| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է սիրված դերասանին ու ռեժիսորին և հանձնել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչման կրծքանշանը և շնորհագիրը: «Ես մեծ, հաճելի պարտականություն ունեմ, մի բան, որը երևի թե պետք է անեին ինձնից 30-40 տարի առաջ: Կարծում եմ՝ սա մեր ժողովրդի կողմից Ձեր երկար տարիների աշխատանքի ամենաբարձր գնահատականն է: Այս սերը միշտ է եղել, Դուք միշտ եղել եք ժողովրդական արտիստ: Ժողովրդականը հրամանով չի լինում, լինում է ժողովրդի միջից»,-ասել է նախագահ Սարգսյանը:
Շնորհակալություն հայտնելով բարձր կոչման ու պարգևի համար՝ Երվանդ Մանարյանն ասել է, որ այն իր ողջ անցած կյանքի գնահատականն է: «Սա Ձեր ապրած կյանքի գնահատականն է»,-արձագանքել է Հանրապետության նախագահը:
Նախագահ Սարգսյանը պարզ ու մտերմիկ զրույց է ունեցել մեծանուն արտիստի հետ, որին հիշում է դեռ իր մանկության տարիներից, իր ծնողների հետ համատեղ ընկերական և բարեկամական հավաքներից: Արմեն Սարգսյանն ասել է, որ այդ հեռավոր տարիների մասին պատմող լուսանկարները պահպանվում են իր ընտանեկան ալբոմներում: «Լուսանկարներից բացի մնում են նաև հիշողությունները»,- ավելացրել է նախագահ Սարգսյանը և հիշել մանուկ հասակում Երվանդ Մանարյանի հետ կապված հետաքրքիր դեպքեր:
Սիրված արտիստն ու նախագահ Սարգսյանը ջերմ և անկեղծ մթնոլորտում զրուցել են արվեստի, մշակույթի մասին, կիսվել իրենց տպավորություններով ու հիշողություններով:
ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչություն