կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-11-28 17:28
Առանց Կատեգորիա

Մեկ անձի ձեռքում կենտրոնացված անսահմանափակ իշխանությունը հղի է ծանր հետևանքներով

Մեկ անձի ձեռքում կենտրոնացված անսահմանափակ իշխանությունը հղի է ծանր հետևանքներով

Yerkir.am-ի զրուցակիցն է ԱԺ արտահերթ ընտրություններում ՀՅԴ վարկանիշային ցուցակով առաջադրված թեկնածու Գնել Սարգսյանը:

Ծնվել է 1978 թվականին Արարատի մարզի Վեդի քաղաքում: Ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, նաև` Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության մագիստրատուրան: 2002-2004թթ. բուժծառայության լեյտենանտի կոչումով ծառայել է 4-րդ բանակային կորպուսում` որպես կորպուսի բուժծառայության պետի տեղակալ: ՀՅԴ անդամ է 2006 թվականից: 2016 թվականի Ապրիլյան պատերազմի ընթացքում ձևավորված` ՀՅԴ պահեստազորային կամավորական գումարտակի անդամ է եղել: Երկար տարիներ աշխատում է առողջապահության ոլորտում:

 

- Պարո´ն Սարգսյան, ի՞նչ մասնագիտություն  ունեք: Ինչքա՞ն ժամանակ է, որ զբաղվում եք քաղաքականությամբ:

- Ծնվել եմ ճարտարագետի (ինժեների) և բժշկի ընտանիքում, ինքս էլ մասնագիտությամբ բժիշկ եմ: Մասնագիտությանս ընտրության հարցում մեծ դերակատարություն ունի մայրս, նա մեր մարզում ճանաչված մանկաբույժ է: Դեռևս վաղ տարիքից տեսել և գնահատել եմ նրա ծանր, բայց ամենամարդասիրական աշխատանքը: Պետական բժշկական համալսարանն ավարտելուց հետո, երկրորդ մասնագիտություն ձեռք բերելու նպատակով, սովորել  եմ նաև ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության բաժնում, քանի որ ցանկացել եմ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Կարծում եմ` որևէ ասպարեզում վստահ զգալու համար պետք է ունենաս բազային  գիտելիքներ, այլապես կնույնացվես այսօրվա քաղաքական դաշտում պատահականորեն հայտնվածներին:

- Ազգային ժողովի նախորդ ընտրություններին ևս առաջադրվել էիք և Արարատի մարզում  ՀՅԴ ռեյտինգայինների թվում զբաղեցրեցիք առաջին տեղը, ինչո՞ւ այս անգամ ևս որոշեցիք առաջադրվել  և ի՞նչ մարտավարություն եք ընտրելու քարոզարշավի ընթացքում:

- Երկու դեպքում էլ իմ թեկնածությունն առաջադրել է ՀՅԴ Արարատի տարածքային կառույցը և մեծ պատասխանատվության զգացումով ընդունել եմ ընկերներիս առաջարկը: Մարտավարական առումով` սկզբունքորեն դեմ եմ հակաքարոզչությամբ զբաղվելուն: Փորձելու եմ լայն զանգվածներին ներկայացնել ՀՅԴ-ի առավելությունները, ծրագրերն ու մոտեցումները, ուստի այլոց թերություններն ու բացթողումները ներկայացնելու ժամանակ չի լինելու: Ասեմ, որ այս ընտրություններում ՀՅԴ քվեաթերթիկը 3-րդն է, ես էլ 6-րդ համարն եմ:

- Ի՞նչ կանխատեսումներ ունեք առաջիկա ընտրությունների արդյունքների վերաբերյալ: Ի՞նչ եք կարծումկա՞ վտանգ, որ իշխանությունը կլինի միայն մեկ կուսակցության ձեռքում:

- Համոզված եմ, որ կլինեն ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ: Միաժամանակ ցավում եմ, որ չի պահպանվի ընտրությունների կարևորագույն բաղադրիչներից մեկը՝  մրցակցային սկզբունքը, քանի որ կուսակցությունները հնարավորություն չստացան ընտրությունների գնալու բարեփոխված ընտրական համակարգի պայմաններում՝ դրա համար չունենալով անհրաժեշտ նվազագույն ժամանակը: Կարծում եմ` մեկ անձի ձեռքում կենտրոնացված անսահմանափակ իշխանությունը հղի է ծանր հետևանքներով, անգամ` ամենահանճարեղ անհատների պարագայում, հիշենք Ալեքսանդր Մակեդոնացուն, որը, Պարսկական հզոր կայսրությանը հաղթելով, չբավարարվեց և, փառասիրությունից դրդված, արշավեց նաև իրեն անհայտ Հնդկաստանի վրա, ինչն էլ դարձավ  նրա կործանման սկիզբը: Նույնը եղավ  Նապոլեոնի հետ, նա չբավարարվեց Մոսկվայի գրավմամբ և, արշավելով Ռուսաստանի խորքերը, կանխորոշեց իր պարտությունների սկիզբը: Պատահական չէ, որ հետագայում, Հեղինե կղզում աքսորի ժամանակ, նա անընդհատ կրկնում էր, որ երջանիկ կլիներ, եթե պատահական գնդակից զոհվեր Մոսկվայի տակ՝   փառքի գագաթնակետին:

Կա տեսակետ, որ Սերժ Սարգսյանը փոխեց Սահմանադրությունը վարչապետի պաշտոնը ստանձնելու համար, իսկ ՀՅԴ-ն աջակցեց նրան:

- Այդ թեզն անգամ քննարկման կարիք չունի, քանի որ դեռևս 90-ականներից ՀՅԴ-ն իր ծրագրային դրույթներում մշտապես շեշտել է կառավարման խորհրդարանական մոդելին անցման անհրաժեշտությունը, և տասնամյակների հետևողական պայքարից հետո, ի վերջո, քաղաքական դաշտի կարևորագույն դերակատարներն ընդունեցին ՀՅԴ տեսակետների ճշմարտացիությունն այս հարցում: Անդրադարձեք անցած բոլոր նախագահական ընտրություններին, որոնց ընթացքում հասարակությանը շատ հեշտ բաժանել են սևի ու սպիտակի, ինչն էլ հետընտրական շրջանում հանգեցրել է արյունալի բախումների:  Խորհրդարանական կառավարման մոդելի պարագայում կա քաղաքական ողջ ներկապնակն ի հայտ բերելու հնարավորություն: Այս Սահմանադրությամբ, ընդհակառակը, փորձ է արվել սահմանափակել մեկ անձի բացարձակ իշխանությունը, ինչպես Սահմանադրություն բառն է հուշում՝ սահման դնել անձի փառասիրական նկրտումների դեմ: Հիշենք Շահամիր Շահամիրյանի «Որոգայթ փառացը», որով փորձ էր արվում որոգայթներ ստեղծել միանձնյա իշխանության ձգտող ցանկացածի դեմ, և ինչպես հայտնի սահմանադրագետ Դոմենիկ Ռուսոն է ասել. «Այդ աշխատության միայն անվանումը մի ողջ իրավական տեսություն էր»: Իմ մագիստրոսական թեզի պատրաստման ժամանակ մանրամասն ուսումնասիրել եմ նաև Հայաստանի Առաջին հանրապետության քաղաքական համակարգը, որը ևս պառլամենտական էր, և կարծում եմ  ներկայիս հանրապետությունը, քաղաքական մշակույթի և կամքի առումով, առաջինից ընդօրինակելու շատ բան ունի: Նույնը վերաբերում է նաև պետական, քաղաքական գործիչներին: Տեղին է հիշատակել ԱՄՆ նախագահ Թեոդոր Ռուզվելտի խոսքերը, թե Ամերիկայի համար կարևորագույն որոշումներ կայացնելիս  մի պահ շրջվում էր Լինկոլնի պատկերի կողմը և ինքն իրեն հարցնում, թե ինչպես կվարվեր վերջինս նման դեպքերում: Շատ կցանկանայի, որ մերօրյա պետական գործիչներն իրենց աշխատասենյակներում ունենային Արամ Մանուկյանի պատկերը և Հայաստանի ու հայության համար ծանրագույն պահերին շրջվեին Արամի պատկերի կողմն ու իրենք իրենց հարցնեին` ինչպե՞ս կվարվեր Արամն այդ պարագայում:

Ի՞նչպես եք վերաբերվում ՀՅԴ-ի հասցեին հնչող բազմաթիվ և բազմաբնույթ կարծիքներին ու քննադատություններին:

- Ցանկացած քննադատություն, եթե անհիմն է, ավելի շատ նման է բամբասանքի: Խորենացին էր ասում. «Տառերը չսովորած` կրոնագիտություն են քարոզում»: Շատ հաճախ էլ քննադատությունները կրում են անձնավորված բնույթ, քանի որ, եթե հնարավոր չէ գրոհել գաղափարի վրա, գրոհում են այդ գաղափարը կրողների վրա: Դաշնակցության ամենամեծ և օբյեկտիվ քննադատը հենց մենք՝ դաշնակցականներս ենք, բայց այդ քննադատությունը երբեք ինքնանպատակ չի եղել: Դաշնակցության մեջ չկա միջկլանային, միջանձնային պայքար, այլ կա տեսակետների, գաղափարների, մոտեցումների պայքար, և այդ պայքարի արդյունքում էլ ծնվում են բյուրեղացած որոշումները, որոնք միս ու արյուն են դառնում ՀՅԴ կուռ ու կարգապահ շարքերի շնորհիվ, եւ որոնց համար դաշնակցականները կրում են հավաքական պատասխանատվություն:

Ի՞նչ մոտեցում ունի ՀՅԴ-ն Արցախի հիմնախնդրի լուծման  հարցում:

- ՀՅԴ-ն իր մոտեցումները հստակ արտահայտեց 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում: Մինչ այլ կուսակցություններ ճառեր էին ասում և լուծման տարբերակներ առաջարկում՝ Դաշնակցությունը, զենքը ձեռքին, խրամատից լուծման իր տարբերական էր պարտադրում թշնամուն: Կարծում եմ` սրանից  հստակ դիրքորոշում հնարավոր չէ պատկերացնել: Յուրաքանչյուր հակամարտության ամենաարդյունավետ լուծումը տրամաբանական փոխզիջումների տարբերակն է, քանի որ ցանկացած միակողմանի լուծում հանգեցնելու է կողմերից մեկի դժգոհությանը, և այդ դժգոհությունը ժամանակի ընթացքում հանգեցնելու է հակամարտության թարմացմանն ու նոր ուժով բռնկմանը: Շատ եմ կարևորում նաև կողմերի միջև ռազմական հավասարակշռության պահպանումը, քանի որ դրա խախտման դեպքում ուժեղացած կողմը գնում է ռազմական արկածախնդրության: Համաշխարհային պատմությունն ունի դրա վառ օրինակը, երբ 1918 թվականին ջախջախված Գերմանիան ընդամենը 21 տարի անց  Եվրոպայում ռազմական հավասարակշռությունը փոխեց իր կողմը և, օգտվելով Անգլիայի ու Ֆրանսիայի «խաղաղարարական» դիվանագիտությունից, ի վերջո, 1939 թվականին սանձազերծեց Երկրորդ համաշխարհային պատերազմը: Հիտլերի հետքերով գնաց նաև Ալիևը, քանի որ 1994 թվականին՝ պարտվելուց 22 տարի անց, ենթադրելով, որ ռազմական հավասարակշռությունը փոխվել է հօգուտ Ադրբեջանի, 2016 թվականին սանձազերծեց Ապրիլյան քառօրյա պատերազմը: Կարծում եմ` սա հզոր ազդակ պիտի լինի հայ հասարակությանը՝ մերժելու համար հայ «խաղաղարարներին»՝ ի դեմս Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա գաղափարները կիսողների: Բեռլինի կոնֆերանս մեկնելուց առաջ Խրիմյան Հայրիկին հարցնում են, թե ինչ լեզվով պիտի շփվի եվրոպացի դիվանագետների հետ, նա պատասխանում է, որ կշփվի բոլորի համար ընկալելի լեզվով, և դա լացի լեզուն է, սակայն այնտեղից վերադառնալուց հետո արդեն նա առաջ քաշեց «երկաթե շերեփի» գաղափարը՝ հստակ գիտակցելով, որ լացի լեզուն այլևս ոչ մեկին հասկանալի չէ:

Արդյունավետ համարո՞ւմ եք ՀՀԿ-ի և ՔՊ-ի հետ ՀՅԴ-ի կոալիցիոն գործակցությունը:

- Այդ հարցի պատասխանը, առնվազն վերջերս, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչները տվել են, և ավելացնելու ոչինչ չունեմ: Ուղղակի ասեմ, որ ինչպես Դանթե Ալիգիերին էր նշում իր «Աստվածային կատակերգություն»-ում, դժոխքում ամենածանրը պատժվում են բարոյական փորձությունների ժամանակ չեզոքություն դրսեւորածները: Դաշնակցությունը երբևէ չի խուսափել պատասխանատվությունից, հատկապես` երկրի համար ծանրագույն պահերին և  կոալիցիաներին մաս կազմելը դիտարկել է այդ տեսանկյունից:

 Մ.Մ.