Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գեղարքունիքի նախկին մարզպետ, ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանը ողջունում է վարչապետի հայտարարությունը և ակնկալում, որ, իրոք, արդար, ազատ, թափանցիկ ընտրություն տեղի կունենա: «Բայց այս պահին կոնկրետ Գեղարքունիքի մարզում ես ունեմ որոշ մտահոգություններ»,- «Երկիր մեդիա» հեռուստաընկերության «Հարցեր` դաշնակցականներին» հաղորդման ժամանակ ասել է նա:
Ըստ Սաղաթելյանի` ռեյտինգային որոշ թեկնածուներ փորձում են օգտագործել իշխանական իրենց ռեսուրսները, լծակները: «Սա համարենք իբրև զգուշացում այդ թեկնածուներին, և եթե այս տեմպը շարունակվի, առաջիկայում ես կոնկրետ անուններով և փաստերով հանդես կգամ, կանեմ համապատասխան եզրակացություններ և, ըստ դրա, քայլեր: Այս ընտրությունը, իրոք, պետք է լինի ազատ, արդար, թափանցիկ` առանց ընտրակաշառքի և մարդկանց վրա որևէ պարտադրման, ճնշման: Մարդիկ պետք է ազատ գնան, քվեարկեն` ում օգտին ցանկանում են»,- ասել է նա` դեռևս զերծ մնալով անուններ հրապարակայնացնելուց:
Հարցին, թե նախորդ տարի դաշնակցականներն ինչո՞ւ չէին պահանջում ազատ, թափանցիկ ընտրություններ, Սաաթելյանը պատասխանել է. «Մենք միշտ ենք ազատ, թափանցիկ ընտրություն պահանջել, որովհետև նախկինում այն մեթոդները, որոնք կիրառվել են, կիրառվել են նաև մեր դեմ: Պետք է հասկանան մի պարզ բան` մենք Հանրապետական կուսակցության հետ երբեք ընտրություններին չենք մասնակցել դաշինքով ու բոլոր ընտրություններին եղել ենք մրցակից: Նայեք 2017 թվականի ընտրությունները, տեսեք իմ ելույթները` որքան եմ քննադատել տվյալ ժամանակի իշխանությանը հենց այդ լծակները, բիրտ մեթոդները, կաշառքը օգտագործելու համար: Մենք դա միշտ ենք պահանջել, տարբեր նախաձեռնություններով հանդես եկել նաև Ընտրական օրենսգրքի հետ կապված, որովհետև մենք մրցակիցներից մեկն ենք եղել: Բայց այդ մեթոդները օգտագործվել են հենց մեր դեմ»: