Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հանրապետության նախագահը համաներում հայտարարելու առաջարկություն է ներկայացրել Ազգային ժողով: Թեև այն դեռ չի քննարկվել, սակայն քաղաքական ուժերն ու գործիչները (հանրապետական ու հարակից) գովք ու գովասանքն արդեն կապել են: Երբ մեջտեղում գովերգելու այլ բան չկա, համաներումն էլ, անշուշտ, գովասանքի համար պիտանի «ապրանք» է:
Լրատվամիջոցներից մեկին (168.am) տված հարցազրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը սպասվող համաներումը գնահատել է որպես «ավելի հումանիստական, քան նախորդները»: Թե ինչպե՞ս է հարգարժան իրավաբանն ու պատգամավորը որոշել հումանիզմի չափը, վարչապետը կասեր` ի՞նչ գործիքներ է կիրառել, անհայտ է, բայց նաև ակնհայտ է, որ «մեր դարաշրջանի միտքը, պատիվն ու խիղճը» համարվող կուսակցության վերին խավերում սկսել են իրար հետ համեմատել ու չափել այնպիսի անհամեմատելի բաներ, ինչպիսին համաներումների հումանիստական «բաղադրիչներն» են: (Դա զարմանալի է թվում միմիայն հումանիզմը «չափելու», բայց ամենևին ոչ դրանով նախագահի քայլը գովերգելու և նրան ևս մի «պատեհ» առիթով հաճոյանալու` ՀՀԿ-ական պատգամավորի ջանադրության առումով):
Եթե այս համաներումն ավելի հումանիստական է, քան նախորդները, ապա հարց է առաջանում` նախագահն ինչո՞ւ էր խնայում հումանիզմը նախորդ համաներումների պարագայում, նախկինում դեռ լրիվ չէ՞ր բացահայտել իր հումանիստական մղումներն ու հակումները, որոշել էր քայլ առ քա՞յլ խորանալ հումանիզմի դժվարին ճանապարհին:
Գնահատելու համար նոր համաներման ողջ հումանիստական էությունը` Հ. Սահակյանը խորհուրդ է տվել սպասել, մինչև որ Ազգային ժողովում այս դեպքի համար նախագահի ներկայացուցիչ արդարադատության նախարարը ներկայացնի մանրամասները` «հոդվածների ու սկզբունքների» առումով: «Հոդվածների»: Բայց եթե հանրապետական պատգամավորը ծանոթ չէ այդ հոդվածներին, ապա որտեղի՞ց գիտի համաներման «ավելի հումանիստական» բովանդակության մասին: Բացի այդ` «հոդվածներով» հումանիզմ չափող ՀՀԿ-ական պատգամավորի տրամաբանությամբ` նախագահն առավել հումանի՞ստ կլիներ, եթե «հոդվածներն» ընդգրկեին ողջ քրեական օրենսգիրքը, և համաներմամբ բացվեին բոլոր կալանավայրերի դարպասները:
Անշուշտ, հրաշալի է, որ նախագահը վերջապես համաներում հայտարարելու որոշում է կայացրել (վերջապես, որովհետև որոշումն ակնկալվում էր սեպտեմբերի 21-ից առաջ և այդպիսի ժամանակագրությամբ կարող էր առավել տոնական ընկալվել), սակայն պետք չէ համաներման երևույթը նսեմացնել դրա «առավել հումանիստականության» վերաբերյալ շողոմքոր դատողություններով: Համաներումն ինքը հումանիստական ակտ է` առանց չափ ու ձևերի:
Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ