կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-02 16:28
Հասարակություն

Հայաստանում գործում է ոչ թե ներառական, այլ ինտեգրված կրթություն. հարկավոր են խորքային և երկարաժամկետ փոփոխություններ

Հայաստանում գործում է ոչ թե ներառական, այլ ինտեգրված կրթություն. հարկավոր են խորքային և երկարաժամկետ փոփոխություններ

Վերջին տարիների ամենաքննարկվող թեմաներից մեկը մեր երկրում հանրակրթության մեջ անցումն է համընդհանուր ներառական կրթության: Ներառական կրթությունը ցանկացած երեխայի իրավունքների պաշտպանության կարևոր բաղադրիչներից է: Այն բացառում է ամեն տեսակ խտրականություն երեխաների նկատմամբ և սովորելու հնարավորություն է տալիս հանրակրթական դպրոցում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց: Ներառական կրթությունը մշակվում է ավելի ճկուն մոտեցմամբ, որպեսզի բավարարի տարբեր կրթական պահանջներ ունեցող երեխաներին, և նրանք նույնպես դպրոցում սովորելու հավասար իրավունքներ ու հնարավորություններ ունենան։ Հայաստանը համընդհանուր ներառական կրթությունը հռչակել է որպես յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի ապահովման երաշխիք: Մշակվել են համապատասխան օրենսդրություն ու գործողությունների ծրագիր, ըստ որոնց` մինչև 2025թ. հանրակրթության ոլորտում համընդհանուր ներառական կրթության համակարգը կլինի ներդրված: Սակայն անցնող տարիներին ոչ միայն գոհացուցիչ չեն եղել ծրագրի իրագործմանն ուղղված ջանքերը, այլև մեծ հաշվով չեն փոխվել հասարակական տրամադրություններն ու մոտեցումները ծրագրի համապարտադիրության մասին:

Կան մարդիկ ու կրթության ոլորտի մասնագետներ, որոնք կարծում են, որ համընդհանուր ներառական կրթությունն արդյունավետ կարող է լինել և արդարացնել իրեն, եթե նախ և առաջ լուծվեն այն խնդիրները, որոնք առնչվում են այդ հարցին` դպրոցների շենքային պայմանների բարելավում, կրթության համապատասխան չափորոշիչների մշակում, գնահատման նոր ու ճկուն համակարգի ներդրում և այլն:

Գլխավոր հարցերից է նաև  համապատասխան մասնագիտացում ու հմտություն ունեցող մանկավարժական  կադրերի ապահովման խնդիրը: Ավելին` բոլոր մանկավարժները չէ, որ համաձայն են համապարտադիր ներառական կրթության ներդրման ծրագրի հետ: Շատերը կարծում են, որ այսօր այս պայմաններով ներառական կրթության իրականացումը լուծում է հիմնականում մեկ խնդիր՝ կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաների սոցիալականացման, բայց ոչ` կրթություն ստանալու: Տարբեր մոտեցումներ ունեն նաև ծնողները, բժիշկները և կրթության ոլորտի մեջ ներառված այլ մասնագետներ: Սակայն մի բան պարզ է` բոլոր երեխաներն ունեն կրթության և հասարակության մեջ լիարժեք ինտեգրվելու իրավունք, բայց թե այդ ամենն ինչպես պետք է անել, որ նույն երեխաները հանկարծ չտուժեն և իրապես կարողանան կրթություն ստանալ, շարունակում է մնալ հարցերի հարցը: 

Դեռևս 2000թ.-ին «Հույսի կամուրջ» ՀԿ-ն ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ սկսեց ներառական կրթության առաջին փորձը մեկ դպրոցում: Այնուհետև 2002թ.-ին փորձը ներդրեց մայրաքաղաքի ևս 5 հանրակրթական դպրոցներում: Այդ փորձը շրջադարձային եղավ ու հիմք դարձավ ներառական կրթության քաղաքականություն մշակելու համար, որի արդյունքում այսօր արդեն ՀՀ հանրակրթական համակարգը անցում է կատարում համընդհանուր ներառական կրթության:

ՀՀ Ազգային ժողովը 2014 թվականի դեկտեմբերի 1-ին ընդունել է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը (ՀՕ-200-Ն), որով նախատեսվում է հանրակրթության համակարգում անցում կատարել համընդհանուր ներառական կրթության: Համաձայն օրենքի՝ մինչև 2025 թվականի օգոստոսի 1-ը հանրապետությունում կներդրվի համընդհանուր ներառական կրթության համակարգը

2012թ. ՀՀ կրթության և գիտության նախարարը հայտարարել էր, որ այլևս գոյություն չեն ունենալու ներառական կրթություն իրականացնող և չիրականացնող դպրոցներ: Այսինքն` Հայաստանում գործող բոլոր հանրակրթական դպրոցները մինչև 2025թ. պետք է դառնան ներառական, հասանելի և մատչելի լինեն բոլոր երեխաների համար։ Սակայն ներառական դպրոցների աճի դինամիկան ցույց է տալիս, որ գործընթացը շատ դանդաղ է առաջ ընթանում: Տարեկան միջինը 16 դպրոցում է անցում կատարվում ներառական կրթության, բացառությամբ 2015 և 2016 թթ., երբ ներառական կրթություն սկսեցին իրականացնել, համապատասխանաբար, 43 և 72 դպրոցներ: Սակայն այս ամենն ունի իր պատճառները. Դրանցից մեկն էլ այն է, որ ԿԱՊԿՈՒ անձանց կրթության մասին օրենքը բավականին անորոշ ձևակերպում է տալիս ՆԴ-երի ֆիզիկական համարեցվածության չափանիշներին: Գաղտնիք չէ, որ դպրոցների տիպային շենքերի մեծ մասը չունի այն անհրաժեշտ ենթակառուցվածքները, որոնք հարմարեցված են հենաշարժական խնդիրներ ունեցող երեխաների կարիքներին: Առանձնահատուկ դասասենյակային հարմարեցվածությամբ ևս որևէ դպրոց աչքի չի ընկնում: Սա բավականին ծախսատար խնդիր է, որն այսօր որևէ դպրոց սեփական միջոցներով չի կարող ապահովել: Դասընթացները կազմակերպվում են բոլորի համար նախատեսված դասասենյակներում:

Ըստ Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնի կողմից կատարված ուսումնասիրության` Հայաստանում գործում է ոչ թե ներառական, այլ ինտեգրված կրթություն: Այսինքն` ԿԱՊԿՈՒ երեխան ինտեգրվում է դպրոց, կրթություն է ստանում բոլորի հետ, սակայն նրա նկատմամբ կիրառվում է տարբերակված մոտեցում: Ուսուցիչները բավարար ժամանակ չեն տրամադրում երեխայի հետ աշխատանքին: Թույլ է ծնողների հետ համագործակցությունը:

Ներառական կրթություն իրականացնող դպրոցներում բացակայում են ոչ միայն տարրական պայմանները հաշմանդամություն ունեցող երեխաների համար, այլև կա համապատասխան մասնագետ-ուսուցիչների կարիք: Նախ և առաջ, գոյություն չունի ընդհանուր մոտեցում բազմամասնագիտական թիմի պարտադիր կազմի և անդամների գործառույթների վերաբերյալ: ՀՀ կրթության պետական ծրագիրը սահմանում է, որ թիմում պետք է ներգրավված լինեն երեխայի կրթության համար շահագրգիռ տարբեր մասնագետներ (ընդհանուր կրթության մանկավարժ, հատուկ կրթության մանկավարժ հոգեբան, լոգոպեդ) և թիմի համակարգողը: Մասնագետի աշխատանքի նկարագրությունը կամ առնվազն պարտականությունների սահմանը չի նկարագրվում: Նման կարգավորումների բացակայության արդյունքում, թե՛ բազմամասնագիտական թիմի կազմը, թե՛ պարտավորությունների ընկալումը տարբերվում է ոչ միայն մարզից մարզ, այլև դպրոցից՝ դպրոց: Իրականում, դպրոցների մի մասում կան սոցիալական մանկավարժներ, հոգեբաններ և այլ գործառութներ իրականացնողներ, որոնք վերաորակվել են որպես ուսուցչի օգնականներ: Շատ դեպքերում օգնականները երբեմն կատարում են այն աշխատանքը, ինչ սոցիալական աշխատողը կամ հոգեբանը, սակայն դրա համար չունեն համապատասխան մասնագիտական որակավորում: Կարևորագույն խնդիր է նաև երեխայի ունակություններին համապատասխան կրթական չափորոշիչի մշակումն ու կիրառումը.

Այսպիսով` պետական մակարդակով ներառական կրթության համար պետք են խորքային և երկարաժամկետ փոփոխություններ, դրանց իրականացմանն ուղղված աջակից կառույցներ և ռեսուրսներ, ինչպես օրինակ՝ ուսուցիչների, վարչական անձնակազմի, աշակերտների և ծնողների հատուկ կենտրոններ:

Ներառական կրթության խնդիրներից մեկն էլ հանրակրթությունում այն է, որ հասարակության մի հատվածը կարծրատիպային վերաբերմունք է դրսևորում ԿԱՊԿՈՒ երեխաների հանդեպ: Ենթակառուցվածքի բացակայության, մանկավարժական անձնակազմին չվստահելու, կրթական համապատասխան չափորոշիչների բացակայության ու հասարակության կարծրատիպային մոտեցման պատճառով ծնողների մի մասը ձգտում է երեխային թաքցնել շրջապատից, չուղարկել դպրոցական կրթության:

Արթուր ՄԿՐՏՉՅԱՆ