կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-04 12:52
Քաղաքական

Ո՞վ է ձեզ իրավունք տվել հայ ժողովրդին սև ու սպիտակի բաժանելու. Արսեն Համբարձումյան

Ո՞վ է ձեզ իրավունք տվել հայ ժողովրդին սև ու սպիտակի բաժանելու. Արսեն Համբարձումյան

Տեղեկացրել էինք, որ երեկ Արմավիր քաղաքի թիվ 1 մշակութային տան հարակից հրապարակում ՀՅԴ-ն հանրահավաք է անցկացրել:

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանի խոսքով`  առաջիկայում կայանալիք` Ազգային ժողովի ընտրություններն իրապես կարևոր են` Հայաստանի զարգացման հեռանկարի առումով: Դրանք կարևոր ընտրություններ են, քանի որ, ըստ նրա, մենք գտնվում ենք մի կարևոր ճամփաբաժանի առաջ:

Համբարձումյանը նշեց, որ մեծ հույս է արթնացել ժողովրդի մոտ, և ժողովուրդը միահամուռ կերպով արդեն իսկ մերժել է կոռուպցիան, թալանը, ամբարտավան կեցվածքը, զոռբայությունը` այն բոլոր երևույթները, որոնց դեմ տարիներով պայքար է մղվել: Այսօր, ըստ նրա, բեկումնային փոփոխություններ կատարելու մեծ հույս կա, սակայն, միաժամանակ, կա նաև անորոշություն:

«Հստակ չէ, թե ինչ ծրագրերով, կադրերով ու ինչ քաղաքականությամբ է դա հնարավոր իրականացնել: Միտումնավոր կերպով փորձ է արվում շրջանցել այս կարևորագույն հարցերը և քարոզարշավը մղել սև-սպիտակի դաշտ: Ինչքա՞ն կարելի է տառապել քաղաքական դալտոնիզմով: Ո՞վ է ձեզ իրավունք տվել հայ ժողովրդին սև ու սպիտակի բաժանելու: Մեզ մոտ համոզմունք է ձևավորվել, որ, ինչպես Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ էր, քաղաքական պայքարը միտումնավոր է տարվուն սև ու սպիտակի դաշտ, բովանդակազրկվում է քարոզարշավը, քանի որ օրակարգում գտնվող հիմնական հարցերը հստակ պատասխան չունեն»,- ասաց Համբարձումյանը:

Նա նշեց նաև, որ անցյալի էջը մեկընդմիշտ փակելու ու նոր փաթեթավորմամբ անցյալին վերադարձը բացառելու համար նախ անհրաժեշտ է հրաժարվել չարիքի արմատներից: Ըստ Համբարձումյանի` խոսքը քաղաքական մենիշխանության և ազգային ներուժի պառակտման մասին է: «Ցանկացած մենիշխանության պետք է ասել վճռական ոչ: Հստակ պետք է արձանագրել, որ ազգային ներուժի պառակտման ցանկացած փորձ պետք է մերժվի: Սակայն, միայն այս պատճառները վերացնելով, հնարավոր չէ առաջընթաց ունենալ, շատ կարևոր է` ինչ ենք ուզում անել»,- ասաց Համբարձումյանը:

Նա համառոտ ներկայացրեց Դաշնակցության անելիքները` նշելով, որ իրենք համոզված կողմնակիցն են, որ պետությունը պետք է ստանձնի ամբողջովին նոր դերակատարություն սոցիալ-տնտեսական քաղաքականության մեջ: Համբարձումյանի հավաստմամբ` պետությունը չի կարող ձեռքերը լվանալ ու մի կողմ քաշվել. ազատ շուկայի միջոցով մեր երկրում կուտակված հարցերը լուծումներ չեն ստանալու: «Պետությունը չի կարող լինել դիտորդի կարգավիճակում, չի կարող ունենալ կրավորական կեցվածք: Պետությունը պետք է գործուն մասնակցություն ունենա թե՛ տնտեսական զարգացման, թե՛ ազգային արդյունքի արդար վերաբաշխման ուղղությամբ: Մենք սոցիալական արդարության համոզված կողմնակիցն ենք, քանի որ ունենք ազգային պայքար, որը ենթադրում է ազգային համերաշխություն: Միայն սոցիալապես արդար հասարակությունը կարող է լինել համերաշխ, միայն համերաշխ հասարակությունը կարող է կերտել ուժեղ պետություն: Սա մեր համոզումն է, և սրանք խոսքեր չեն, այլ կոնկրետ ծրագրեր, որոնք Դաշնակցությունը պատրաստվում է իրականացնել»,- ասաց Համբարձումյանը:

Նրա խոսքով` Դաշնակցությունն ազգային ուժ է, Դաշնակցությունն ունի մեկ տեր` հայությունը. այնտեղ, ուր կա հայ հավաքականություն, այնտեղ ներկա է Դաշնակցությունը, այնտեղ, որտեղ մեր ազգային արժեքներին վտանգ է սպառնում, այնտեղ ներկա է Դաշնակցությունը:

«Սիրելի' ժողովուրդ, մենք քո Դաշնակցությունն ենք, մենք հավատարիմ ենք մեր հողին և մեր ժողովրդին: Այդպես եղել է, այդպես կա ու այդպես կլինի»,- խոսքն ամփոփեց Համբարձումյանը: