Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նիստում թեժ բանավեճ ընթացավ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ու հանրապետական մի քանի պատգամավորների միջև: Բանը հասավ փոխադարձ վիրավորանքներին:
Զարուհի Փաստանջյանը ներկայացրել էր «Օսմանյան կայսրությունում հույների, ասորիների, եզդիների եւ այլ կրոնական ու ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրականացված ցեղասպան քաղաքականությունը` որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն համարելու եւ դատապարտելու մասին» հայտարարություն» որոշման նախագիծը: Հանրապետական խմբակցությունը որոշել էր այն լրամշակել և լրամշակելուց հետո ներկայացրել էր իր որոշման նախագիծը:
Զարուհի Փոստանջյանը խիստ վրդովված էր այն բանի համար, որ, ըստ նրա, հանձնաժողովի հանրապետական անդամները խախտել են պայմանավորվածությունը, ներկայացրել այլ օրինագիծ, որից հանվել է եզդիներին ցեղասպանության ենթարկվելու մասը: Բացի այդ` Զարուհի Փոստանջյանը մեղադրեց հանրապետականներին գրագողության մեջ:
Հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն առաջարկեց նախ քննարկել ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի լրամշակած տարբերակը, հետո միայն Զարուհի Փոստանջյանի նախագիծը, ինչը զայրացրեց վերջինիս: «Պահանջում եմ առաջինը քննարկման դնել իմ ներկայացրած օրինագիծը, նոր պարոն Շարմազանովի նախագիծը: Դուք չեք արձագանքել իմ առաջարկներին և ստել եք, դուք միշտ ստում եք»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:
«Ստախոսը Դուք եք, մի' վիրավորեք: Մենք արձագանքել ենք Ձեր առաջարկներին և հրավիրել հանձնաժողովի նիստին»,- ասաց Արտակ Զաքարյանը:
«Ներկայացրեք ապացույց, որ ինձ հրավիրել եք: Դուք կրկին ստում եք: Ինչո՞ւ եք օրինագծից հանել եզդիների մասը»,- շարունակեց Զ.Փոստանջյանը:
ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը առաջարկեց, որպեսզի կրքերը շատ չբորբոքվեն, առաջինը քննարկման դնել Զարուհի Փոստանջյանի օրինագիծը: Քվեարկությամբ այդպես էլ որոշվեց:
Զարուհի Փոստանջյանը, ներկայացնելով իր օրինագիծը, նշեց, որ մինչ այժմ ԱԺ-ն չունի Օսմանյան կայսրությունում ցեղասպանված ազգային փոքրամասնությունների՝ հույների, ասրիների, եզդիների ցեղասպանության դատապարտման վերաբերյալ օրինագիծ: Ըստ պատգամավորի` պետք մատնանշել այդ ժողովուրդներին ու նրանց հետ կատարվածը, պետք է դատապարտել կատարվածը: Նա կրկին շեշտեց, որ եղել է պայմանավորվածություն հանձնաժողովի հանրապետական անդամների հետ, որ պետք է լրամշակվի օրինագիծը, սակայն վերջում պարզվել է, որ օրինագծից հանվել է եզդիներին ցեղասպանության ենթարկելու փաստը: «Պայմանավորվածությունը խախտվել է, առանց եզդիների նկատմամբ ցեղասպանությունը դատապարտելու չի կարող լինել լիարժեք դատապարտում»,- ասաց պատգամավորը:
Արտակ Զաքարյանը կրկին պնդեց, որ ոչ ոք չի խախտել պայմանավորվածությունը եւ չի խաբել Զարուհուն: Սակայն Փոստանջյանը պնդեց. «Դուք ստել եք ուղղակի»: