կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-22 18:00
Հասարակություն

2012-ին ՀՀ-ում արձանագրվել է տուբերկուլոզով 1125 առաջնակի հիվանդ

2012-ին ՀՀ-ում արձանագրվել է տուբերկուլոզով 1125 առաջնակի հիվանդ

1882 թվականի մարտի 24-ին գերմանացի մանրէաբան Ռոբերտ Կոխը հայտարարեց տուբերկուլոզի հարուցիչի հայտնաբերման մասին։ Դրանից 111 տարի անց` 1993 թվականից ի վեր մարտի 24-ը ողջ աշխարհում նշվում է որպես Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օր:

 

ՀՀ առողջապահության նախարարության «Տուբերկուլոզի դեմ պայքարի 2007-2015 թվականների ազգային ծրագրի» շրջանակներում իրականացված միջոցառումների արդյունքում վերջին տարիներին Հայաստանում արձանագրվել է տուբերկուլոզի համաճարակաբանական իրավիճակի բարելավում: Տարեցտարի նվազող հիվանդացության ցուցանիշը 2012-ին կազմել է 37,1, իսկ մահացության ցուցանիշը` 2 (100 000 բնակչի հաշվարկով):

 

2012 թվականին ՀՀ-ում արձանագրվել է 1125 առաջնակի հիվանդ (2011-ին` 1247): Կյանքում առաջին անգամ ախտորոշվածներից 3.6%-ը կազմում են 0-14 տարեկան երեխաները, 12.9%-ը` 15-24, 22%-ը` 25-34, 16.3%-ը` 35-44, 18.6%-ը` 45-54, 15.9-ը` 55-64 տարեկանները, 10.7%-ը` 65-ից բարձր տարիք ունեցողները: Ընդ որում, աշխատունակ 15-54 տարիքային խմբերին բաժին է ընկնում դեպքերի 69.2%-ը:

 

Տղամարդկանց շրջանում հիվանդացության ցուցանիշը մոտ 3.3 անգամ բարձր է, քան կանանց, և 2012 թվականին կազմել է 58.2 (2011թվականին` 57.6), իսկ կանանց շրջանում` 17.8 (2011 թվականին` 19.9): Առաջնակի դեպքերից շուրջ 18%-ը հիվանդացել են արտերկրում:

 

Ազատազրկման վայրերում 2012 թվականի ընթացքում արձանագրվել է տուբերկուլոզի 24 դեպք, որից 9-ը առաջնակի թոքային, որից 22.2%-ը` մանրէազատող: 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ դեղորայքակայուն տուբերկուլոզով 275 հիվանդ գտնվում է բուժման մեջ:

 

Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրվա այս տարվա կարգախոսն է. «Կանգնեցնենք տուբերկուլոզը մեր կյանքի ընթացքում», որն արտահայտում է տուբերկուլոզից ազատ աշխարհ և տուբերկուլոզից զրո մահվան դեպք ունենալու գաղափարը: