Իրանի զինված ուժերը պատրաստ են պաշտպանել երկրի առևտրային նավատորմի անվտանգությունը: Ըստ Թեհրանում լույս տեսնող «Ալիք» թերթի` այս մասին այսօր հայտարարել է Իրանի բանակի ռազմական գործողությունների հարցով գլխավոր հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Սեյեդ Մահմուդ Մուսաանդին:
«Միջազգային ջրերում առևտրային նավատորմի ազատ նավարկման համար ցանկացած տիպի արգելք հակասում է միջազգային օրենքներին և նորմերին, ինչպես նաև անընդունելի է: ԻԻՀ ԶՈւ-ն պատրաստ են պաշտպանել երկրի առևտրային նավատորմի անվտանգությունը»,- ասել է բարձրաստիճան զինվորականը՝ նշելով, որ 40-ամյա փորձը ցույց է տվել, որ, բոլոր սպառնալիքներով հանդերձ, միջազգային ջրերում ազատ նավարկումը, այնուամենայնիվ, շարունակվելու է: