Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի նախագահ Գևորգ Գրիգորյանի դեմ դատական գործ է հարուցվել: Այսօր նա լրագրողներին հայտնեց, որ փաստաբան Մարինե Թովմասյանը հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ նշել է, թե, ճիշտ է, ծննդկան Մերի Մարգարյանի մահվան դատաբժշկական փորձաքննության պատասխանները չեն եկել, բայց, իր կարծիքով, ոչ պատշաճ բուժում է իրականացվել: Գրիգորյանն էլ, իր հերթին, զրպարտանք է համարել փաստաբանի հայտարարությունը, քանի որ այն, ըստ նրա, իրավական հիմք չի ունեցել: Եվ փաստաբանն իրեն զրպարտելու մեղադրանքով դիմել է դատարան:
«Նման դեպքերից ոչ ոք ապահովագրված չէ, և շատ են լինում դեպքեր, երբ դեռ դատաբժշկական փորձաքննության պատասխանը չկա, բայց մարդիկ արդեն անմեղ ու մեղավոր կողմեր են մատնացույց անում` մոռանալով անմեղության կանխավարկածի մասին»,- ասաց Գրիգորյանը:
Ըստ նրա` վերջին տարիներին նկատվել է միտում, երբ զրպարտում են բժիշկներին, իսկ հասարակության շրջանում շարունակում է արդիական մնալ «ինքնադատաստանը», երբ տուժող կողմի սուբյեկտիվ կարծիքը դառնում է դրոշակ շատերի համար:
Գրիգորյանի հավաստմամբ` օրենսդրական մի շարք բացեր կան` բժիշկների իրավունքները պաշտպանելու հետ կապված, առաջին հերթին` չկա հստակ ձևակերպում, թե ինչ ասել է բժշկական սխալ: «Բացի այդ` պետք է իրարից տարբերել բժշկական սխալն ու անփութությունը, և անփութության ժամանակ, այո, պետք է բժիշկը պատժվի, իսկ բժշկական սխալի պատճառով դատական գործ բացելն իսկ սխալ է»,- կարծիք հայտնեց նա:
Գրիգորյանը նշեց նաև, որ լինում են դեպքեր, երբ մարդիկ բժշկի են դիմում ծայրահեղ ծանր վիճակում, իսկ հետո բժիշկներին, շտապօգնության բժշկին ֆիզիկական ներգործության ենթարկում:
Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի նախագահի կարծիքով` մի կողմից պետք է բժիշկների հանդեպ անվստահություն չներշնչել, մյուս կողմից` եղած դատական գործերը պետք է լինեն ավելի բաց ու թափանցիկ, որպեսզի հասարակությունը հասկանա` որ դեպքում ով է մեղավոր: