Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այն պահից, երբ Հայաստանը հայտարարեց Մաքսային միությանն անդամակցելու ցանկության մասին, բազմաթիվ վերլուծություններ ու զեկույցներ են հրապարակվում առ այն, թե որքան կարեւոր է Հայաստանի համար եվրաինտեգրացիան եւ հակառակը: «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակը ներկայացրել է Արեւելյան գործընկերության երկրների եվրոպական ինտեգրման ինդեքսի 2013թ. արդյունքները: Սա նման երրորդ հաշվետվությունն է եւ նպատակ ունի գնահատել ինտեգրման գործընթացը' եվրոպական գործընկերների միջեւ բարեփոխումների մրցակցային մթնոլորտ ստեղծելով:
Պարզվում է, որ Եվրոպական ինտեգրման բարեփոխումների իրականացման արագությունը Հայաստանում բավական բարձր է, Հայաստանն այս ցուցանիշով Արեւելյան գործընկերության մյուս 5 երկրներից' Բելոռուսից, Վրաստանից, Մոլդովայից, Ադրբեջանից ու Ուկրաինայից, առաջ է անցել: Ուշագրավ է, որ անգամ ընտրական ժողովրդավարության մասով է Հայաստանը արձանագրել դրական քայլեր, չնայած այն խայտառակություններին, որ ընդունված է մեզանում կատարել ընտրությունների ժամանակ: Այսինքն` ԵՄ-ն պատրաստ էր աչք փակել Հայաստանում բոլոր մերժելի երեւույթների վրա' կոնկրետ հաշվարկներից ելնելով:
Հաշվետվության հեղինակները նշում են, որ շարունակելու են զեկույցի հրապարակումը նաեւ հաջորդ տարի ու վստահ են, որ արդյունքը բացասական է լինելու: Հաջորդ զեկույցում, հավանաբար, կներկայացնեն, թե Հայաստանը որքան հետ է մնում եվրոպական արժեքներից' Մաքսային միության պատճառով: Զեկույցում կա այսպիսի միտք. «... Բարեփոխումների գործընթացի արդյունքները հնարավոր չի եղել պատշաճ կերպով չափել' Մաքսային միությանը միանալու անակնկալ որոշման պատճառով»:
Այն, որ որոշումը անակնկալ էր ԵՄ ներկայացուցիչների համար, իրենք փաստել են բազմիցս:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կմասնակցի Վիլնյուսում նոյեմբերի վերջին կայանալիք ԵՄ «Արեւելյան գործընկերություն» ծրագրի անդամ երկրների գագաթաժողովին: Լիտվայում Հայաստանի դեսպան Արա Այվազյանը նշել է, որ Վիլնյուսում Հայաստանը հույս ունի «ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր ստորագրելու ուղղությամբ եռամյա բանակցությունների ընթացքում ձեռք բերված առաջընթացն ամրագրող» բանաձեւ ստորագրել: Ըստ որոշ տեղեկությունների' այդ փաստաթուղթը լինելու է այս տարիների ընթացքում ԵՄ-ի հովանու ներքո արդեն կատարված աշխատանքների մասին, քանի որ չեն ցանկանում կատարածը ջուրը նետել:
Որ նախագահի եւ կառավարության խոսքն ու գործը չեն համընկնում, բազմիցս փաստելու առիթ ունեցել ենք : Սակայն նախագահի խոսքն ու գործը չեն համընկնում ոչ միայն ներքին, այլեւ` արտաքին քաղաքականության պարագայում:
Այժմ բերենք թվական մի քանի փաստ:
04.12.2012թ. Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ ստեղծվում է աշխատանքային խումբ`Մաքսային միությանը ՀՀ անդամակցության հնարավորությունների ուսումնասիրման նպատակով:
18.03.2013թ. Լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանին հարց է ուղղվում, թե' առաջին այցերը ընտրվելուց հետո եղան, ինչպես եւ սպասվում էր' Մոսկվա եւ Բրյուսել, ենթադրաբար' Հայաստանի՝ Եվրամիության ասոցացված անդամ դառնալու եւ Եվրասիական միությանը եւ Մաքսային միությանը միանալու հնարավոր հարցերով. արդյո ՞ք համատեղելի են այս երկու գործընթացները: Սերժ Սարգսանը պատասխանում է. «Մի բան ձեզ պետք է ասեմ՝ մի հավատացեք բոլոր այն մարդկանց, ովքեր հանդես կգան լրատվամիջոցներում, թե հանրահավաքներում, խոհանոցներում, թե թատրոններում, միեւույն է, մի հավատացեք նրանց, ովքեր ասում են, որ ռուսները մեզ պարտադրում են դառնալ Մաքսային միության անդամ: Չկա այդպիսի բան: Որքա՞ն կարելի է կրկնել: Մենք հակառակը կարող ենք ասել՝ Մաքսային միության անդամները դեռևս ցանկություն չունեն որևէ մեկին ներգրավելու, գոնե մեր մասով` ես չեմ տեսել այդպիսի ցանկություն»:
24.07.2013թ. Եվրոպական միությունն ու Հայաստանի Հանրապետությունը «բարեհաջող» ավարտում են ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրի ներքո Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու շուրջ բանակցությունները: Բանակցող կողմերը համաձայնություն են ձեռք բերում համաձայնագրի առանցքային բաղադրիչների վերաբերյալ:
03.09.2013թ. Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարում է Մաքսային միությանը միանալու վերաբերյալ ՀՀ որոշման եւ այդ նպատակով անհրաժեշտ կատարելիք քայլերը ձեռնարկելու մասին:
Ստացվում է' Հայաստանում գործում է Մաքսային միությանը ՀՀ անդամակցության հնարավորությունների ուսումնասիրման աշխատանքային խումբ, ամիսներ անց Սերժ Սարգսյանը հայտարարում է, թե Մաքսային միության անդամները ցանկություն չունեն Հայաստանին ներգրավել միության մեջ, իսկ ընդամենը 5 ամիս անց արդեն Հայաստանը որոշում է կայացրել անդամակցության, այն դեպքում, երբ Եվրոպական միությունը սկսել է Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները 2010 թվականի հուլիսից եւ «բարեհաջող» ավարտել է, ինչպես նշում են պաշտոնապես:
Վերոհիշյալ' մարտի 18-ի հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանն ասում է. «... Մենք ազնիվ ենք մեր վարքում, մեր գործունեության մեջ: Մենք մեկին չենք խոստանում, որ վաղը վազելով գալու ենք ու հետո գնում մյուսին ասում՝ ոչ, ձեզ մոտ ենք գալիս: Այդպիսի մարդիկ քաղաքականության մեջ շատ կարճ կյանք են ունեցել: Եվ այդպես էլ լինելու է»: Իսկ եվրոպական բոլոր գործիչները նշում են, որ իրենք նախապես չեն իմացել այդ մասին ու արդեն համոզված հայտարարում են, թե Հայաստանը երբեք էլ ցանկություն չի ունեցել Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու:
Ի դեպ, թե որքան գումար է ԵՄ-ն ներդրել բարեփոխումների ու ծրագրերի իրականացման համար, այս պահին դժվարանում ենք նշել, սակայն Հայաստանը, ըստ ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի, ԵՄ-Հայաստան նախկինում բանակցվող փաստաթղթի վրա անցած երեք տարիների ընթացքում ծախսել է 35 միլիոն դրամ կամ մոտ 86 000 հազար դոլար: Կրկնում ենք' միայն բանակցվող փաստաթղթի վրա:
Ահարոն ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ