Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Նոյեմբերի 18-ին ԱՀ ԱԺ մամուլի ծառայության աշխատակից Մարինե Մկրտչյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով ԱՀ մշակույթի նախկին նախարար Նարինե Աղաբալյանի պաշտոնավարման ժամանակ կատարված հնարավոր չարաշահումներին: Գրառումը տարբեր մեկնաբանությունների տեղիք է տվել, դրան արձագանքել է նաև ԱՀ ԿԳՄՍ նախարարության նախկին մամուլի խոսնակ Ծովինար Բարխուդարյանը: Նա կասկածելի է համարել հրապարակված տեղեկությունների հայթայթման աղբյուրը և քաղաքական երանգ տվել վերոնշյալ գրառմանը՝ ավելացնելով «մինչև հիմա նիկոլին ծափ տվողներից ամեն ինչ սպասելի է»:
Հաշվի առնելով, որ «Ապառաժ»-ի հրապարակումներից մեկի հիման վրա ԱՀ դատախազությունը քրեական գործ է հարուցել, ակնկալում ենք, որ դատախազությանը կզբաղվի նաև առերևույթ հանցագործություն պարունակող այս հրապարակումներով: Հիշեցնենք, որ «Ապառաժ»-ի հրապարակումը վերաբերում էր 95,4 մլն դրամով Ստեփանակերտ քաղաքի Թումանյան 111 հասցեում պետության ձեռք բերած և սեփականության իրավունքով ԱՀ քաղաքաշինության նախարարությանը փոխանցված հյուրատանը, Գետավանում 37 մլն դրամով ավտոտեխսպասարկման կայանի գնմանը, «Օգանես ստրոյ» ՍՊԸ-ին 22,94 մլն դրամ ֆինանսական աջակցության տրամադրմանը: ԱՀ գլխավոր դատախազի հանձնարարականով պետական գույքային շահերի պաշտպանության ուղղությամբ ուսումնասիրություն է սկսվել, հարցումներ են ուղարկվել ԱՀ քաղաքաշինության նախարարին, ԱՀ ֆինանսների նախարարին: Իսկ Ստեփանակերտ քաղաքի Թումանյան 111 հասցեում պետության կողմից ձեռք բերված և սեփականության իրավունքով ԱՀ քաղաքաշինության նախարարությանը փոխանցված հյուրատան, Գետավանում 37 մլն դրամով գնված ավտոտեխսպասարկման կայանի վերաբերյալ ստուգումները շարունակվում են:
Ստորև ներկայացնում ենք Մարինե Մկրտչյանի և Ծովինար Բարխուդարյանի գրառումները:
«Այսօր մի փաստից տեղեկացա, մինչև հիմա շոկի մեջ եմ։ Մշակույթի նախարարության միջոցառումներ կազմակերպող միջին օղակի կարմիր մազերով Արուսը իր պարտականությունները կատարելու համար,որն է միջոցառումներ կազմակերպելը,առանձին տողով ամեն մի միջոցառման համար փող էր ստանում։ Հարց`ինչի՞ համար, չէ՞ որ ինքը դրա համար ԱՇԽԱՏԱՎԱՐՁ է ստանում։ Իսկ եթե իմանաք՝ մի ծաղկեփունջը, որը մատուցում էին հյուրերին, քանի հազար դրամով էին դուրս գրում, ձեր գլխի մազերը բունտ կբարձրացնեն։
Ու այսպես տարիներ շարունակ ու քանի֊քանի միջոցառումներ։ Չհաշված սցենարի, վարման համար աստղաբաշխական գումարներ։ Սցենար գրողներն ու միջոցառում վարողներն էլ նախարար Նարինե Աղաբալյանի շատ մոտ մարդիկ, էլ չհաշված ազգուտակը, որ այդ միջոցառումները նկարահանողներն ու ֆոտոներ անողներն են, ինչ տենդեր, ինչ մրցույթ։ Տարիներ շարունակ ինչ ուզել, արել են ու հիմա ներկա նախարարին փնովելու արշավ են սկսել, ում ազնվությանը կասկածելը առնվազն հիմարություն է։
Էլի չէի խոսի, նախկին գործընկեր լինելու հանգամանքը միշտ հետ է պահել, բայց անտանելի է, որ հայրենասիրություն խաղացողները երկիրը ներսից կերել են ու մեր թույլ բանակը, տղաների արյունը սրանց նմանների խղճին է։
Բոլորը պիտի պատասխան տան։ Պետության բյուջեն գրպանի փող դարձրած բոլոր միջին ու բարձր ռանգի չինովնիկները 30 տարվա հնարավորությունը այսպես մսխելու համար բոլորիս առջև պիտի հաշվետվություն տան»,- գրել է Մարինե Մկրտչյանը։
«Դիմում եմ իրավապահ մարմիններին ու հանրապետության՝ վերահսկողական ծառայություն իրականացնող կառույցներին. հարգելի՛ հայրենակիցներ, այդ ի՞նչ լիազորությամբ է երկրի Աժ մամլո քարտուղարը “դոպուսկ” ստացել ԿԳՄՍ նախարարության հաշիվներին, որ նման վստահությամբ արձանագրում է ինչ֊որ “խախտումներ”,”մսխումներ” և այլն։ Եթե տվյալ փաստաթղթերին տվյալ անձը կարող է ծանոթանալ, ապա խնդրում եմ հրապարակել, որպեսզի հանրությունը ևս տեղյակ լինի, թե ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ, ինչի՞ վրա է ծախսվել, ո՞վ է ստացել այդ գումարները և ինչո՞ւ, հրապարակել՝ ինչպե՞ս էր ծախսվում տվյալ ոլորտի բյուջեն նախկինում և հիմա։ Եթե իսկապես չարաշահումներ կան, ապա այդ ինչպե՞ս է, որ տարիներ շարունակ ստուգումներ եք արել և ոչինչ չեք հայտնաբերել։ Իսկ եթե սա միայն չարացած մարդու զրպարտանք է, ապա հերիք չէ՞ հանդուրժեք նման անպատասխանատու պահվածքը, ի վերջո, նաև պոպուլիզմը մեր տունը քանդեց։
Նարինե Աղաբալյանն ամենաթանկն է զոհաբերել հայրենիքին, պատերազմի ժամանակ էլ ո՛չ առաջին պայթյունից է փախչել, ո՛չ էլ համաարցախյան փախուստի ժամանակ, ո՛չ էլ միակ որդուն է կռվից ազատել, էդ դո՞ւք պիտի հայրենասիրության դաս տաք։ Ինչ վերաբերում է աշխատանքի տեղավորած ազգուծուպին, որի մեջ նաև ես եմ. մենք հաստատ ավելի կոմպետենտ էինք մեր գործում, քան տվյալ անձի դուստրը, որին մայրիկը ԱԺ֊ում տեղավորել է որպես լուսանկարիչ։
Դե, էլ չեմ խոսում, որ իրեն լրագրող համարող այսօրվա պետական պաշտոնյա անձը առանց հիմնավորումների բամբասանքներ է տարածում երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող կառույցի նախկին և ներկա ղեկավարների շուրջ։
Զարմանալի չէ. մինչև հիմա նիկոլին ծափ տվողներից ամեն ինչ սպասելի է։
Չէի պատասխանի, մանավանդ, որ այնքան պարապ են, սպասում էլ են “ռազբորկաների”, բայց զրպարտանքներին նաև ժամանակին չպատասխանելն է խելագարին հասցրել իշխանության։
Աստված պահապան նաև մտքով խեղճերին»,- գրառման մեջ նշել է Ծովինար Բարխուդարյանը։