կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-11-09 15:12
Հասարակություն

Առեւտրի կենտրոնի կառուցումը հղի է անդառնալի հետեւանքներով

Առեւտրի կենտրոնի կառուցումը հղի է անդառնալի հետեւանքներով

«Հրազդան» մարզադաշտի տարածքում առեւտրի կենտրոնի կառուցման խնդիրը համախմբել է Ճարտարապետների միության անդամներին: Նրանք ահազանգում են, որ այդ կենտրոնի կառուցումը հետագայում մեծ խոչընդոտներ կառաջացնի մարզադաշտի հետագա շահագործման համար:

 

«Մեր պայքարը քաղաքապետարանի դեմ է, քանի որ քաղաքային իշխանությունների եւ գլխավոր ճարտարապետի հովանու ներքո է արվում այս ամենը: Մարզադաշտի տարածքում առեւտրի կենտրոն կառուցելը հղի է մեծ վտանգներով, այն վթարային վիճակ կստեղծի մարզադաշտի շահագործման ժամանակ, որովհետեւ կառույցը գտնվելու է էվակուացիոն դաշտի վրա, իսկ անհրաժեշտ էվակուացիայի համար այդ տեղը շատ անհրաժեշտ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ մտահոգություն հայտնեց Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:

 

Միության անդամները միահամուռ եկել են այն եզրակացության, որ այդ տարածքում առեւտրի կենտրոնի կառուցումը պետք է խստիվ արգելել. ի սկզբանե պարզ է, որ այն սպորտային միջոցառումների վայր է, եւ որեւէ այլ կառույց այնտեղ չպետք է լինի:

 

Ճարտարապետ, «Հրազդան» մարզադաշտի նախագծի համահեղինակ Գուրգեն Մուշեղյանն էլ հավելեց, որ սպորտային միջոցառումների ժամանակ առկա շուկայի պայմաններում մարզադաշտը մարդկանցով լցնելը կպահանջի 5, ազատելը` 10 ժամ. «Բայց արտակարգ իրավիճակի դեպքում մարդկային այնպիսի հոսք է տեղի ունենում, որ այն տարածքները, որոնք անհրաժեշտ են մարդկանց տեղաշարժվելու համար, փակվում են: Տրանսպորտային երթեւեկությունն այստեղ պետք է արգելվի, իսկ ավտոկանգառները պետք է լինեն մարզադաշտից առնվազն 600 մետր հեռավորության վրա»:

 

Ճարտարապետը նշեց, որ կողմնակից է ժամանակավոր կառույցներին, բայց 20 մետր բարձրությամբ շինություն կառուցելը, ըստ նրա, արդեն անթույլատրելի է: Այս կապակցությամբ նա լրագրողներին ներկայացրեց նաեւ Արտակարգ իրավիճակների նախարարության եզրակացությունը, որում ասվում է, որ մարզադաշտին կից տարածքում նոր առեւտրի կենտրոնի կառուցումն անթույլատրելի է, որովհետեւ արտակարգ իրավիճակներում այս տարածքում հնարավոր չի լինի կազմակերպել մարդկանց տարհանում:

 

Ասուլիսին մասնակից ճարտարապետ Ռուբեն Հասրաթյանը նշեց, որ այս ամենի մեղավորն այն մարդիկ ենմ ովքեր ի պաշտոնե պետք է պահպանեն այս քաղաքը, բայց սխալ խորհուրդներ են տալիս, որոնց հետեւանքները սարսափելի են. «Սեփականատերը մեղավոր չէ, շատ հնարավոր է, որ այդ մարդուն այդ խորհրդականներն են գնացել համոզել, որ այսպիսի բան անի»:

 

Ի դեպ, «Հրազդան» մարզադաշտը պատկանում է ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին: Ըստ մամուլի հրապարակումների` նա 11 հա տարածքից առանձնացրել է 1 հա-ն, փոխել այս հողերի նշանակությունը եւ քաղաքապետարանից այդ 1 հա-ի վրա փակ առեւտրի օբյեկտ կառուցելու թույլտվություն է ստացել` 20 մետր բարձրությամբ, որին կից էլ պետք է կառուցվի Բրազիլիայի հրապարակը:

 

Մկրտիչ Մինասյանի համոզմամբ` հողի այս փոփոխությունն ապօրինի է, քանի որ չի կարելի սպորտային կառույցի հասարակական տարածքը վերածել այլ ֆունկցիա ունեցող տարածքի: «Այսօր առեւտրի կենտրոն է կառուցում, վաղը հայց կներկայացնի եւ կստանա հյուրանոցի, սրճարանի կառուցման իրավունք»,- հավելեց ճարտարապետը: