կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-20 12:17
Քաղաքական

Փաշինյանը թվարկեց այն վեց քայլերը, որոնք, նրա գնահատականով, ասել ու արել են

Փաշինյանը թվարկեց այն վեց քայլերը, որոնք, նրա գնահատականով, ասել ու արել են

2018-ի նոյեմբերի դրությամբ` մենք կատարել ենք մեր ժողովրդի առաջ ստանձնած բոլոր պարտավորությունները` առանց բացառության. լրագրողների հետ մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նա սկսեց թվարկել, թե ինչ են խոստացել ու արել: Ըստ Փաշինյանի` իրենք ասել էին, որ եթե ՀՀ ժողովուրդն արտահայտի իր կամքը, ապա իրենք կապահովեն Սերժ Սարգսյանի և նրա թիմի հեռացումը իշխանությունից, ընդ որում` բացարձակապես խաղաղ ճանապարհով: Այդ պարտավորությունը, ըստ նրա, լիարժեք կատարված է:

Երկրորդը, ըստ Փաշինյանի, այն է, որ իրենք խոստացել էին, որ Հայաստանում ընտրությունների կեղծման պրակտիկան արմատախիլ կարվի, և Երևանի ավագանու ու ՏԻՄ ընտրությունների արդյունքներով` այդ պարտականությունը լիովին կատարված է:

«Երրորդ` մենք խոստացել էինք անզիջում պայքար մղել կոռուպցիայի դեմ: Սա նույնպես կատարել ենք, չնայած այդ պայքարը դեռ շարունակվում է: Չորրորդ` մենք խոստացել էինք վերացնել արհեստական տնտեսական մենաշնորհները, և այսօր որևէ շուկայում մուտքի խոչընդոտներ և այլ սահմանափակումներ չկան, ավելին` ի հայտ են գալիս և կգան նոր խաղացողներ: Հինգերորդ` մենք խոստացել էինք, որ Հայաստանում չեն լինի արտոնյալ անձինք և կապահովվի օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարությունը, ինչը նույնպես կատարել ենք: Վեցերորդ` մենք խոստացել էինք անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որը նույնպես կատարել ենք»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Նա նշեց նաև, որ այս ամենը փաստում է` ՀՀ-ում իշխանությունն ամբողջովին վերադարձված է ժողովրդին: