Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հոկտեմբերի 20-ին «Շենգավիթ» ԲԿ-ում նորածին է մահացել: Նորածնի հարազատները երեխայի մահվան մեջ մեղադրում են ծնունդն ընդունող բժշկին: Նրանք դիմել են պատկան մարմիններին:
Քննչական կոմիտեից տեղեկանում ենք, որ ամուսնուց հաղորդում են ստացել, որ կինը ծննդաբերել է, և ծննդաբերության ընթացքում, բժիշկների սխալի պատճառով, երեխան մահացել է: Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով։ Ձեռնարկվում են քննչական գործողություններ նորածնի մահվան պատճառները պարզելու ուղղությամբ: Նշանակվել է նաև դիակի դատաբժշկական փորձաքննություն, հիվանդանոցից առգրավվել է ծննդկանի հղիության քարտը: Նախաքննությունը շարունակվում է:
Yerkir.am-ի հետ զրույցում ծնունդն ընդունող բժիշկը՝ Արաքս Հակոբյանը, նշեց, որ չի ցանկանում որևէ պարզաբանում տրամադրել: «Ես քննչական կոմիտեին կներկայացնեմ պարզաբանում, որից ելնելով էլ՝ դատողություններ կարող եք անել»,- ասաց նա:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով դեպքին, գրել էր, որ այն իր ուշադրության կենտրոնում է: «Հոկտեմբերի 20-ին մահացած երեխայի դեպքի առթիվ հարուցված է քրեական գործ, և մենք մասնագիտական և անկողմնակալ աջակցություն ենք ցուցաբերելու իրավապահ մարմիններին՝ այդ ցավալի դեպքի բոլոր մանրամասները պարզելու հարցում։ Ցավակցում եմ մահացած երեխայի ծնողներին և բոլոր հարազատներին»,- գրել է նա։