կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-23 10:58
Քաղաքական

Փոխադարձ մեղադրանքներ ԸՕ-ն չընդունելու կապակցությամբ. խմբակցությունները չեն հանդարտվում

Փոխադարձ մեղադրանքներ ԸՕ-ն չընդունելու կապակցությամբ. խմբակցությունները չեն հանդարտվում

Այսօր գումարվել է ԱԺ հերթական նիստը` բոլորովին այլ օրակարգով, սակայն քաղաքական ուժերը դեռ չեն հանդարտվել երեկ Ընտրական օրենսգրքի չընդունման կապակցությամբ: Մինչ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը կներկայացներ հերթական նիստի օրակարգը, նրան դիմեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Նա նշեց, որ իրեն թվում էր` երեկվա տեղի ունեցած ավանտյուրա- իրադարձությունից հետո ԱԺ-ն պետք է իր բոլոր հնրավորություններն օգտագործեր, որպեսզի փորձեր, հասարակության առջև մեղքը քավելով, ՀՀԿ-ին բերել ու արագ, ինտենսիվ կերպով նոր ԸՕ-ն անցկացնել:

«Այն, ինչ երեկ տեղի ունեցավ, հնարավորություն էր ՀՀԿ-ի համար փոքրաթիվ խմբով մասնակցելու արտահերթ ընտրություններին հին ընտրակարգով` բերելով բոլոր փողային պարկեր բացող տղերքին, տեղերում ապահովելով ռեյտինգային ընտրակարգով ձայներ ու նորից` ՀՀԿ-ի համար զգալի թվով պատգամավոր ԱԺ-ում: Սրա դեմը պետք է առնել»,- ասաց պատգամավորը:

ԱԺ նախագահն էլ նշեց` եթե իրականությունն են ուզում լսել, ինքը կասի այդ իրականությունը: «Կցանկանայի ազգաբնակչությունը գնահատեր, թե ավանտյուրան որտեղ է: Ես` որպես ԱԺ նախագահ, տվեցի հնարավորություն, որ բոլոր մարդիկ ու խմբակցությունները, որոնք աջակցում էին այս Ընտրական օրենսգրքին ու արտահերթ ընտրություներին, գային դահլիճ: Ունենալով 69 մարդ, որոնք աջակցության հաձայնություն էին տվել, կողմ քվեարկեցին միայն 57-ը, այն էլ` իմ տված ժամանակի հաշվին: Ուզում եմ շեշտել` ազնիվ եղավ միայն մեկ խմբակցություն (նկատի ունի ՀՀԿ-ն-խմբ.). հայտարարեց, որ համաձայն չէ ու մինչև վերջ հավատարիմ մնաց իր սկզբունքին»,- ասաց Բաբլոյանը:

ԱԺ նախագահը նշեց, որ ազնվության առումով 69 մարդ հայտարարել էր, որ կաջակցի: «Բարի լինեիք, գայիք, մասնակցեինք 69 պատգամավորով ու պատշաճ անցկացնեիք»,- ասաց նա:

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, իր ելույթում դիմելով ԱԺ նախագահին, ասաց. «Պարո'ն Բաբլոյան, չեմ կարծում, որ վրդովվելու կարիք կա: Այսօր «Ծառուկյան» դաշինքը և «Ելք»-ը նախաձեռնել են ստորագրահավաք երկուշաբթի օրը արտահերթ նիստ հրավիրելու համար` նույն հարցով` Ընտրական օրենսգրքի բարեփոխումներ»,- ասաց նա:

Զոհրաբյանը հորդորեց Հանրապետական կուսակցությանը գործընկերներին, որոնք երեկ ամբիոնից հնչեցնում էին, որ նոր օրենսգիրքն ավելի արդար և շատ ավելի գրագետ ընթացակարգեր է սահմանում, չբոյկոտել, չտանել սադրանքի, մասնակցել ԸՕ քննարկմանը: «Վստահ եղեք` բոլոր այն պատգամավորները, որոնք համաձայնություն տվել են նոր ԸՕ-ին, անպայմանորեն լինելու են ու քվեարկելու են»,- ասաց նա:

Ելույթ ունեցավ նաև «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: «Այնքան, ինչքան ես եմ պայքարել Հանրապետականի մենիշխանության դեմ այս դահլիճում, երևի դա ավելի լավ կհիշեն ՔՊ գործընկերները: Ինձ համար զարմանալի է, որ ՔՊ մեր հարգարժան գործընկերները, վարչապետի գլխավորությամբ, երեկ հայտարարում են, թե ԱԺ-ն պետք է որոշի, որ ԸՕ-ով գնա, իրենց համար միևնույն է: Բևեռեք ձեր ուշադրությունը նրա վրա, որ պետք է անցողիկ հնարավորություններ ստեղծել երկրում  բոլորի համար հավասարապես, ոչ միայն ՔՊ-ի համար: Սա նշանակում է, որ Հանրապետականի պատգամավորներն էին, որ դարձել էին հայ հեղափոխական հրեշտակներ և գնում էին իշխանության դռների առջև երդումներ տալիս, դառնում հեղափոխության նվիրյալներ ու հնարավորություն ստեղծում, որ թե' ձեր, թե' մեր թիկունքի հետևից ռեյտինգայինով ճողոպրեն խորհրդարան»,- ասաց նա:

ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննսիյանն էլ նշեց, որ ցանկանում էր մի քանի հստակեցում կատարել  ՀՀԿ-ի  երեկվա դիրքորոշման և, ընդհանրապես, ԸՕ փոփոխությունների վերաբերյալ քաղաքական ուժերի դիրքորոշման, ուժերի կայունության հետ կապված:

«Կայունությունը քաղաքականության մեջ կարևոր չափանիշ է, մանավանդ` բանավոր խոսքը, բայց իմ գործընկեր Տիգրան Ուրիխանյանն այնքան սպառիչ էր իր ձևակերպումների մեջ, որ ինձ թվում է` ՔՊ կուսակցության ներկայացուցիչներն իրենց դիրքորոշումը պետք է ասեն: Չափազանց համապարփակ ներկայացրեցիք, իրականում այն ամենն ինչ պետք է ասվեր այս իրադարձության մասին»,- ասաց նա:

«Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանն էլ հայտարարեց. «Պարո'ն Ուրիխանյան, այդ մենք ենք բերել այս օրինագիծը, մենք խնդիր ենք ունեցել քաղաքական դաշտն ընդլայնելու, եթե նկատեցիք` «Ելք»-ի բոլոր պատգամավորները ներկա են եղել, գրանցվել են ու կողմ քվեարկել: Դուք այլ խմբակցությունների, այդ թվում` ձեր պատգամավորների մասին խոսեք»: