կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-13 15:24
Առանց Կատեգորիա

Կորոնավիրուսի վարակման եւս 2 դեպք է գրանցվել. վարակվածների թիվը հասավ 8-ի. Արսեն Թորոսյան

Եվս երկու հոգու մոտ հաստատվել է կորոնավիրուսի վարակման դեպք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերում հայտարարել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը. հայտնում է Yerkir.am-ը:

Նա, մասնավորապես, նշել է. 

«Հիվանդները մեկուսացված անձանց շրջանակից են, որոնք մեկուսացվել էին վարակված անձի հետ շփում ունենալու պատճառով: Խոսքը Էջմիածնի պացիենտի մասին է: Երկու դրական հաստատված թեստ ունենք: Այսինքն այն անձինք, որ մեկուսացվել էին՝ ունենալով գանգատներ, որոնք տեղափոխվել էին ինֆեկցիոն հիվանդանոց եւ նրանցից երկուսի մոտ կորոնավիրուսը դրական է ցույց տվել: Այս պահին իրենք իրենց լավ են զգում, հատուկ գանգատներ չունեն: Սա դարձել է մի ախտանիշ, երբ ջերմությունը բարձրանում է, հետո որոշ ժամանակ հետո նորից իջնում է: Նրանց ընտանիքներն արդեն մեկուսացված են: Նաեւ պարզվում է, թե արդյոք մեկուսացման կարիք ունեցող այլ անձինք կան, թե ոչ: Հետեւաբար կարող ենք ասել, որ այս պահին ունենք 8 հաստատված դեպք, որոնցից 5-ը նույն խմբից են: Դա, իհարկե, վատ է, բայց համաճարակաբանական առումով դա ավելի լավ է, քան 8 անկախ դեպք ունենալը»:

Հիշեցնենք՝  Հայաստանում այս պահին կորոնավիրուսի հաստատված 6 դեպք կա. առաջին պացիենտը, ում մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուս, 29 տարեկան է եւ ժամանել է Իրանից։ Նա իրեն լավ է զգում եւ ոչ մի գանգատ չունի։ Կրկնակի թեստավորումից հետո նրան կարող են դուրս գրել հիվանդանոցից։

Երկու հոգին ՀՀ քաղաքացի են (45 եւ 27 տարեկան), մեկը՝ Իտալիայի (51 տարեկան), ով աշխատում Է Հայաստանում։ Երեքն էլ ժամանել են Իտալիայից: Իտալիայի քաղաքացին եւ ՀՀ քաղաքացիներից մեկը գանգատներ չունեն։ ՀՀ քաղաքացիներից մեկը թոքաբորբ է տանում: Բոլոր երեքը գտնվում են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում։

Երեկ ևս պարզ դարձավ 2 կորոնավիրուսակրի առկայության մասին. «Վերջիններս հաստատված նոր կորոնավիրուսով Էջմիածնի քաղաքացու հետ սերտ շփում ունեցած անձանց շրջանակից են, որոնք երեկ երեկոյան մեկուսացվել էին: Նրանց մոտ դիտվել էր ջերմության բարձրացում, ինչի կապակցությամբ նրանք տեստավորվել են, որի արդյունքում հիվանդությունը նրանց մոտ հաստատվել էր: Այս պահին նրանց ինքնազգացողությունը լավ է, նրանք չեն ջերմում»,- հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: 

Այսպիսով վարակված անձանց թիվը հասավ 8-ի: