Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրելու հարցի քննարկման ժամանակ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Քոչարյանից հետաքրքրվեց` ի՞նչ կարծիք ունի այն մոտեցման մասին, որ ԱԱԾ-ն և ոստիկանությունը պետք է նախարարությունների կարգավիճակով ներառվեն կառավարության կառուցվածքի մեջ և վերադառնան խորհրդարանական վերահսկողության տակ:
Մարուքյանը հիշեցրեց, որ 2006 թվականին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էր կառավարության կառուցվածքից հանել այս կառույցները, որ խորհրդարանական վերահսկողությունից դուրս լինեն և անմիջապես ենթարկվեն մեկ մարդու:
Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, որ Ռոբերտ Քոչարյանը դա արել էր կոնկրետ նպատակի համար` հոկտեմբերի 27-ից հետո: «Ռոբերտ Քոչարյանն այդ ժամանակ, խախտելով Սահմանադրությունը, հեռացրեց նաև Վաղարշակ Հարությունյանին: Այնպես որ` Ռոբերտ Քոչարյանի` որպես Սահմանադրության խախտման մասնագետի քննարկման խնդիր չկա: Բայց Դուք հիմա առաջարկում եք Սահմանադրության փոփոխություններ, որպեսզի Ձեր ասած կառույցները դառնան նախարարություն: Կարծում եմ` գուցե կա այդ անհրաժեշտությունը, որ ոստիկանության և ԱԱԾ կարգավիճակը բարձրացվի, որ լինեն նախարարությունների կարգավիճակով և լինել ավելի վերահսկելի»,- ասաց նա:
Մարուքյանն էլ հակադարձեց, որ սուպերվարչապետական համակարգը մեծ հաշվով ստեղծվել է այլ օրենքներով, ոչ թե Սահմանադրությամբ: «Հետևաբար` այսօրվա Սահմանադրությունը թույլ է տալիս այս մարմիններին` վերադարձնել կառավարության կառուցվածք «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքով: Դա կառավարության մենաշնորհն է, և կառավարությունը միայն այն կարող է նախաձեռնել և բերել խորհրդարան, բայց մենք կարող ենք առաջարկներ ներկայացնել: Այսինքն` այս օրենքի փոփոխությամբ կարող է վերադարձվել այն տեսքին, որը եղել է մինչև Ռոբերտ Քոչարյանի փոփոխելը»,- նշեց նա:
Անդրանիկ Քոչարյանն էլ ասաց, որ դա ժամանակ է պահանջում և ճիշտ հաշվարկված քայլեր: