Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅ Դաշնակցության ռեյտինգային ընտրացուցակով առաջադրված պատգամավորության թեկնածուներն ամեն օր Երևանի տարբեր շրջաններում հանդիպում են քաղաքացիների հետ:
Այսօր ՀՅ Դաշնակցության պատգամավորության թեկնածուներ Գեղամ Մանուկյանն ու Սարգիս Կարապետյանը Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում էին: Նրանք հանդիպեցին քաղաքացիների հետ, ներկայացրեցին իրենց ծրագիրն ու պատասխանեցին հուզող հարցերին:
Ուշագրավ է, որ քաղաքի տարբեր հատվածներում ընտրարշավի համար նախատեսված հատուկ ցուցանակների վրա պատռել են ՀՅԴ թեկնածուների պաստառները, կամ նրանց պաստառների վրա փակցվել են այլ, մասնավորապես` «Իմ քայլը» դաշինքի պաստառները: Նույն պատկերն է նաև Քանաքեռ-Զեյթունում:
Թռուցիկներ բաժանելիս այդ շրջանում առաջադրված թեկնածու Գեղամ Մանուկյանն այցելեց «Իմ քայլը» դաշինքի շտաբներից մեկը: Նա նախ ներկայացրեց իրավիճակը` կոնկրետ հասցեներում իր և իր ընկերների նկատած խախտումները մատնանշելով, այնուհետև փորձեց պարզել` ինչո՞ւ են նման քայլի դիմում:
Շտաբում ներկաները նախ զարմացան, ապա հերքեցին, որ նման բան կարող է պատահած լինել: Չնայած Գեղամ Մանուկյանի ներկայացրած փաստերին` նրանցից մեկը նույնիսկ արձագանքեց. «Իսկ գուցե դո՞ւք եք նման քայլի դիմել»: Մանուկյանն էլ նշեց, որ նման բան նախ բացառվում է, և տրամաբանության սահմաններից դուրս է` սեփական պաստառների վրա փակցնել մեկ այլ կուսակցության թեկնածուի պաստառը: Երկար բանավիճելուց հետո նա, այնուամենայնիվ, հաջողություն մաղթեց նրանց` հույս հայտնելով, որ պաստառների հետ կապված տհաճ իրավիճակը չի կրկնվի:
Քաղաքացիներին թռուցիկներ բաժանելիս դաշնակցական թեկնածուները պարբերաբար կրկնում էին, որ ՀՅԴ-ն շարունակում է հավատարիմ մնալ իր սկզբունքներին և գաղափարախոսությունը` երբեք չդավաճանելով հողին ու հային:
Ի դեպ, քաղաքացիներից մեկը Գեղամ Մանուկյանին հարցրեց. «Դուք Քոչարյանի հետ հարցազրույց անո՞ղն եք, մենք չէինք ցանկանում նրան նորից տեսնել»: Մանուկյանը քաղաքացուն բացատրեց, որ «Երկիր Մեդիա»-ն ազատ լրատվամիջոց է և կարող է հյուրընկալել յուրաքանչյուրի` հիշեցնելով նաև, որ երբ մարտի 1-ից հետո Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանն ասուլիսով էր հանդես գալիս, միակ հեռուստաընկերությունը, որ լուսաբանում էր, «Երկիր Մեդիա»-ն էր:
«Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ ես բանտարկվել եմ: Իմ թշնամին լինելով հանդերձ, ես գնացել եմ` նրա ասուլիսը լուսաբանելու: Քոչարյանին հյուրընկալելով` մենք չենք արդարացրել ոչինչ»,- ասաց Մանուկյանը:
Մեկ այլ քաղաքացի միջամտեց զրույցին` ասելով. «ՀՅԴ-ն կոալիցիա մտավ դավաճան ՀՀԿ-ի հետ»: Ի պատասխան` Մանուկյանն ասաց. «Հարգելի'ս, անցած ընտրություններում հիշո՞ւմ եք` ՀՅԴ-ն քանի՞ տոկոս էր հավաքել: 7 տոկոս: Իսկ հիշո՞ւմ եք` Զեյթունում ո՞վ էր հաղթանակ տարել»:
Զեյթունի բնակիչ երկու քաղաքացիներն էլ չմտաբերեցին` ով էր հաղթողը:
«Լավ էլ հիշում եք, բայց չեք ցանկանում ասել: Ասեմ`ՀՀԿ-ական Միհրան Պողոսյանը: Լավ, եթե դուք ձայն չեք տվել, նա ձայն չի տվել, բա ինչպե՞ս է ստացվել, որ Զեյթունում հաղթանակ տանողը հանրապետական է եղել»,- հետաքրքրվեց Մանուկյանը:
Քաղաքացիներն, այնուամենայնիվ, նշեցին, որ իրենք իսկապես հարգում են Դաշնակցությանը, քանի որ «յուրաքանչյուրն էլ մեծացել է դաշնակցական երգերով»: Եվ «Ընկե'ր ջան, գինի լից» երգելով` քաղաքացիներից մեկը հաջողություն մաղթեց թեկնածուներին: