կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-12 21:55
Քաղաքական

Կա վարձատրության խնդիր, և Ժամկետայիններով կարողանում ենք մեքենավարման հարցը լուծել. Տոնոյան

Կա վարձատրության խնդիր, և Ժամկետայիններով կարողանում ենք մեքենավարման հարցը լուծել.  Տոնոյան

Գորիս-Կուբաթլի ավտոճանապարհին նոյեմբերի 7-ին տեղի ունեցած վթարի հետևանքով 4 զինծառայողների զոհվելու գործով ծառայողական քննությունն ընթացքի մեջ է: Այս մասին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի ունեցած մամուլի ասուլիսում նշեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:

«Ծառայողական քննությունն իրականացվում է արդեն 5-6 օրը, որի հիման վրա ՊՆ-ն կարող է որոշումներ կայացնել. արդեն մոտավորապես տեսանելի է` սկսած հրամանատարներից, նրանց տեղակալներից, տեխնիկական ապահովման խնդիրների պատասխանատուներից: Բայց նախաքննության արդյունքները կլինեն վերջնական»,- ասաց Տոնոյանը` նշելով, որ ավելի վաղ, տեխնիկական խնդիր ասելով, ինքը նկատի է ունեցել վթարի ստեղծման պայմանը:

Խոսակցություններին ի պատասխան, թե ինչու են ժամկետայինները վարում մեքենաները, պաշտպանության նախարարի պաշտոնակատարը խոստովանեց. «Նրանք անցնում են համապատասխան պատրաստություն, գուցե երբեմն ոչ պատշաճ մակարդակի, բայց լավագույններից մեկն է զոհվել: Թվաքանակը` մեր մեքենաների, և  պայմանագրայիններին մեքենա վարելու գործում հնարավորինս ներգրավելու հնարավորությունը անհամաչափ են: Ժամկետայիններով մենք կարողանում ենք հարցը լուծել, քանի որ կա վարձատրության խնդիր»:

Yerkir.am -ի հարցին պատասխանելով` Դավիթ Տոնոյանը ընդգծեց, որ ավտոպարկը փոփոխվում է ըստ հնարավորությունների, մատակարարումների և նպատակահարմարության: