ամենահետաքրքիրը, սակայն, այս հարցում այն է, թե ինչու Վարդան Ղուկասյանի և Սամվել Բալասանյանի ջրերը մի առվով չեն հոսում: Ի վերջո, երկուսն էլ Սերժ Սարգսյանի մարդիկ են՝ առանց որևէ շեղումի: Եվ ուրեմն ի՞նչ է նշանակում այս, մեղմ ասած, պայքարը, որ նրանք արդեն քանի ամիս է տանում են միմյանց դեմ, և որի պատճառով տուժում է միայն հասարակ գյումրեցին, որ, կարելի է ասել, լրիվ մենակ է մնացել իր հոգս ու ցավի հետ: Արդյոք, սա կրիմինալի՞ պայքար է քաղաքի օրինական իշխանության դեմ: Եթե այո, ապա ինչո՞ւ է քաղաքային իշխանությունն ինքը նույն կրիմինալ եղանակներով հակահարված հասցնում: Վերջապես, ո՞ւր են հանրապետական իշխանությունները, որոնք, թվում է` այս ընթացքում Վարդան Ղուասյանին ու նրա թիմին պետք է ցույց տային, թե որտեղ է իրենց տեղը: Պատրաստվո՞ւմ է, արդյոք, պաշտոնական Երևանը աջակցել իր նշանակած մարդուն՝ Սամվել Բալասանյանին, թե՞ իր դանդաղկոտությամբ որոշ բաներ է փորձում հասկացնել վերջինիս՝ կապված նախագահական ընտրություններում արձանագրած նրա ՙհաջողությունների՚ հետ: Բայց մյուս կողմից էլ` չի կարելի բացառել, որ Վարդան Ղուկասյանի թիմն է նպաստել այդ «հաջողություններին»` ունենալով արդեն ավելի նեղ խնդիր՝ վնասել գործող քաղաքապետին ու իշխանություններին հիշեցնել՝ Վարդանի` հեյ գիտի ժամանակները:

 

Որ կողմից էլ մոտենում ենք խնդրին, տեսնում ենք, որ, չնայած անձնավորված երանգին ու էմոցիոնալ դրսևորմանը, այն զուտ համակարգային է: Համակարգին չի հաջողվել իր հենասյուների միջև ինչ-որ բան ճիշտ բաժանել: Մեկին շատ է հասել, մյուսին՝ քիչ: Այս դեպքում պատառը Գյումրին է՝ իր մարդկանցով, իր դարդ ու ցավով, իր՝ տարիներ շարունակ չլուծվող խնդիրներով: Եթե Գյումրին լիներ մի քաղաք, որտեղ գնացողը պետք է միայն քրտինք թափի, ապա, կարող եք չկասկածել, որ այդ քաղաքի ղեկավարը կարող էր նաև ընդդիմությունից լինել: Կասեին՝ գնա, չարչարվիր, տեսնենք` ո՞նց ես հետո մեծ-մեծ խոսելու: Բայց, քանի որ Գյումրին մի քաղաք է, որի պրոբլեմները տարիներ շարունակ չլուծվելով, միշտ քաղաքական շահարկումների առարկա են դառնում և ընտրությունների համար հարմար քարոզչանյութ, իշխանության ներկայացուցիչները սովորել են, որ Գյումրիում հնարավոր է ոչինչ չանել և «երկար» փողեր աշխատել: Միևնույն է, ընտրության ժամանակ նախագահը կգա, մի քանի բնակարան կհանձնի և մարդիկ ծափ կտան: Իսկ ընտրությունից-ընտրություն՝ կեր, խմի շարունակ, Վարդան ջան (նաև՝ Սամվել ջան), քաղաքը խալի է ոտքիդ տակ…

 

Հետաքրքիր է, թե ինչ կարող է անել նորանշանակ մարզպետն այս իրավիճակում: Նրան կօգնի՞ իր գեներալական ֆորման: Մենք գիտենք, որ առնվազն չգործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանի վրա նախկին մարզպետի կազյոննի հագուկապն այնքան էլ մեծ տպավորություն ու ազդեցություն չէր թողնում, որովհետև, որքան մեզ հայտնի է Վարդանիկի ժամանակների «Գյումրին ես եմ» կարգախոսը Գիզիրյանից չէ, որ հնչել է: Սամվել Բալասանյանը դեռ այն «դուխը» չունի, որ ասի՝ Գյումրին ես եմ: Բայց մյուս կողմից էլ՝ առայժմ այնքան օգնություն չի ստանում կենտրոնական իշխանություններից, որ կարողանա քաղաքում քարը քարին դնել ու փակել վարդանանց բերանները: Քաղաքը ցեխի մեջ կորած է, փողոցներն ասես ռմբակոծված լինեն, իսկ բյուջեի պարտքի մասին էլ չենք խոսում, որ մնացել է Սամվելի վզին:

 

Ի՞նչ կլինի նրա վերջը, եթե նորանշանակ մարզպետն էլ, հանկարծ, Վարդանի կողմը բռնի, քանզի հենց Վարդանն է համարվում համակարգի առավել զտարյուն ներկայացուցիչը: Գյումրին, բնականաբար, իր շվարած բնակիչներով կվերածվի կոմեդիայի թատրոնի, իսկ համակարգը կշարունակի ոչինչ չանել քաղաքի համար՝ մինչև նոր ընտրություններ: Ի դեպ, նոր ընտրությունները կարող են և չուշանալ: Շուտով Երևանի հարցը լուծեն, կանցնեն Գյումրիին: Այս գործը, ինչպես ասում են, հանգիստ է սիրում:

 

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ