Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոնի շենքի կառուցման համար, նախնական հաշվարկներով, անհրաժեշտ է շուրջ 4 մլն դոլար: Համազգային դրամահավաքի արդյունքում /մայիս ամսից/ հավաքվել է 4000 դոլար:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը հայտնեց, որ դրամահավաքը դեռ չի կարողանում մոտենալ «իր երազած արդյունքին», սակայն հույս ունեն, որ 2015-ին կկարողանան ավելի ակտիվորեն գործն առաջ տանել: Ըստ Մկրտչյանի` իրենք նախատեսում են, որ դրամահավաքի արդյունքում կունենան շուրջ 1 մլն դոլար, իսկ մնացած մասն արդեն պետությունը կհոգա: Սակայն ուշագրավ է, որ մշակույթի նախարարության` 2015թ. բյուջեով որևէ գումար նախատեսված չէ թատրոնի շենքի համար:
«Գործնականորեն շատերն են արձագանքում, միգուցե փոքր չափերով, բայց շատերն են մասնակցում դրամահավաքին, և կարող ենք ասել, որ այն իսկապես համազգային բնույթ է կրում: Այս ընթացքում երկու խոշոր նվիրատվությւոն է եղել, որոնցից մեկը տրամադրել ենք Պանթեոնում Սոս Սարգսյանի հուշարձանի կառուցմանը»,- ասաց Մկրտչյանը:
Մեր դիտարկմանը, թե վարպետը մահից առաջ հանդիպել էր ՀՀ նախագահի հետ, եւ նա խոստացել էր լուծել թատրոնի շենքի հարցը, արդյո՞ք այս ընթացքում որևէ արձագանք չկա նախագահի կողմից, Մկրտչյանը պատասխանեց` ոչ: «Վերջին շրջանում ուզում էինք դիմել նախագահին, բայց իրադարձություններն այնպես դասավորվեցին, որ սահմանին իրավիճակը մի քիչ լարվեց, և մենք ուղղակի բարոյական իրավունք չունենք այս խառն իրավիճակում նրան այդ հարցով դիմել»,- ասաց նա:
Հարցին, թե արդյո՞ք տարօրինակ չէ, որ քաղաքում օր օրի ավելանում են բուտիկները, խանութները, սննդի կետերը, բայց մի թատրոնի շենք կառուցել այդպես էլ չի հաջողվում, Մկրտչյանը պատասանեց, որ` այո, տարօրինակ է ու ցավալի:
«Երբեմն մտածում եմ` ինչքան քաղցած ազգ ենք, անընդհատ սննդի կետեր են բացվում: Մի՞թե մարդիկ այդքան սոված են, մի՞թե ստամոքսը չի հագենում: Այո, այդ կառույցները սնկի նման աճում են, իսկ թատրոնի շենքի հարցը մնում է օդում: Բայց թատրոն գնացող ու մշակույթի կարիքն ունեցողներ էլ կան, չեմ կարծում, որ այս խեղճությունը երկար կտևի»,- ասաց նա`հավելելով, որ վերջին շրջանում հասարակությունը քաղաքականացված ու ագրեսիվ է դարձել: «Մշակութային իրադարձությունները մարդկանց ուշ են հասնում, իսկ մարդասպանությունները, գռեհիկ լուրերն անմիջապես տարածվում են քաղաքով մեկ»,- նշեց Մկրտչյանը: