կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-08 17:55
Հասարակություն

Ինչու է մահացել 7 օրական երեխան. փոխադարձ մեղադրանքներ

Ինչու է մահացել 7 օրական երեխան. փոխադարձ մեղադրանքներ

Փետրվարի 6-ի լույս 7-ի գիշերը «Մուրացան» հիվանդանոցային համալիրում 7 օրական նորածին է մահացել:

30-ամյա Սիմա Եփրեմյանն Արարատի մարզի Այգեստան համայնքից է, նա հունվարի 29-ին դիմել էր Արտաշատի բժշկական կենտրոն` հերթական բուժզննումն անցնելու ու ծննդաբերության օրն իմանալու համար:

Yerkir.am-ի հետ զրույցում Սիմայի ամուսինը` Մակար Անտոնյանը, նշեց, որ իրենք գնացել են կոնսուլտացիայի, և բժիշկների հավաստմամբ` ամեն ինչ նորմալ է եղել:

«Երեխան էսօր-էգուց պետք է ծնվեր, նրա դիրքը հետույքային էր: Բժիշկները կնոջս իրենց  հսկողության տակ պետք է թողնեին, քանի որ գիտեին պտղի դիրքի մասին: Մեզ տուն ուղարկեցին, հաջորդ օրը գնացինք հիվանդանոց, քանի որ կնոջս ցավերը բռնել էին: Բժիշկները պետք է կեսարյան անեին, ոչ թե սրսկեին, որ ցավեր առաջանան, ու բնականորեն ծնվի երեխան: Իրենց մեղավորությունն է եղել, որ երեխան մահացավ»,- ասաց  Անտոնյանը:

Նա նշեց նաև, որ բողոք է ներկայացնելու, և հենց այս պահին էլ ոստիկանությունում է: «Դատական բժիշկ ենք կանչել, ուզում ենք ամեն ինչ պարզ լինի: Բողոք եմ ներկայացնելու, որ մյուս երեխաներն առողջ ծնվեն, և թյուրիմացություն չլինի մեր բժշկության մեջ»,- ասաց Անտոնյանը:

«Մուրացան» հիվանդանոցային համալիրի գլխավոր բժիշկ Բագրատ Բավեյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հունվարի 31-ին Արտաշատի ծննդատնից կանչ է եղել, և իրենց բրիգադը մեկնել է Արտաշատ:

«Երեխայի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, արհեստական շնչառության սարքին էր միացված: Երեխայի` ծայրահեղ ծանր վիճակը պահպանվել է այս օրերի ընթացքում, նա շնչում էր արհեստական շնչառության սարքի միջոցով: Ցավոք, փետրվարի 6-ի կեսգիշերին` ժամը 3:30-ին, գրանցվել է երեխայի մահը: Երեխայի առողջական վիճակի ծանրությունը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ երեխան ծնված է եղել ասֆիքսիայով /շնչարգելում/` թթվածնային քաղցի ֆոնի վրա արդեն իսկ զարգացած գանգային արյունազեղումներով»,- ասաց Բավեյանը:

Նա նշեց նաև, որ երեխայի մահվան պատճառն էլ հենց թթվածնային քաղցն է: Ինչ վերաբերում է երեխայի ծնողների բողոքներին, ապա ծնողներն իրենց ոչինչ չեն ասել: «Մեզ մոտ նման խոսակցություն չի եղել: Եթե ծնողներն ունենում են դժգոհություն, անմիջապես ինձ էլ դիմում են, քննարկում ենք խնդիրը, բայց, նրանց դեպքի հետ կապված, մեզ մոտ խոսակցություն չի եղել»,- ասաց Բավեյանը:

Արտաշատի մանկաբարձ-գինեկոլոգ Զեմֆիրա Նավասարդյանը նշում է, որ կինը ծննդաբերելուց առաջ այցելել է իրենց մոտ, և կնոջը զննող բժիշկը դիմել է իրեն, որպեսզի ինքը ստուգի նրան:

«Կոնսուլտացիայի բժիշկը ներկայացրել է, որ ես նայեմ կնոջը: Ես զննել եմ նրան. կինը ո՛չ բացում է ունեցել, ո՛չ ցավեր, ո՛չ կծկումներ, ո՛չ էլ ցուցմունք է եղել, որ պառկեցնենք:  Ես նրան ժամանակ եմ տվել, ասել եմ, որ եթե առաջիկա երեք օրը ցավեր չլինեն, և ինքնուրույն չգա ծննդատուն, դրանից հետո թող գա` ծննդալուծենք պլանային կարգով: Նա էլ տուն է գնացել, գիշերը ցավեր է ունեցել, ջրերը գնացել են, առավոտյան նոր եկել է, ծննդալուծել ենք: Բարդ ծնունդ է եղել. կնոջ երրորդ ծննդաբերությունն էր, երեխան` 2,7 կգ քաշով էր»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Նավասարդյանը:

Ինչ վերաբերում է ծնողների պնդմանը, թե կնոջը պետք է կեսարյան հատում անեին, ապա, ըստ Նավասարդյանի, կնոջ մոտ երրորդ ծննդաբերությունն էր, կինն ուներ մեծ կոնքեր, իսկ պտուղը ոչ փարթամ էր: Նման դեպքերում, ըստ բժշկուհու, ո՞վ է կեսարյան հատում անում: «Երրորդ երեխայի դեպքում ո՞վ է կեսարյան հատում անում, իսկ երեխայի դիրքը եղել է ոչ թե հետույքային, այլ տոտիկային: Ի դեպ, կինը կոնսուլտացիայի է եկել, երբ պտուղն արդեն 28-29 շաբաթական է եղել»,- ասաց նա:

Սիմա Եփրեմյանին ծննդալուծող բժիշկը` Կարինե Հովհաննիսյանը, նշեց, որ հունվարի 30-ի առավոտյան, երբ գնացել է հերթապահության, ընդունել է կնոջը` ջրերը գնացած, լրիվ բացումով, տոտիկային առաջադրությամբ, իսկ պորտալարը փաթաթված է եղել տոտիկներին, և երեխան արդեն կնոջ հեշտոցում է եղել:

«Եկել եմ հերթապահության, այդ վիճակում է նա արդեն եղել:  Երեխան տոտիկային դիրքով է եղել, իսկ պորտալարը փաթաթված է եղել տոտիկներին. Նման դիրքում երեխան հպման գոտի չունի, ուստի դժվար է դուրս գալիս: Երեխայի գլուխը դժվար դուրս եկավ: Ծննդաբերությունը գնահատվել է 5-6  բալ` 9 բալանոց սանդղակով, քանի որ երեխայի շնչառությունը կար, բայց թույլ էր, սրտի աշխատանքը նույնպես կար, բայց մենք միացրին արհեստական շնչառության ապարատի: Մտածեցինք, որ մեր պայմաններում դժվար է նման երեխայի բուժումը կազմակերպել, «Մուրացան» հիվանդանոցից բժիշկների կանչեցինք, նրանք էլ երեխային տարան Երևան»,-ասում է Հովհաննիսյանը:

Ըստ նրա` կինն ասել է, որ ամբողջ գիշեր ցավեր է ունեցել, բայց չի եկել հիվանդանոց: Հավանաբար, ըստ Հովհաննիսյանի, կինը մտածել է` երեխան դիրքը կփոխի: «Նա ուշ է դիմել հիվանդանոց, և երբ եկավ հիվանդանոց, ջրերը լրիվ գնացել էին, կեսարյանի համար պատրաստվել էր պետք»,- ասաց նա:

Բժշկուհու հավաստմամբ` երեխային «Մուրացան» տեղափոխելուց օրեր անց իրենք հեռախոսազրույց են ունեցել տեղի բժիշկների հետ, որոնք նշել են, որ կարծես նորմալ է երեխայի վիճակը, բայց, այնուամենայնիվ, չեն թողնում ինքնուրույն շնչառական ակտ կատարի: Բժիշկներն ասել են նաև, որ չեն կարող ասել` ինչ կլինի երեխայի վիճակը:  

«Բժշկին մեղադրելը միշտ էլ հեշտ է, բայց մեզ մեղադրելուց առաջ ինչո՞ւ իրենք իրենց չեն հարցնում` բա երեկոյան որ ցավեր ես ունեցել, ինչո՞ւ չես դիմել բժշկի»,- ասաց Հովհաննիսյանը:

Ի դեպ, նորածինն ամուսինների երրորդ երեխան էր, նրանք 2 դուստր ունեն:  

Yerkir.am-ը կներկայացնի դեպքի հետ կապված զարգացումները:

 

Կարինե Հարությունյան